Արյան կանչ-Հովսեփ Նալբանդյան
Հովսեփ Նալբանդյանը հրատարակչական և գրական գործունեություն ծավալում է վաղուց:Հաստատվելով օտար ափերում`նա ձեռնամուխ է եղել հայոց լեզվի պահպանման դժվարին խնդրին,որը Սփյուռքի համար գերակա խնդիր է ներկայումս:
Հովսեփ Նալբանդյանը հալեպահայ է:Կրթություն ստացել է Հալեպի Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան երկրորդական վարժարանում:Հետագայում կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում,1980-ական
թվականները բեղմնավոր էին Հովսեփ Նալբանդյանի կյանքում:Նա մտերիմ շփումներ է հաստատել հայ գրականության ականավոր դեմքերի հետ`մերձենալով հայ մշակույթին ու արվեստին:Ազգային արժեքների ճանաչողությունից է սկսվում Հովսեփ Նալբանդյանի կայացումը հայրենիքում:Հետագայում նա դառնում է այդ արժեքների կրողն ու տարածողը,ասել է,թե փյունիկը բազմասփյուռ հայության մեջ:1989թվականին նա ավարտում է համալսարանը որպես գրականագետ։
Հովսեփ Նալբանդյանը բազմաթիվ տարիներ աշխատել է որպես մանկավարժ:Իր հոգում անթեղված սերն ու գիտելիքները չխնայելով` նա ջանասիրաբար մղվել է մանկավարժական գործի կայացմանը:
1992-93թվականներին եղել է Հալեպի Մեսրոպյան վարժարանի տնօրենը:1994-ին հաստատվել է ԱՄՆ-ում:Մեծարժեք է Նալբանդյանի նվիրումը առ հայրենիք՝ապրելով օտարության մեջ նա կապված է մնացել հայ հողին,սնվել է հայրենի ջրից ու օդից:Ինքնամաքառման դժվարին ուղին մղել է նրան մեծ նվաճումների:
Հովսեփ Նալբանդյանը հրատարակել է բազմաթիվ գրքեր:Դրանցում, հատկապես, հիշարժան է մտավորականի 14-րդ գիրքը՝ «Հայ գիրքը Ամերիկայի մէջ» մատենագիտությունը, 387 էջ (Ամերիկայում տպագրված հայերեն գրքերը 1857-2015 թթ.): 15-րդ գիրքը` «ՍԻՐՈ ՄԱՏՅԱՆ» 651 էջ, 413 հեղինակ, 712 բանաստեղծություն:
Նալբանդյանն առանձնանում է նաև բարեգործական գործունեությամբ: Նրա հովանավորությամբ հրատարակվել է «101 աղոթք հիշատակի»,որը նվիրվել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին և արցախյան պատերազմի նահատակներին:
Հոդվածի հեղինակ՝Հաս Չախալյան
Զրույց անցած կայարանների մասին
Նարինե Ավագյանը բանաստեղծական աշխարհում իր խոսքն ասել է վաղուց`հեղինակելով մի շարք գրքեր:
Նարինե Ավագյանը ծնվել է Գյումրիում, մտավորականի ընտանիքում: Ավարտել է Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան Մանկավարժական համալսարանի <<Օտար լեզուների>> ֆակուլտետի <<Անգլերեն>> բաժինը
գերազանց առաջադիմությամբ: 2000թ-ից ապրում է Երևանում: Բացի մասնագիտական
զբաղվածությունից ( օտար լեզվի ուսուցչուհի
է)՝ հետաքրքրված է փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ:
Առաջին ժողովածուն՝<<Ես՝առանց ինձ>> , լույս է տեսել 2012-ին: Բանաստեղծությունների այս շարքը հիմնականում սիրային բովանդակությամբ է: Նկարազարդ այս գիրքն իր մեջ պարունակում է 81 բանաստեղծություն, որում երևում է հեղինակի սերը կյանքի, բնության և մարդկության հանդեպ: Այն հեղինակային հրատարակչության է։
Բանաստեղծուհու գործերի առանցքում սերն է:Նրա նուրբ,քնարական պատկերները շոշափելիորեն զգայական են:
Սերը կենարար զգացմունք է,որը Նարինե Ավագյանի գործերում փոխակերպվում է բառի:
Հույզերի վարագույրի տակ կինն է`առօրյայի և հոգևորի միակցումով:
Կնոջ նորովի ներկայացումը բացահայտում է բանաստեղծուհու գեղեցիկ աշխարհընկալման շերտերը:
Նարինե Ավագյանի պոեզիայում կինը հանդես է գալիս քնքուշ,զգայուն,բայց դրան զուգահեռ ուրվագծվում են ուժեղ անհատականության կողմերը:
Հատկանշական են բանաստեղծուհու վերջին գրքերը`«Չլրացված տողերի լուսանցքներում» և «Զրույց անցած կայարանների մասին»:
Այնքան սեր եմ
Անջատել իմ հոգուց...
Ասում են՝ ինչ-որ տեղ՝ հեռվում,
Արևն այրել է
Ցորենի ամբողջ մի դաշտ...
***
Գազօջախին բլթբլթացող սուրճն
ինձ վերադարձրեց իրականություն:
դուռը քեզնից անջատող նեղ արահետը
տարավ ննջասենյակ, որտեղ ապրում ենք
ես ու վերնաշապիկդ…այն չեմ լվանում.
քեզաբույր է…
անձրև է և զգում եմ պատուհանի տակ աճող
ծաղկից ինձ փոխանցվող կաթիլների սարսուռը.
տես՝ինչպես է թպրտում երկինքը.
աստղերն են դողում…մերկ են…
իմ ներսում կանգ է առնում ժամանակը…
վերադառնում եմ սենյակ…
շարունակում եմ ապրել
վերնաշապիկիդ մեջ…
Ն. Ավագյան
27.03.16
***
Դու մենասեր գայլի նման
կուչ ես եկել հոգուս շեմին,
ծաղիկ ունես ափերիդ մեջ,
դու եկել ես լուսադեմին...
աչքերիդ մեջ կրակ անսանձ,
մի կիսկրտված համբույր շուրթիդ,
դու եկել ես այնպես հանկարծ,
այտս թույլ տուր հպեմ թաթիդ...
մեկտեղվել են խինդ ու բերկրանք
ափերիդ մեջ ու սպասումիդ,
անշնչացած մեղքի պիսակ
և թաց զղջում՝ գայլաչքերիդ...
մեղմ լուսնավոր կածանն ի վար
սլանում ես՝ լույս կա ձեռքիդ,
դու եկել ես, գրկիր ամուր,
թող գլուխս հանգչի ուսիդ...
դու մենասեր գայլի նման
տուն ես եկել... լուսադեմին...
Ն. Ավագյան
20.03.17
Կողպեք եմ դարձել
Կողպեք եմ դարձել, փակել ինքս ինձ,
Անկապույտ օրվա աչքերին ի տես,
Ու ճաք եմ տալիս, ու չեմ կոտրվում,
Թրծված խեցեղեն հին ամանի պես...
Սիրտ է, ի վերջո, մի օր կճայթի,
Որքան կարող եմ ամբարվել այսպես,
Հեռվից լսվում է ձայնը խաշամի,
Որ թելատվում է մաշվող գորգի պես...
Կծիկ եմ դարձել, փակվել ինքս իմ մեջ,
Ու շղարշվել է լույսն ավետիսի…
Հավերժագիշեր ծխարկումիս մեջ
Ապավինում եմ շառափին հույսի…
2017թ-ին
լույս է տեսել Ն. Ավագյանի բանաստեղծությունների նոր՝<<Չլրացված տողերի լուսանցքներում>> ժողովածուն,որի խմբագիրն է գրականագետ Անի Փաշյանը։
2018թ-ին
Հայաստանի գրողների միության հրատարակչատանը տպագրվել է Ն. Ավագյանի թվով 6-րդ ժողովածուն՝
որը կրում է <<Զրույց անցած կայարանների մասին>> խորագիրը: Գրքի խմբագիրն
ու առաջաբանի հեղինակը ՀԳՄ հրատարակչատան տնօրեն, Թարգմանությունների բաժնի վարիչ,
թարգմանիչ, մշակութաբան և գրող Շանթ Մկրտչյանն է:
«Զրույց անցած կայարանների մասին»գիրքը ամփոփում է Նարինե Ավագյանի անցած գործունեության բանաստեղծական նմուշները:
Իրապես կյանքը կայարան է,ուր մարդ գնտնում է կորցնելով,կորցնում`գտնելով:
Ուր խաչաձևում են սպասումնն ու հրաժեշտը,ժպիտն ու լացը:
Բանաստեղծուհուն հաջողվել է մեկտեղել ամբողջը մի գրքում:
Գրքերի շնորհանդեսը տեղի է ունեցել ջերմ գրական մթնոլորտում:
Բանաստեղծ Վրեժ Սարուխանյանը բարձր է գնահատել Նարինե Ավագյանի պոեզիան:
Ընթերցողները մեծ հրճվանք են ապրել `ներկա լինելով բանաստեղծուհու ստեղծագործական երեկոյին:
Հեղինակ`Հաս Չախալյան
«Քանի ուշ չէ,ասեմ»-Գոհար Եղիազարյան

Թե աշխարհից խռով, խռոված ինձանից՝
Թափառեմ-չգտնեմ հաշտության հույս,
Մայրս քնքշագորով կձայնի ինձ հեռվից,
Սրտիս մեջ կվառի ցոլացող լույս։
Թե փոթորկվի հոգիս օվկիանոսի նման,
Ինձ իմ ներսից հանի, տանի հեռու-հեռու՜ ,
Մորս ջրհոր աչքից արտասուքը վառման
Կկաթկթի թաքուն, լուռ ու առու-առու...
Թե բարկանա Բարձրյալն ու նեղանա ինձնից,
Չլինի փրկություն, խաղաղության հնար,
Մայրս չեչաքարը ծնկների տակ դրած՝
Կմոռանա ցավը, կաղոթի ինձ համար։
Թե խազեր նկարի կյանքը դեմքիս վրա,
Հայելու մեջ նայեմ-նայե՜մ, ինձ չհիշեմ,
Մայրս կհամբուրի, կշոյի ձեռքով խաս,
Մինչև գտնեմ ես ինձ, ինձ նորից ճանաչեմ։
Թե հանգի հավատս, սերը երազ թվա,
Ակնամոմը հոգուս քերծված, ճանկռած լինի,
Մայրս՝ սեր ու սփոփանք, սիրո կանթեղ անմար,
Ինքնայրումի բոցով հավատս կվառի...
Թե անկաշառ մահվան ուրուն բախի դուռս,
Ասի՝ եկել եմ, տե՛ս, որ քեզ ինձ հետ տանեմ,
Մայրս ոտքի կելնի, թևը կընկնի նրա,
Մա՛յրս կանէանա, որ ես երկա՜ր ապրեմ...
14.10.2018
Գ. Եղիազարյան
ՈՐԴՈՒՍ
Մի հանճարեղ մի օր բարբառել էր ցավից՝
Տվեք ինձ հենման կետ՝ աշխարհը շուռ կտամ...
Ես՝ կին-կողեղենս՝ հունցված սիրո կավից,
Ուզում էի գրկել երկինքն անեզրության...
Եվ հատ-հատ գուրգուրել բոլոր ասուպներին
Ու քարկտիկ խաղալ հեռու աստղերով վառ,
Ոտնահետքս թողնել ամպերի գեղմերին,
Բայց հանկարծ դու՝ իբրև Տիրոջ ընծա, եկար...
Եվ երբ իմ տաք գրկում մեղմանուշ ժպտացիր,
Մարմինդ կաթնաբույր, ու սեր աչքերիդ մեջ,
Դու՝ անհայտ գիսավոր, դու՝ աստղոտ Կաթնծիր,
Դու՝ մոլորակ փոքրիկ, հուրհեր արև անշեջ։
Էլ ինձ ոչինչ-ոչի՜նչ հարկավոր չէր, ՈՐԴԻ՜Ս,
Ես իմ ափերի մեջ տիեզերքն էի գրկել,
Ես լուռ հպվել էի փոքրիկ-փոքրի՜կ սրտիդ,
Որ և՛ կետ էր հենման, և՛անափ երկինք էր...
Այսօր... օրորերգ կա իմ շուրթերին կրկին,
Ու փարվել ենք իրար է՜ն օրերի նման,
Ես քո թևերի մեջ մա՜յր եմ և թույլ մի կին,
Ես՝ սիրավոր թռչուն, ես՝ զորավո՜ ր այնքան...
16.12.2018
Գ. Եղիազարյան

Արմինե Բոյաջյան «Նկարում եմ նապաստակ (location- ծառի տակ)»վիպակի շնորհանդես

Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ գրող Արմինե Բոյաջյանի <<Նկարում եմ նապաստակ (location- ծառի տակ)>>վիպակի շնորհանդեսը,որը անցավ անկեղծ և ջերմ մթնոլորտում։Գրողի երջանկությունը կիսելու էին եկել բազմաթիվ ընթերցողներ,ովքեր հիացած էին և տպավորված։Արմինե Բոյաջյանը կարողացել էր իր շուրջը համախմբել մարդկանց՝ ստեղծելով հանդարտ միջավայր,ուր բաբախում էր գրականության զարկերակը։Գրողի կյանքում հոկտեմբերի 27-ը անշրջելի հետք է թողել,այդ օրը նա կորցրել է իր հայրիկին և վարպետին։ Սակայն նույն օրը շնորհանդեսի անցակուցմով նա հավերժացրեց նրանց հիշատակը։
Ուզո՞ւմ եք անցնել Արմինե Բոյաջյանի կողքով, մտե՛ք նրա սիրտը` բացելով այն գիրքը, որի ծալքերում սերն է: Հետադարձ հայացքի շրջելիությամբ զարգանում է նրա պատումն, ուր, սակայն, պոռթկացող հույզերի, թափառող որոնումների և կարոտի հուշաթերթերով երիցուկների ամբողջացում է կյանքը:
Հեղինակը կարողացել է պատկերի ակնթարթային և շարժուն խաղ ստանալ` պատմողի դերից անցում կատարելով հոգեվիճակ ստեղծողի, ում աշխարհընկալման պատուհանները փոշոտ չեն և բաց են ընթերցողի առաջ: Հիշողության խորդանոցը քրքրելով` հեղինակը գտնում է ինքն իրեն, տալիս ձևակերպումներ, որոնք արձակ տողից վերաճում են չափածոյի: Տեղ-տեղ բառերի փոխարեն գրողը խոսում է լռությամբ:Ներքին սյուժեն զարգանում է գրողի բջիջներում, արտաքինը` մնում ցավազրկող տողատակերի մեջ: Գրողի ներկայացրած անցյալը ժայթքում է ներկա, և հոգեապրումներն հասնում են սպասումների փշալարին, ալիքվում կարոտի արցունքներով: Մի կողմում երկինքն է, մյուսում` հողը: Գրողի հայրն ու վարպետը ժպտում են տողերի տարածությունից ներս: Երկուսն էլ եկել են և գնացել, մեկն ստեղծել է Բոյաջյանի աշխարհը, մյուսը` վերափոխել այն:
Հոդվածի հեղինակ՝ Հաս Չախալյան
Եվ Հուսիկն ասաց

Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» բանաստեղծությունների ժողովածուն:
Հիշեցնեմ`ժողովածուն արժանացել է Գրքի երևանյան փառատոնի 2-րդ մրցանակին Պոեզիա անվանակարգում:
Շնորհանդեսը տեղի ունեցավ գեղեցիկ մթնոլորտում,ներկա էին գրողի ընթերցողներն ու ընկերները:
Հուսիկ Արան ժամանակակից հայ գրականության սիրերգակներից է:
Նա գրական ճանապարհ է անցել դեռ վաղուց:
Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985 թվականին «Ավանգարդ» թերթում:
Գրողը իր շունչը պահում է ժամանակի զարկերակին`ներկայացնելով իրականությունը քնարական դիտակետից:
Նրա տողերը ապրեցնում են և ապրում,
սիրում են և սիրվում:
Հուսիկի բանաստեղծական աշխարհի արմատները ծնունդ են առնում Աստվածաշնչից:
Բանաստեղծը հոգևոր արժեքներ ստեղծողից բացի, տարածող է նաև,որովհետև իր ընթերցողների հետ հյուսել է երանելի կապ։
Հուսիկին այսօր կարդում են,կկարդան վաղը։
Եվ սերը ասաց
Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:
Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սևը` գիշեր,
որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:
Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:
Սերը ուզեց արև լինի`
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի`
քո ժպիտը եղավ,
և աստղերը` հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:
Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
և իշխես բոլորի ու իր վրա:
Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
և եղավ:
Հոդվածի հեղինակ`Չախալյան Հաս
Արմինե Մուրադյան
«Լուսնի ասպետը»
Ես-նկարչուհի Մելինե Մաթևոսյան

Հարցազրույցի և ձևաչափի հեղինակ՝Հաս Չախալյան
Այսօր կբացահայտենք տաղանդավոր նկարչուհի ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,ով ունի մեծ ասելիք իր նկարչական աշխատանքներում:
Նրա կտավները յուրօրինակ են,ուր հույզը միաձույլ է գույնին հոգու ազատությամբ:
Անուշը ունի նուրբ աշխարհ,աննկարագրելի գեղեցիկ գույների խաղ`զուգորդված ազգային մտածողության էլեմենտներով:
Նկարչուհին իր գործերով հասցեագրում է մարդկանց այն,ինչը երբեմն լռելով է խոսում:
1.Ո՞վ է Անուշ Սարգսյանը հայելու հակառակ կողմում:
-Ընդունում եմ ինձ այնպիսին, ինչպիսին,որ կամ (ով ժամանակավոր կյանքում ապրել է ուզում հավերժական արժեքներով և որակներով),բայց չեմ ուզում ընդունել ինձ այսօր նույնը,ինչպես երեկ էի և վաղը նույնը, ինչպես այսօր: Իմ կարծիքով ոչ մի արվեստագետ չպետք է լինի նույնը երեկ,այսօր և վաղը և անցնի իր զարգացման բոլոր փուլերով:
2.Քանի՞ տողից է բաղկացած Ձեր կյանքը:
-Ապրել և նկարել թե այս, թե հաջորդ կյանքում: Քանի որ չեմ կարող նկարել առանց ապրելու և վերապրելու:
3.Ժամանակակից նկարչական արվեստի ո՞ր ուղղությունն է դիմագրավում մարտահրավերներին`
մնալով գերակշիռ դերում:
-Կարծում եմ աբստռակտ ուղղությունը, կամ ռեալիզմը համադրված աբստռակտ ոճի հետ, որի մեջ ներկայումս ավելի շատ նկարիչներ են ներգրավված: Նախընտրում եմ, որ այդ ուղղության մեջ աշխատելիս թեման ունենա ասելիք և բովանդակություն, որն առնչվում է թե շրջապատող աշխարհի իրադարձությունների, թե ներաշխարհի հետ, չնայած աշխատում եմ ստեղծագործել նկարչության բոլոր ժանրերի մեջ՝ դիմանկար,բնանկար,նատյուրմորտ...
4.Գույների և հույզերի խտացումից են ծնվում Ձեր գործերը,թե՞...
-Մտքերի գույների, հույզերի և տպավորությունների խտացումից. նկարում եմ ոչ միայն այն, ինչ տեսնում եմ, զգում եմ ,այլ նաև այն, ինչ ուզում եմ տեսնել...
5.Ո՞ր նկարչի գործերն են Ձեզ հոգեհարազատ...
-Երևի Ռեմբրանդ
6.Ե՞րբ բացահայտեցիք գույների աշխարհը Ձեր մեջ...
-Երբ սկսեցի աշխատել յուղաներկով և հասկանալ ներկի և գույնի լեզուն:
7.Մի փոքր մանրամասնե՛ք `մեկնաբանելով Ձեր կտավների բուն առաքելությունը առ մարդկանց:
-Նկարչությունը սահմանափակ տարածության վրա սահմանափակ գույներից ստացված անսահմանափակ երանգներից համադրված ամբողջությունն է, այն նկարչի ինքնարտահայտումն է:Կտավը իմ հոգու հայելին է, դա իմ ասելիքն է նկարչության լեզվով,այստեղ է նաև իմ ինքնաճանաչողությունը:
8.Երբ թաքնվում եք մենության վարագույրի տակ,ի՞նչ կամ ու՞մ եք փնտրում:
-Իմ մենության մեջ ես մենակ չեմ, քանի որ կարդում եմ Աստծո նամակները (Աստվածաշունչը) հավերժական արժեքների մասին, որն ուղղված է յուրաքանչյուրիս Աստվածճանաչողության և ինքնաճանաչողության համար...
9.Լռել թե՞ խոսել` նկարելով...
-Նկարչությունը խոսուն լռություն է...
10.Պատմե՛ք Ձեր անհատական ցուցահանդեսի մասին:
-Վերջին անգամ իմ անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2017թ.-ի սեպտեմբերի 29-ին Վանաձոր քաղաքի ՛՛Թեյնիկ՛՛ անտիսրճարանում, որտեղ ցուցադրվել են շուրջ 30 գործեր:
Հարցազրույցը`Հաս Չախալյանի
Գիրը ափի մեջ-Մանկագիրներ
Երեխան չգրված գիրք է, ինչ գրես այնտեղ, այդ էլ տարիներ ընթացքում կդառնա նրա հոգեկերտվածքը։ Անկեղ ասած, հիանում եմ մեր մանկագիրների գրերով. մանկան աչքերով ճանապարհ են հարթում դեպի մեծերի աշխարհ, որ լի է սիրով, բարությամբ նաև՝ ցավով, տառապանքով։ Եվ եթե մանուկը՝ դեռ օրոցքից չստանա լավի ու բարու իր չափաբաժինը, նա հետո չի կարող դիմակայել ցավին ու իր շուրջ տեղի ունեցող անարդարությանը։
Ահա այսպես, մեր մանկագիրները՝ ապրելով մեծերի աշխարհում, զգալով կյանքի հարվածները, դիմակայելով անարդարություններին՝ ջանք չեն խնայում՝ ստեղծել զարմանահրաշ մի աշխարհ, ուր միայն լույսն ու բարին են իշխում, դրվատել մաքուր սերը, ազնիվ աշխատանքը, ընկերասիրությունը, նվիրվածությունը, գիտելիքը, երբ իրենց աշխարհում այդ ամենն այլևս արժեքներ էլ չեն, այլ, լոկ սովորական բառեր։ Խոստովանենք, որ նրանք, չափազանց դժվար և պատասխանատու առաջադրանք են իրենց առջև դրել։
Արմինե Դավթյան, ով շատերիս հայտնի է իր հուզառատ, գեղեցիկ գրերով, խորը, իմաստալից պատմվածքներով և անկասկած՝ իր մանկական գոհարներով։ Նա երեխաների հետ խոսում է ծառ ու ծաղիկների լեզվով, շոյում կենդանիների թաթիկներով, արևի շողերով ջերմացնում նրանց քնքուշ սրտիկները, առվակի պես կարկաչում, ծիածանվում նրանց տաք ժպիտներից, տաք ու ջերմ անձրև տեղում և փոքրիկների հոգին լցնում բազմազան գույներով, նրանց համար մի հեքիաթային աշխարհ նկարում և երեխաների ձեռքը բռնած՝ անցնում դաշտերով, սարերով, առվակներով՝ ճանապարհին իրենց հետ վերցնելով ամենահավատարիմ ընկեր-կենդանիներին, և ձեռք ձեռքի տված՝ պարում աշնանային աձրևի տաք կաթիլների հնչյունների ներքո։ Հավատացե՛ք՝ այս գրերով սնվող մանկան ներաշխարհը լցված է լինելու ամենանվիրական սիրուվ ու զգացմունքներով։
*
Մանկան աչուկներ
Որքա~ն անմեղ եք
Որքա~ն պայծառ եք
Արևի պես ջերմ:
Տեսնե°ս դուք ինչ եք
Տեսնում այս պահին,
Ի°նչ պատկերներ են`
Գալիս ձեր մտքին:
Մանկան աչուկներ`
Դուք արևներ եք,
Բարություն սփռող
Գերող սրտեր եք:
Ամենամաքուր ու անապական ծովը որ կա, դա մանկան աչքերն է, որ նույնքան խորն է, նույնքան խորհրդավոր։
Ահա, թե մանկագիրը ինչպիսի հուզառատ, գեղեցիկ զրույց է ծավալել փոքրիկ տղայի և մի օրվա կյանք ունեցող քնքուշ թիթեռնիկի միջև։
*
-Ա՜յ սիրուն տղա,-ասաց թիթեռն ինձ,-
-Նրբիկ եմ ես շատ, հանգիստ թող դու ինձ,
Ո՜նց պտտվում եմ, ես քեզ եմ տեսնում,
Նայի՛ր, թեփուկս է ո~նց է արտասվում։
Ա՜խր հասկացի՛ր երկար կյանք չունեմ,
Թող որ այսօրն էլ երջանիկ լինեմ։
Իմ մահը մոտ է՝ գուցե հենց հիմա,
Շատ եմ քեզ խնդրում ինձ մի՛ մոտենա։
Բայց փոքրիկն ամենևին էլ չէր ուզում նրան նեղացնել, նա միայն հրճվել էր ուզում թիթեռնիկի գեղեցկությամբ։
Արմինե Դավթյանը ստեղծել է ամենատարբեր կերպարներ՝ երեխաների հոգու լույսը վառ պահելու համար։ Նա՝ իր գրերով, մանուկներին սովորեցնում է սիրել հայրենիքը, ծնողներին, հարգել մեծերին, գնահատել բնության ամեն մի մասնիկը,
չվնասել, չվախենալ
կենդանիներից, նրանց ընկերաբար վերաբերվել։
*
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Գունեղ աշխարհ
Վառ երանգներով,
Ժպտացող արև՝
Մանկան ճիչերով,
Լուսավոր աչքեր՝
Խնդուն հայացքով,
Զվարթ մանուկներ՝
Լույսի ճրագով։
Ահա ինչպես է մանուկների մոլորակը պատկերում Սոնա Պողոսյանը, ով ընթերցողի սիրտը գերել է իր խորը, իմաստալից, հույզերի և զգացմունքների ամենանրբին թելերով հյուսված ստեղծագործություններով։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ, նրա հոգում դեռ թռվռում է այն խելացի աչուկներով հրաշք աղջնակը և նրան ստիպում խոսել իր լեզվով, մանկան աչքերով ու մաքրամաքուր սիրով նայել աշխարհին։
*
Առավոտյան շուտ արթնացա, տատիս փեշից կախվեցի,
-Տատի՜, քեզ հետ մեր դաշտը տար,-արցունքն աչքիս խնդրեցի:
Ահա, նրա գրչին պատկանող մի ստեղծագործություն, որ ամբողջությամբ լույսով ու բարությամբ է ճառագում։
Վստահ եմ՝ անգամ հասուն մարդն այսպիսի խելացի պատասխան չէր տա։ Մանկան փոքրիկ սրտում հայրենի բնության նկատմամբ մի մեծ սեր էր ծաղկում։
-Չէ, տատիկ ջան, դու չես սպասում, դու միշտ գնում ես մենակ,
Բա ամոթ չի՞, դեռ չեմ տեսել ցորենի դաշտն ընդարձակ…
Տատ ու թոռ, երգ ու պար ասելով՝ճամփա են ընկնում, դաշտը մանկան առաջ բացվում է որպես մի հրաշք-ոսկենկար, ուր քամին խաղում էր հասկերի հետ, մեկ խառնում էր հասկերի վարսերը, մեկ՝ սանրում։
Եվ ով հրաշք, այստեղ մի մեծ գաղափար է ծավալվում, երբ աղջիկն ուզում է արտույտին իր տուն տանել։
-Արտուտիկի տունն այստեղ է, տես, մայրիկին է կանչում,
Մորից հեռու ոչ մի ձագուկ է՛լ երջանիկ չի լինում…
Դու ո՞նց կապրես, թե քեզ տանեն օտար մարդիկ՝ օտար տուն:
-Լա՜վ, տատիկ ջան, հասկացա քեզ, լորիկն ապրում է արտում,
Ամեն ձագուկ իր բնից է օդում ճախրել սովորում…
Ու տուն դարձանք <<կիսված>> ճամփով, արտ-արտույտով հիացած՝
Ես թռչում էի լորի թևով՝ տատիս ձեռքից պինդ բռնած…
Երբ այս գիրը կարդացի, զգացի Սոնա Պողոսյանի գրչի խանդավառությունը, թե ինչպիսի սիրով և նուրբ թելերով էր այս տողերն ասեղնագործել։
Առաջին հայացքից թվում է՝ մանկական գիր է, որ լույս է տարածում մանուկների հոգում, բայց գրի միտքն ավելի ու ավելի խորն է։
Հետաքրքիր զրույց է ծավալվում սերմի և մրջյունի միջև։ Մրջյունը ջանում էր ուսերի վրա տանել սերմը, չնայած հասկանում էր, որ դա իր ուժերից վեր է։ Մրջյունը զայրանում է և բեղերը սրած՝ խոստանում ընկերների հետ ետ վերադառնալ, երբ սերմն ասում է, որ դա նրա ուղեղի բանը չէ։
Այստեղ, մրջյունի կերպարով, գրողը գծում է այն մարդկանց պատկերը, ովքեր, չնայած իրենց փոքրիկ, սահմանափակ ուղեղին՝համառությամբ և տգիտությամբ փորձում են իրենց գործն առաջ տանել և ամեն գնով դիմացինին պատժել։
Իզուր ծաղրեցիր ուղեղիս չափով:
Մրջունը գնաց բեղերը սրած,
Խեղճ սերմը մնաց վախեցած, տկար,
-Օգնեցե՜ք,-կանչեց ձայնով նվաղած,
Միայնակ էր նա, փրկություն չկար:
Բայց բնությունը երբեք իր զավակին դժբախտության մեջ չի թողնում ։
Մեկ էլ երկնքից մի կաթիլ ընկավ.
Օգնության շտապեց անձրևը բարակ,
Սերմի տակ հողը փափկեց, լճացավ,
Սերմն էլ սահելով անցավ գետնի տակ:
Մոր գրկում զավակը միշտ էլ իրեն ապահով է զգում, եթե անգամ վերջինիս վտանգ է սպառնում։
Զգալով վտանգից փրկված, ապահով՝
Սնուցվեց ջրով, հողով բարուրվեց,
Գլուխ խոնարհեց շնորհակալ սրտով՝
Մայր հողի գրկում անվրդով քնեց:
Դաշտ ու ծաղիկ պար էին բռնել արևի ջերմ շողերի ներքո, թռչուններն ուրախ դայլայլում էին, կանաչը խինդ ու բերկրանքով մաքուր օդն էր շնչում . բնությունը զարթոնք էր ապրում։ Այս հանգիստ, խաղաղ նինջի մեջ սերմը գիրացել էր, և երբ փորձեց շարժվել, կեղևը պատռվեց և փոքրիկ ծիլը բացեց աչիկները ։ Մինչ ծիլը հասակ էր առնում, սերմը հողի մեջ արմատ էր գցում, որ ծիլը սնուցվեր, բույս դառնար , բույսն էլ իր ծաղիկնեին կյանք պարգևեր։ Այսպես համերաշխ ապրում էին իրենց գեղեցիկ ընտանիքով, երբ դեռ նոր աչքը բացաց կոկոնը՝ իր գեղեցկությունից մեծամտացավ և վիրավորեց իրեն շունչ տվող փոքրիկ ամպիկին։ Ասեք, որ սա հրաշք է, նա մեկ- մեկ հավաքել է բնության ամեն մի բջիջը և մի հիասքանչ մարգարտաշար ստեղծել։
Ծաղիկը լսեց՝ մեծամտացավ.
-Ո՞վ ես դու, փրփուր, որ գովքս անես,
Չքվի՛ր աչքիցս, անմի՛տ,-զայրացավ
Ու վիրավորեց ամպին լուսերես:
Եվ ինչի՞ է հասցնում նրա մեծամտությունը, բոլորը նրանից երես են թեքում և նրա ծաղկափոշին կաթում է է այն նույն մրջյունի գլխին, որ գուցե մոռացել էր սերմին տված խոստումը։
Մռայլվեց ամպը, շուրթերը փքեց.
-Երբ կծարավես, նոր կհասկանաս,
Թե ով էր ամպը, որ գովքդ արեց,
Կզղջաս, սակայն կլինեմ անհաս…
Արմատը տնքաց, ցողունը ճկվեց,
Տերևն ապտակեց ծաղկին մեծամիտ,
Ու ծաղկափոշին աչքերից կաթեց
Մրջյունի գլխին ընկավ միամիտ:
Այն նույն մրջյունն էր, գլուխը սրբեց,
Նույն հոտը առավ այն կորած սերմի,
Որի հետքերը անձրևը մաքրեց,
Ինքն էլ չգտավ, որ իր տուն տանի:
Ահա ինչպես է մրջյունը նրան խրատում։
-Լավ լսիր,-ասաց,-թե ինչ կասեմ ես,
Առանց քեզ այստեղ ոչինչ չի փոխվի,
Թե սերմ էլ չտաս՝ անհետ կկորչես,
Բայց ջուրն անմահ է և ուժն է հողի:
Ամպերն են անսպառ ջրեր ամբարում,
Հողին ծարաված թե անձրև չտան,
Այս հողագունդը, ամենքն աշխարհում
Քամու բերանին փոշի կդառնան:
Այսքանից հետո մնում է ասել, որ մեր վաղվա սերունդն ամուր ձեռքերում է, և մեր մանկագիրներն ամեն ինչ կանեն նրանց մտքի շտեմարանը լցնելու, նրանց հայեցի դաստիրակելու և նրանց մեջ հայրենիքի նկատմամբ մեծ սեր և նվիրվածութուն սերմանելու համար։
Եկեք մաքուր և անաղարտ պահենք մեր մանուկների հոգին, որ նրանք առողջ պտուղներ տան։
Այսօր թերևս այսքանը, մյուս մանկագիրների գրերին կանդրադառնանք նախագծի շրջանակներում։
Վերլուծությունը՝Նելլի Ենոքյանի
Գիրը ափի մեջ-Գևորգ Բադալյան

Վերլուծությունը՝Նելլի Ենոքյանի։
Գրաթերապիա-Անրի Վեռնոյ
Սկզբում նա տարված էր գեղանկարչությամբ, ապա լրագրությամբ և ռադիոյով: Էկուան-Պրովանսի ֆրանսիական լիցեյը ավարտելուց հետո «Մարսելյեզ» թերթում հրատարակում է եղեռնին նվիրված հոդվածների շարք:
Կինոյում նրա դեբյուտը եղել է որպես բազում կարճամետրաժ ֆիլմերի ասիստենտ և բեմադրող: Առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1951 թվականին Ֆերնանդելի օգնությամբ: Հետո նկարահանել է «Արգելված պտուղը» ("Le fruit defendu", 1952թ.), «Հրուշակագործը Վալորգից» ("Le boulanger de Valorgue", 1952թ.), «Հասարակության №1 թշնամին» (1953թ.):
1959 թվականին նույն ֆերնանդելի հետ նա նկարահանեց «Ռազմագերին և կովը» ("Cow And I") կատագերգությունը գերությունից փախած ռազմագերու մասին, որը գյուղացու տեսքով կով էր քշում: Ֆիլմը վերջանում է նրանց հրաժեշտի էպիկական տեսարանով...
<<Մայրիկ>>
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսորի ինքնակենսագրական այս գիրքը հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին:
Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը, դրանով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը:Գրքի հիման վրա նկարահանվել է համանուն <<Մայրիկ>>ֆիլմը,որը հեղինակի հանճարեղության առհավատչյան է։
Մեջբերումներ <<Մայրիկ>>գրքից
+++
Մայրիկը մեռնում էր…այնպես ինչպես ապրել էր՝ զուսպ, առանց որևէ մեկին նեղություն տալու, սպիտակ սավանների մեջ պառկած, հեզիկ, մաքուր, խաղաղ, մեն-մենակ մահվան դեմ, քանի որ հիմա գիտեմ, որ մարդը մեռնում է մենակ:
Որևէ ցանկություն չունեմ բացատրելու, թե ինձ չի մխիթարում Մայրիկիս ութսունյոթ տարեկան լինելու հանգամանքը. նա շուտով հեռանալու է ինձնից և հարազատներին նվիրված տաքուկ ու հավատարիմ սիրո ութսունյոթ տարիները պետք է վերջանային մի քանի վայրկյանում, ահա թե ինչն էր կարևորը:
+++
Մարդը մեռնում է մենակ…
+++
Մայրիկ, ես երբեք չե՛մ մոռանա, չե՛մ մոռանա այս ցնցող պահը: Հանկարծ նկատեցի, որ երբ մենք հիանում էինք իմ մատանիով, քո ձեռքից բացակայում էր այն մատանին, որը երբեք մատիցդ չէիր հանում: Այդ երեկո ես նկատեցի, որ անհետացել է նաև հորս ձեռքի մատանին: Բառերը խեղդվում էին կոկորդումս: Անհեթեթ ամոթխածության լռությունը փշրելու և սրտիս զեղումներին ազատ ընթացք տալու համար, որոշեցի վալս պարել և պտտվել մինչև գլխապտույտ սկսվի: Ես լավ եմ հիշում իմ քսան տարիների եզակի այդ պարահանդեսը, որը նույնիսկ մոռացնել տվեց պատերազմը: Անտարբեր լուսինը իր հրաշալի սկավառակով լույս էր արձակում քաղաքի վրա: Ես չեմ մոռանա ոսկյա այս փոքրիկ կտորը իմ անվան սկզբնատառերով, որն այսօր մատիս կշռում էր սիրո մի քանի տոննա...
+++
Եթե իրար հետ խաղացող երեխաների ճիչերը, ծիծաղն ու զվարթությունը ջնջում է նրանց խաղի կանոնների խենթությունը, ապա մեն-մենակ խաղացող երեխայի մեջ որոշ տխրություն կա, և այն խենթությունները, որով նա զվարճանում է, ավելի են աչքի ընկնում:
+++
Քնաբեր այդ խաղալիքների փոխարեն, որ հորինել են մեծերը փոքրիկների համար, ես գերադասում էի իմ սուրբ ժամապահների դեմքերը: Մայրիկ, Աննա և Գայանե: Սիրո երորդություն, իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց, իրենց անկողիններում նստած, անքուն, համբերությամբ սպասում էին մինչև իմ քունը տանի: Աստիճանաբար այդ պատկերի ուրվագծերը մեղմացան, հետո անհետացան անուշ մի փափկության մեջ: Ես քնում էի …
+++
Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որ արթնացնում են նրան:
+++
ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ, որ բոլոր այս տարիներին, երբ մենք այդքան սիրել ենք իրար, ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ, ԹԵ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ: Ընդհանուր խոհեմությամբ վախենում էինք հատուկ ընդգծել բացահայտ, շարունակական, անառարկելի ճշմարտությունը, և բառերի միջամտությունն ավելորդ էր թվում:
Իրար սիրում էինք ի ծնե:
Իսկ մնացյալը դառնում էր ավելորդ ենթավերնագիր…
+++
Մանկություն՝ մեծանալու անհագ ցանկությամբ, պատանեկություն՝ աճող ձգտումներով, որոնք կեղեքում ենք քեզ ու մի երեկո առաջնորդում սիրելիներիդ հոգեվարքին, որոնց ծերանալը չես նկատել, ՄԻՆՉԴԵՌ ՆՐԱՆՑ ԱՄԵՆ ՄԻ ՍՊԻՏԱԿԱԾ ՄԱԶԸ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ Է ՄԻ ԳԱՐՈՒՆՔԻ ԳԵՐԵԶՄԱՆ:
Նախագծի հեղինակ՝ Հաս Չախալյան։
‹‹Գրադարանում›› - Մերի Բադալյան
Ողջու՜յն, հարգելի խմբակիցներ: Ձեզ ողջունում է ‹‹Գրադարանում›› նախագիծը: Նախագիծը սիրով հարցում է անցկացրել Ավ. Իսահակլյանի անվան քաղաքային գրադարանի տեղեկատու -մատենագիտության բաժնի վարիչ՝ Գայանե Եդիգարյանի հետ:
1.Ի՞նչ է նշանակում մատենագիտություն: Ժամանակի ընթացքում ինչպիսի՞ փոփոխությունների է այն ենթարկվել:
***Մատենագիտություն նշանակում է «մատյանների գիտություն»։ Կազմված է մատենագետ բառից։ Ըստ Հայկազյան բառարանի՝ նշանակում է «գիտակ և հմուտ մատենից»։ Մատենագետ բառն օգտագործվել է դեռևս V դարում՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ։ Այն թարգմանությունն է հունարեն բիբլիոգրաֆիա բառից։ Բառացի նշանակում է «գրքագրություն»: Եղել են կարծիքներ, որ ավելի ճիշտ թարգմանությունը ոչ թե մատենագիտությունն է, այլ մատենագրությունը։ Քանի որ վերջինս այսօր ունի հայ հին գրականության իմաստ, ուստի շրջանառության մեջ է մնում մատենագիտությունը։
2.Որո՞նք են մատենագիտության խնդիրները:
***Մատենագիտությունը գիտության մի յուրահատուկ բնագավառ է՝ կապված գիտության այլ բնագավառների հետ։ Նրա խնդիրն է ցույց տալ գիտությունների, դպրության և արվեստների զարգացման անցյալը, պատկերել ներկա վիճակը։
Մատենագիտական աշխատանքի հիմնական բաղադրիչներն են՝
• Միջնադարում ստեղծված մատենագիտական ժառանգությունը,
• Ձեռագրական հավաքածուների մատենագիտական նկարագրությունը,
• Գիտական մատենագիտությունը։
3.Գիտական մատենագիտությունը ըստ էության ունի երկու ըմբռնում։ Առաջինը հունարեն բիբլիոգրաֆիան է, որից և թարգմանվել է հայերեն մատենագիտությունը, երկրորդը բիբլիոլոգիան է, որը ևս հայերեն թարգմանվում է մատենագիտություն: Ո՞րն է այս երկու ըմբռնումների տարբերությունը:
***Կարևոր են և մատենագիտական այն աշխատանքները, որոնք կոչվում են բիբլիոգրաֆիա, և այն երկերը, որոնք իրականում բիբլոլոգիա են։ Թեև երկուսն էլ իրարից որոշակիորեն տարբերվում են։ Առաջին իմաստով ստեղծվել են պարբերական մամուլի, տպագիր գրքերի և այլ մատենագիտություններ, իսկ երկրորդ առումով՝ բուն գիտական մատենագիտություն։
4. Ինչպիսի՞ գործառույթներ է իրականացնում տեղեկատու – մատենագիտական բաժինը:
***
• Մշակութային գործունեության իրականացում,
• Երևան քաղաքի ազգաբնակչության գրադարանային տեղեկատվության ապահովման կազմակերպում.
• գիտության,մշակույթի լուսաբանում և մասսայականացում,
• գիտատեխնիկական գիտելիքների տարածում,
• գեղագիտական դաստիարակություն,
• կրթական համակարգի գործունեության օժանդակում,
• Գրքերի և տպագիր նյութերի,գրադարանային ֆոնդը կազմող այլ նյութերի արդյունավետ օգտագործում,
• Ընթերցողների քաղաքական,բարոյական,գեղագիտական դաստիարակություն.
• ազգային ինքնագիտակցության և հայրենասիրության ձևավորում,
• Գրադարանային մատենագիտական գիտելիքների կուտակում, դասակարգում և ուսուցում:
5.Ի՞նչ ենթաբաժիններ ունի այն:
***Հիմնական գործառույթը՝ տեղեկատու-մատենագիտական և իրազեկային /տեղեկատվական/ սպասարկման իրականացումն է: Բաժինը վարում է տեղեկատու-մատենագիտական ապարատ, այդ թվում՝ տեղեկատու ֆոնդ ,տարբեր բնույթի քարտարաններ: Լրագրերի և ամսագրերի հոդվածների կարգային քարտարանը, երկրագիտական և թեմատիկ քարտարանները համալրվում են գրադարանում ստացվող մոտ 26 անուն թերթերի և 13 անուն ամսագրերի /ընտրովի/, հոդվածների վերլուծական նկարագրությամբ քարտերով:
6.Ի՞նչպիսի մեթոդներով է բաժինը նպաստում ընթերցողների մատենագիտական գրագիտության մակարդակի բարձրացմանը:
*** Բաժնում կատարվում են ընթացիկ մամուլի քարտարանների ստեղծման աշխատանքներ: Քարտարանների հարուստ նյութերը օգնում են ընթերցողների իրազեկային սպասարկմանը, նրանց թեմատիկ, մատենագիտական-փաստագրական հարցումների կատարմանը: Տարվա ընթացքում կազմակերպվում են թեմատիկ բնույթի, հիշարժան տարեթվերին և հոբելյններին նվիրված բազմաթիվ մատենագիտական, կենսամատենա-գիտական ցանկեր, գրքային ցուցահանդեսներ: Մատենագիտական բաժինը ոչ միայն տեղեկություն է տալիս ընթերցողին գրականության մասին,այլև կոնկրետ պատասխանում է նրանց հետաքրքրող հարցերին:Ամեն տեղեկանք, որ բաժնում տրվում է ընթերցողին, ունի կրկնակի նպատակ,այսինքն մատենագետը պատասխանում է ընթերցողի հարցերին և նրան տրվում է հմապատասխան գրականության և պարբերական մամուլում տպագրված հոդվածների ցանկ,որը բացահայտում է թեման, ընդլայնում նրա գիտելիքները և առաջացնում հետաքրքրություն տվյալ թեմայի վերաբերյալ:
7.Ի՞նչ միջոցով են ընթերցողները տեղեկատվություն ստանում նոր կազմված ցանկերի և քարտարանների մասին:
***‹‹Նոր գրքեր›› ցուցահանդեսների, գրականության տեղեկատու ցանկերի մասին տեղեկատվությունը ընթերցողներին տրամադրվում է տեղեկատու-մատենագիտական բաժնի էլեկտրոնային դիմատետրի / Facebօօk / և գրադարանի ցուցասրահում դրվող բազմաբնույթ գրքային ցուցահանդեսների միջոցով:
8. Ինչպիսի՞ մեթոդական աշխատանք է իրականացնում մատենագիտական բաժինը ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումների և գրադարան-մասնաճյուղերի միասնական տեղեկատու-մատենագիտական ծառայությունները կազմակերպելու համար:
***ԿԳ-ի և գրադարան-մասնաճյուղերի միասնական տեղեկատու-մատենագիտական ծառայությունները կանոնակարգվում են բաժնի կողմից: Կազմակերպվում է այցելություններ: Մասնագիտական խորհրդատվություն և գործնական օգնություն է տրվում գրադարան-մասնաճյուղերում՝ գրադարանավարներին:
9. Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր պահանջներն ու նորություններն է ներմուծել գրադարան: Ինչպիսի՞ առաջընթաց և ի՞նչ ազդեցություն է ունեցել տեխնոլոգիաների մուտքը աշխատանքի կազմակերպման վրա:
***Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում՝ առաջադրելով գրադարանների աշխատանքի նորովի կազմակերպումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը գրադարաններ փոխեց ավանդական գրադարանի տեսքը՝ ինչպես գրադարանավարի, այնպես էլ օգտվողի համար: Ընթերցողը լայն հնարավորություն ստացավ օգտվելու գրադարանի տարաբնույթ ծառայություններից: Որպես գիտելիքների ու ազգային արժեքների կուտակման և տարածման կենտրոններ՝ գրադարանները համակարգչային ցանցերի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, ինչպես նաև իրենց պահոցներում եղած տեղեկատվության կառավարման հաշվին դարձան միջնորդներ՝ մարդկության կուտակած մտավոր հարստությունը գիտելիքի տեսքով հանրությանը փոխանցելու գործում: Ճանապարհ դեպի տեղեկատվական հասարակարգ, որի կարևոր բաղկացուցիչներից են թվային գրադարանները: Գրադարանային գործին առնչվող խնդիրների կարգավորմանը մեծապես նպաստել է «Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցի ստեղծումը: Հանրապետության խոշորագույն մատենագիտական շտեմարանն է Հայաստանի գրադարանների համահավաք քարտարանը, որտեղ գրանցվում են գրքերի, ամսագրային հավաքածուների, երաժշտական գրականության, խտասկավառակների վրա զետեղված հրատարակությունների, տեսալսողական նյութերի մասին մատենագիտական տեղեկություններ, ինչպես նաև տվյալներ՝ դրանց գտնվելու տեղի մասին, որոնք շատ կարևոր են արդի գրադարանագիտական և մատենագիտական զարգացման ասպարեզում: Նշենք նաև, որ նախագիծը Հայաստանի գրադարանների համար մեծ հնարավորություն է՝ ավանդականից թվայինին անցնելու հարցում: Տեղեկատու-մատենագիտական բաժինը ընթերցողների սպասարկումը իրականացնում է ոչ միայն բազմաբնույթ քարտարանների այլև էլեկտրոնային կրիչների միջոցով: Բոլոր թեմաները մատուցվում են համակարգչային արդի միջոցների օգտագործումով:
10.Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ տեղեկացված լինել մեր օրերում նշանակում է ուժեղ լինել:
***Տեղեկատվությունը մեր օրերում իսկապես կարելի է զենք համարել և զինված այն մարդուն, ով ունի գիտելիքի կայուն բազա:
Սակայն յուրաքանչյուր տեղեկատվություն պետք է լինի գրագետ և հավաստի այլապես կարող է ունենալ հակառակ ազդեցությունը և դառնալ չարիք հասարակության համար:
------------------------------------------------------------------------------------------------------------------
‹‹Գրադարանում›› նախագիծը այսօր փորձեց համառոտ ներկայացնել տեղեկատու - մատենագիտական բաժնի աշխատանքը, որը իր մեջ ներառում է բազմապիսի գործառույթներ: 1979թ. Երևանի մայիսի 16-ի որոշմամբ մասսայական գրադարանների բազայի վրա ստեղծվեց Երևանի մեծահասակներին սպասարկող Գրադարանների կենտրոնացված համակարգը՝ ԳԿՀ-ն, որի կենտրոնը դարձավ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Գրադարանի վերաձևավորման ժամանակ ստեղծվեց Տեղեկատու-մատենագիտական բաժինը: Բաժնի հիմնական նպատակն է ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումների և գրադարան-մասնաճյուղերի ընթերցողների համակարգված ու կենտրոնացված տեղեկատու-մատենագիտական սպասարկման ապահովումն է, ինչպես նաև միասնական տեղեկատու-մատենագիտական ծառայությունների կազմակերպումը: Բաժնի գործառույթները սերտորեն առնչվում են գիտական, հետազոտական աշխատանքի հետ՝ նպաստելով գրադարանում պահպանվող հարստությունը հանրությանը մատուցելու կարևորագույն գործին:
Այս բովանդակալից հարցազրույցի համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում՝ Ավ. Իսահակլյանի անվան քաղաքային գրադարանի տեղեկատու -մատենագիտության բաժնի վարիչ՝ Գայանե Եդիգարյանից:
Հարցազրույցը սիրով անցկացրեց Խ. Գյուլնազարյանի անվան գրադարանի աշխատակից՝ Մերի Բադալյանը:
‹‹Գրադարանում››- Մերի Բադալյանը
1. Գրադարանավար , թարգմանիչ և գրող: Ինչպիսի՞ դեր են կատարել այս երեք մասնագիտությունները ձեր կյանքում: Ո՞ր մասնագիտությունն է Ձեզ առավել հոգեհարազատ:
*** Այս երեք մասնագիտություններն էլ իրենց կարևոր դերն են խաղացել իմ կյանքում: Ինձ միշտ հաճույք է պատճառել ստեղծագործական աշխատանքը, և եթե անկեղծ, ավելի հոգեհարազատ է գրողի աշխատանքը: Ես ապրում եմ պոեզիայի աշխարհում:
2. Ի՞նչ է Սվետլանա Հակոբյանի համար ստեղծագործելը: Իչպիսի՞ն պետք է լինի ստեղծագործությունը, որպեսզի սիրվի ընթերցողի կողմից:
*** Ստեղծագործելը՝ ինձ համար, իմ հույզերը, իմ ապրումները արտահայտելու միջոց է: Ստեղծագործությունը որպեսզի սիրվի ընթերցողի կողմից, պետք է լինի նրան հոգեհարազատ, հոգեհարազատ ու էլի հոգեհարազատ:
3. Ո՞ր տարիքում եք հասկացել, որ պետք է գրել: Ու՞մ ստեղծագործություններն են ոգեշնչման աղբյուր հանդիսացել:
*** Առաջին բանաստեղծությունը գրել եմ տասը տարեկանում, այն նվիրված էր մայրիկիս: Հետո գրվեցին բանաստեղծություններ նվիրված հայրենիքին, բնությանը: Ցածր դասարաններում շատ էի սիրում կարդալ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Շիրազ: Իսկ հետո Պ. Սևակի պոեզիայի ժողովածուն դարձավ իմ սեղանի գիրքը, իմ հարազատ ու անդավաճան ընկերը:
4.Համամի՞տ եք այն կարծիքի հետ, որ յուրաքանչյուր գիրք կգտնի իր ընթերցողին:
*** Այո, անպայման, յուրաքանչյուր գիրք գտնում է իր ընթերցողին:
5.Ձեր առաջին ժողովածուն վերնագրել եք «Սերերը անցնում են լոկ սերն է մնում»: Բանաստեղծությունների մեծ մասը գրել եք 1970- ակամն թվականներին, իսկ ժողովածուի վերնագիրը 2008 թվականին : Միթե՞ վերնագիրը երկար պրպտումների արդյունք է: Ինչպե՞ս ծնվեց այն:
*** Տարիների հեռվից, երբ նայում ես անցյալիդ, հասկանում ես, որ կարող ես սիրահարվել շատերին, բայց, այդ շատերից առանձնացնում ես մեկին, որը դեռ կա, որը միշտ կլինի, որը երբեք չի լքի, ու դա սիրահարվելը չէ, այն գրվում է մեծատառով և կոչվում է Սեր: Ահա այսպես էլ ծնվեց գրքի վերնագիրը, միանգամից:
6.Ու՞ր են տանում ձեր բանաստեղծությունները ընթերցողին: Որտե՞ղ են հանդիպում գրողը և ընթերցողը:
*** Իմ բանաստեղծությունները ընթերցողին տանում են մտորումների ու ապրումների իմ աշխարհը, ուր գրողն ու ընթերցողը հանդիպում են, ու եթե ընթերցողը այդ աշխարհը համարում է իրենը, ուրեմն հանդիպումը կայացել է:
7. Ո՞րն է այն գաղափարը որը պետք է ըթերցողին մղի դեպի հանդիպում:
*** Գաղափարը մեկն է. մտքերով, խոհերով կիսվելու ցանկությունը, քո նմանին գտնելու պահանջը:
8.Յուրաքանչյուր գրող ունի իր լսարանը, իր ընթերցողը: Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր ընթերցողը:
*** Իմ ընթերցողը պետք է ունենա խորը ու հարուստ հուզաշխարհ, նուրբ հոգի, դիմացինի ցավը իրենը համարող անձնավորություն:
9.«Կա մի էակ աշխարհում…. » բանաստեղծությունների ժողովածուն ավարտվում է «Ինչպես նկարել թռչուն» բանաստեղծությամբ թռչունի երգը որոշիչ էր նկարչի համար, դա լավ նշան էր համարվում և նկարիչը կարող էր մակագրել: Արդյո՞ք Ձեր Ժողովածուները ևս սպասել են նրա երգին: Ո՞րն է այդ երգը:
*** Մենակ մարդը չի կարող երջանիկ լինել: Եթե իմ ընթերցողը ինձ հետ հուզվում է , սիրում է, ժպտում է, ապրում է նույն աշխարհում, ուրեմն նա իմ տեսակն է, ուրեմն ես մենակ չեմ, հետևաբար ես երջանիկ եմ: Ահա դա է իմ երգը:
10.Լավ գիրք գտնելը այս տեղեկատվական դաշտում բավականին բարդացել է: Ինչպիսի՞ գրքեր են այսօր առավել առաջնային և ինչպիսի՞ գիրք եք խորհուրդ տալիս ձեր ընթերցողին:
*** Ինչպես ասացինք, ամեն մի գիրք գտնում է իր ընթերցողին: Յուրաքանչյուր ընթերցող ունի իր պահանջները: Գիրք առաջարկելիս, հաշվի ենք առնում նրա տարիքը, հոգեվիճակը, նախասիրությունը: Իսկ դրանք տարբեր են : Կարդում են և՛ դասականներին, և՛ ժամանակակից գրողներին: Ցավոք պոեզիա քիչ են կարդում:
*** Սվետլանա Հակոբյանի պոեզիան հասկանալու համար անհրաժեշտ չեն մասնագիտական բարձր գիտելիքներ, բավական է միայն սիրել, հավատալ և լնել մարդ , Մարդ մեծատառով թերևս ամենաբարդը բոլոր մասնագիտություններից: Այս երկու ժողովածուները մեծ բավականություն են պատճառում , այստեղ կա այն ինչ փնտրում է ընթերցողը և ամենակարևորը յուրաքանչյուր տող գրված է ի սրտե: Այն անկեղծ զրույց է գրողի և ընթերցողի միջև: Մշակութասերները սիրով կսպասեն Սվետլանա Հակոբյանի հաջորդ ժողովածուին: Շնորհակալություն անկեղծ և բովանդակալից հարցազրույցի համար: Հարցազրույցը սիրով անցկացրեց Խ. Գյուլնազարյանի անվան գրադարանի աշխատակից՝ Մերի Բադալյանը:
Լուսարտ-Հրայր Ղուլինյան
-Լուսանկարչությունն ինձ համար հոբբի է, հոգեհարազատ մի զբաղմունք բանաստեղծոություն գրելու պես ինքնարտահայտման մի միջոց։ Այն նաեւ քո տեսած ամեն գեղեցիկ բան անմահացնելու հնարավորություն է։
- Լուսարվեստը գրչի ու վրձինի պես մի բան է յուրաքանչյուր շնորհալի մարդու ձեռքին։Գեղեցիկը, բարին, լույսավորը տարածելու հրաշալի հնարավորություն։
<<Ձորեր, այ ձորեր․ խո՜ր, լայնաբերա՜ն․․․>>
<< Տասներկուերորդը՝ խորհրդանշական․․․>>
Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի
Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի
<< Մենության սիմֆոնիա․․․>>
Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի
<<Նատյուրմոտ>>
Լուսանկարը՝ Հրայր Ղուլինյանի
<<Հուսո, սիրո, հավատո հաղթանակի սկիզբը․․․>>
Ծրագրի հեղինակ՝ Հաս Չախալյան։
ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ-ԳՐԱԹԵՐԱՊԻԱ
Հրաչյա Լյուդվիգի Սարուխան (հունվարի 1, 1947, Համզաչիման (այժմ՝ Մարգահովիտ, Լոռու մարզ) - ապրիլի 8, հայ թարգմանիչ, բանաստեղծ։ Հեղինակ է «Եզրագծեր», «Հրաշք օրեր», «Վկայություններ», «Այլ ժամանակներ», «Աստծո առավոտ» ժողովածուների։ Հայաստանի գրողների միության անդամ էր 1978 թվականից։
Արժանացել է «Տարվա լավագույն առաջին գիրք», Հայաստանի գրողների միության, հայ պոեզիայի բարձրագույն՝ «Ավետիք Իսահակյանի անվան» մրցանակների, պարգևատրվել է «Մովսես Խորենացու», «Գրական վաստակի համար» մեդալներով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով։ Հայաստանի գրողների միության վարչության անդամ է։ Արժանացել է «Լոռվա ասպետ», «Մարգահովիտի պատվավոր քաղաքացի» կոչումներին։
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ ։
Բանասիրական գիտությունների թեկնածու՝ Նաիրա Ղումաշյանը հրատարակել Է«Հրաչյա Սարուխանի պոեզիան» մենագրությունը։
Հրաչյա Սարուխանի լավագույն կոչումը մարդ լինելն էր։Նա իր անաղարտ պոեզիայով եկավ փաստելու գրականության հարատևության գաղափարը։Ապրելով և արարելով մեր կողիքն՝նա մնաց չբացահայտված մեր մեջ։Պոետի հոգին օվկիանոսի պես խորն էր,մտքերը՝բազեի նման խրոխտ,որ բացել է թևերը ժայռեր գրավելու համար։
Ասում են՝ աչքերը հոգու հայելին են։Սարուխան պոետի դեպքում կարող ենք ասել՝հոգին աչքերի հայելին էր․․․․այնքա՜ն մաքուր ճշմարտություն ուներ բանաստեղծը իր աչքերում,ուր սևագրում էր անձնական ցավը՝մաքրագրելով հարահոս տողեր հանուն վաղվա․․․․
Հայրենի բնությանը քարկապված էր մեծ քնարերգու՝Հրաչյա Սարուխանը։Նրա գործերում բնապատկերն ու հույզը միաձուլվում են իրար․․․․․կարող եմ ՝ասել Սարուխանը իր հոգու թաց անկյունները ցողում էր անձրևի կաթիլներով․․․․նրա մասին խոսել և գնահատական տալ թողած հոգևոր գանձարանին․իհարկե դժվար է,որովհետև ժամանակը իր արդար կնքիը տալու է վաղը,երբ հետահայաց թերթենք պոետի անգնահատելի գործերը։
Անդարադարձը ՝ Հաս Չախալյանի։
Մելամաղձոտ քաղաք
Արևդ՝ նվազ,
Անձրևներդ՝ հորդ…
Անհայտ մի նավազ,
Անանուն նավորդ՝
Գնացկան ջուր եմ
Անձրևներիդ պես,
Այսինքն –
Հյուր եմ,
Անհասցե լուր եմ,
Չգիտեմ՝ ուր եմ
Հեռանում այսպես…
Չե՞մ տարբերակում
Ներկա ու անցյալ,
Աչքերս եմ փակում
Որպես մահացյալ –
Եվ նո՜ւյնն եմ դարձյալ՝
Անհայտ մի նավազ,
Անանուն նավորդ…
Եվ այս աշխարհից
Դուրս են տանում ինձ
Արևդ նվազ,
Անձրևներդ հորդ:
Ձմեռնամուտ
Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Ասես ուրիշն է ապրել քո կյանքով,
Ասես ապրել ես կյանքը ուրիշի:
Ու դեռ թվում է՝ օրերից մի օր
Ճակատագիրդ քեզ պիտի հիշի
Եվ քո անցյալից ներկայով մի նոր
Սահմանազատի գալիքն ուրիշի:
Բայց ամեն գիշեր կոպերիդ ներքո
Մի դեմք է հառնում հարանման քեզ
Եվ հորինվելիք քո՛ իսկ հանգերգով
Մենախոսում է քեզ դիմելու պես.
-Չշնչավորված մանուկներին սուրբ
Ես ինչպե՞ս ասեմ վախ ու ողորմի…
-Կյանքդ կարծեցիր չքնաղ մի ասուպ,
Բայց երազախաբ գիսավոր էր մի…
-Ի հեճուկս քեզ և իմ կսկծու
Աչքափուշ եղավ նույնիսկ ցա՛վը մեր…
-Քա՜ղցր ես ու անուշ, դա՜ռն ես ու կծու,
Բանաստեղծների բախտակից ձմե՛ռ…
Առաջին ձյունը Աստծո ճերմակով
Վիրակապում է վերքերը հուշի…
Եվ մենակյացի քո հին վերմակով
Ասես ծածկում ես… մարմինն ուրիշի:
Սթափ կարոտ
Չէ ՛, անհարմար չէ հարմար ապրելը.
Կյանքից եմ միայն փոքր-ինչ ամաչում:
Հոգիս կարկատող ասեղն ու թելը
Բացարձակապես ինձ չեն ճանաչում:
Գնում ենք, թողած իրերն անձնական,
Որ մի օր պիտի գանգատվեն բախտից…
Թանգարանային սփոփանքն անգամ
Չի՜ փրկի նրանց հին կարոտախտից:
Բամբասանքների պարսը թունաքիստ
Բզզում է նաև շուրջը դիակի…
Վերք ունի նույնիսկ զգեստը հագիս,
Եվ փառքի դափնին վերքն այդ չի՜ փակի:
Իմ որբուկ գրի՛չ, անտերունչ իմ թո՛ւղթ,
Ո՞վ է խորթ փոշին ձեզնից վանելու,-
Ա՜խ իմ Ձեռագիր՝ ետմահու պանդուխտ,
Առանց իմ Աջի ի՞նչ ես անելու…
Կեցցե՜ն կենարար մարսեղ հյութերը:
Կյանքից եմ միայն փոքր-ինչ ամաչում:
Հոգիս կարկատող ասեղն ու թելը
Բացարձակապես ինձ չեն ճանաչում:
նախագիծ-ՄԵՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ
Այդ ոչինչը ես եմ
Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ: Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին: Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա.
- Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:
- Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը:
Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում.
- Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ:
- Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ:
- Այո՛:
-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:
-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:
-Հետո՞:
- Հետո՝ վեզիր:
- Հետո՞:
- Փոխարքա:
- Հետո՞:
- Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը:
- Ասենք թե շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:
- Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:
-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը,- նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:
Ավետիք Իսահակյան
Գիրը ափի մեջ
Հաս Չախալյան
Անհատ, ում աչքերից լույս է կաթում, հոգին ողողված է աստվածայինով, իսկ սիրտը լցված է մարդու և մարդկայինի հանդեպ տածած անսահման սիրով. զորավոր ուժ, որ բացում է երկնային դռները՝ աներեր հավատով նրան առաջ տանում, որ դառնա
բարեխոս Աստծո և մարդու միջև։ Այսպիսին է Հաս Չախալյան խորախորհուրդ գրերով արվեստագետը, ով գտել է երկնային արքայություն տանող ճանապարհը և ամեն ինչ անում է, որ մարդ արարածն ի վերջո բացի աչքերն ու կուրացած հոգին և բռնի Արարչի ձեռքը, որ բաց է թողել իր գոյի ընթացքում և ամուր կախված մնացել սատանայի մեղսոտ հայացքից։ Նա չի ուզում գինի դառնալ դաժան, քինոտ մարդկանց մեղքակաթ բաժակներում։ Նա պատրաստ է կրել անգամ ամենադաժան զրկանքները, միայն թե մարդու շուրթերին չանարգվի Աստված.
« Ինձ չգրկես էլ, մա՜մ
ես կսողամ ՝
աղի աղոթքներ կերած,
որ շեկ օրվա մազից էլ չսողա Աստված...»։
Կարծում եմ՝ մեզնից շատերը կիսում են այն կարծիքը, որ Հաս Չախալյանն ուղղակի գրող չէ, նա հոգու և հոգևորի երգիչ է, նրա արմատները ձգվում են մինչև Նարեկացի։ Անկարելի է մեկնել նրա տողերը, միշտ շղթան պոկվելու է ու մենք նորից ու նորից սկզբին ենք վերադառնալու։ Գուցե։ հասկանանք նրա հոգեվիճակը, հոգեկերտվածքը, բայց բացել տողատակերը թերևս չի հաջողվի։
« Սիրտս ոտաբոբիկ
անտառ է,
ուր մի աղջնակ կծկվում է՝
փնտրելով կոշիկները մանկության...
Նրա համեմատությունները խենթացնելու աստիճան հուզում են։
Նրա սիրտը ոտաբոբիկ անտառ է դարձել՝ մարդկության ցավերը,
չարիքները տեսնելիս. նա ուզում է փախչել,
հեռանալ ու գտնել մանկության կոշիկները, չէ որ նրա մանկությունն այնքան պայծառ էր, լուսավոր, իսկ կոշիկները ազատ, թեթև և ոտքերն անընդհատ չէին տրորում։ Իսկ հիմա կոշիկներն այնքան ծանր են,որ հազիվ է տեղից տեղից տեղ շարժվում. դրանք լցվել են կյանքի ծանր փոշով։
Բայց չարին կարելի է հաղթել.
Եվ կյանքում մեր կարճ չարը մեռնում է,
Եթե հոգու մեջ Դրախտն է ծաղկած.
Իսկ քո հոգու մեջ մի հավերժական
Դրախտ է բացված....
նրա ստեղծագործությունների առանցքը հավատն ու լավատեսությունն է.
Հաս Չախալյան սիրող, պայքարող անհատը, որ համայնն է իր մեջ կրում։
Ոչինչ որ ամեն ինչ դառն է, դժվար է անցնել արյունով ներկված ճանապարհներով, առանց ոտքերդ արյունոտելու, բայց ոչինչ, նա զգում է, որ մարդկության վշտերը կամաց-կամաց ինքնասպան են լինում, և գալու է բաղձալի օրը, երբ Աստծո և մարդու կապն այլևս անքակտելի է լինելու։
Հոգեցունց է նրա ու բողոքն ու խնդրանքը մեր նախամորը՝ Եվային։ Այստեղ էլ
է երևում նրա սիրող սիրտն ու նրբանկատ հոգին։ Նա չի ուզում մարդկության գլխին կախված բոլոր չարիքների համար մեղադրել նախամորը, այլ ստեղծում է կանանց հավաքական կերպար և մեղադրում Եվայից ծնունդ առած կին արարածին։
« Կյանքը սարդոստայն , Եվա՜,
ես և դու՝ իգական սարդեր,
սանրիր մազերս՝
ոռնալով այն գայլի նման,
որ թաքնվում է վարագույրի տակ
ու կրծում տառապանքի թնջուկը միայնակ...Անհատակ խորություն կա նրա տողերում, բողոք, մեղադրանք, որ սակայն նուրբ քողի տակ է պատկերված։ Չէ որ հենց Եվան ՝ իր անհնազանդության պատճառով ողջ մարդկության համար մի մեծ սարդոստայն հյուսեց։
«Դու եդեմավտար կի՜ն՝
հոգեխնձորներ կերած,
գտի՛ր հակադարձումը
ճակատագրի
ու ճչա այն մասին,
ինչ Աստված լռեց....
Նա պատրաստ է անգամ կտրել այն մեղսագործ ծառի արմատները, որ ի վերջո հողը մաքրվի և նոր, առողջ ծիլեր տա։
էլ որ գրչի երևակայությունը թույլ կտար կյանքը համեմատել պատի հետ։
« Պատ... միշտ պատ...
մեր կյանքը պատ է, օրերը՝ պաստառներ։
Նորոգի՛ր պատերդ, եթե ուզում ես կյանքդ փոխվի....
Քիչ էր, որ մարդկության վիշտն ու ցավը ծանրացել էր բանաստեղծուհու ուսերին, երբ նա ամենամեծ հարվածը ստացավ։ Հիմա նա ուզում է ապրել
անցյալի հուշերով, ուր իրեն միշտ սպասելու է լուսաշող պատկերով մի հրաշք պատանի, որ միասին ապրեն երազներով։Ցավը, կսկիծը լցվել են ափեափ ու չեն էլ թափվում, թե մի փոքր հանգստանա։
«Կյանքը հեքիաթ էր,
Այլ ոչ թե թիթեռ...
Միօրյա հույսով...
Այդ թիթեռները միշտ թափառելու են մանկության ամենանվիրական երազներում։
« Ու ես հասկացա՝ քեզ չունենալու քչությունից, ցավն է շատանում....որ տողատակված
արցունքներում տաք...
սառի անբերան ժամանակը ծեր...
Նա պիտի ապրի, պայքարի, արարի, բայց լուսնի աչքերում միշտ արցունքի կաթիլներ են շողալու։
« Քո ատամնահատիկին դու ժպտացիր ծակ թշիկով ու ինձ տվեցիր մի գրիչ ....
կգրեմ, դեռ երկա՜ր...
հոգիս դատարկելու համար՝
կճչամ բառերի մեջ.... բառերն ի՞նչ են....
-Սո՜ւս, ոչինչ,- բերանս քարկապեց հիշողությունս....
Այսուհետ նրա սրտում երկու եղանակ է լինելու՝ աշուն և գարուն։ Աշունը միշտ անձրևելու է, չորացած տերևները՝ հուշեր դարձած, թափվելու են նրա ձեռքերի մեջ՝ անցյալից գեղեցիկ դրվագներ պատմելով։
Գարուն ը պոետուհու սերն է, սրտի անբաժան մասը, ում երկնայինը պարգևել է անսահման հավատի և ծով բարության համար։
« Մենք թողնում ենք բազմակետեր,
որ չհասնենք վերջակետին։
Որքան էլ խոսենք Հասաբույր սրտով արվեստագետի մասին, միևնույն է, դեռ ոչինչ ասած չենք լինի։ Այս արևավառ աչքերով հայուհին երկրի վրա մեծ առաքելություն ունի։ Նա պատրաստ է վազել արյունոտված ոտքերով, սիրտը ծամել օրերի մաղձով, միայն թե վերջապես գտնի հաշտության եզրերը Աստծո և մարդու միջև։
«Հաս»շարադրություն Աստված գրեց իր ձախլիկ ձեռքով... ու հասմիկների ծաղկաթերթերից քամեց նախերգանք` որպես ավետյաց հասագալության, երկնքին թիկնած խրճիթի համար, ուր լամպ էր վառվում.... զի աղոթք շնչեց առաստաղից կախ անձրևաջուրը.... ու փշալարված հույսերից անդին խլրտած ժպիտ.... մաքրագրվի՛ր ,Հա՜ս, թանաքահոտ ու կիսաշշուկ շարականներում այն մագաղաթյա նաիրյան ցեղի, ում ծիրանագույն գոգնոցը դեռ հույսի արդուկի հետքեր չի տեսել.... Հասս` ես, շարադրություն ու ճակատագիր.... խրճիթի համար.... այն ասեղնագործ.. որ աղոթում է հարության գիշեր, բայց հոգեդարձի հասցեն չի տեսել...
Հաս Չախալյան
Վերլուծեց՝ Նելլի Ենոքյանը
Հյուրասրահ-Հովսեփ Նալբանդյան
Ողջու~յն հարգելի խմբակիցներ։ Ձեզ ողջունում է "Հյուրասրահ" նախագիծն է։ Նախագծի հյուրն է սիրված գրականագետ, բարերար և մեծ հայրենասեր Հովսեփ Նալբանդյանը, ով հայրենիքից դուրս հայրենիքը կրում է իր կրծքի տակ։
1. Պարոն Նալբանդյան, իբրև մտավորական, ինչպե°ս եք գնահատում արդի հայ գրական մթնոլորտը։
֊Արդի գրական մթնոլորտը Սփյուռքի մեջ շաաատ տկար է։ Իսկ հայրենիքում վերջին քանի մը տարին ավելի լավ է։
2. Պատմե'ք մի փոքր Ձեր արմատների մասին։ Որտեղի°ց եք։
֊ Մեծ հայրս Այնթապցի է և իր եղբայրների հետ մասնակցել է Ալնթապի ինքնապաշտպանության կռիվներին։ Հայրս և ես ծնվել ենք Հալեպում։ Ծնվել եմ 1958֊ին, ավարտել եմ Լազար Նաճարյան ֊ Գ. Կյուլպենկյան երկրորդական դպրոցը։ Ապա մեկնել եմ սիրիական բանակում ծառայելու (2 տարի, 10 ամիս և մեկ շաբաթ) վիրավորվել եմ 11 անգամ։
3. Դուք հայանպաստ գործունեություն եք ծավալում։ Ինչպիսի° խոչընդոտների եք հանդիպում այդ ընթացքում։
֊ Տարբեր խոչընդոտների եմ հանդիպել... հիմնականը ինձ համար, բարեկամի կամ ընկերի կողմից գիրքերս գնելու մերժումն է։
4. Գիտեմ , որ գրքի սիրահար եք։ Ի°նչ է գիրքը Ձեզ համար։
֊Ամեն ինչ, գրադարանս ունիմ մոտ 5700 հատոր և մեծանում է ամեն օր։
5. Իբրև գրականագետ նշե'ք արդի հայ գրականության մեջ առկա թերությունները։
֊ Գրական լուրջ քննադատության բացակայությունը, գրականագիտական հոդվածներու նվազ լինելը։
6. Դուք ազգանվեր կյանքով եք ապրում։ Ո°րն է գլխավոր գնահատականը Ձեզ համար։
֊ Գլխավոր գնահատականը, որ գիրքերս (18 հատոր) գնեն և կարդան, անշուշտ կուրախանամ երբ հայրենիքես կստանամ բարձր մակարդակի մետալ, կնշանակի որ իմ երկաաար տարիների աշխատանքս գնահատում է։
7. Ի°նչ է երջանկությունը Ձեզ համար։
֊ Լինել առողջ, ծառայել մարդկության և ազգիս, ամեն օր բարիք կատարել։
8. Ո°րն է Ձեր խոսքը առ հայրենիք ու հայրենակիցներ։
֊ Մեծապես կսիրեմ իմ հայրենիքը, կուզեմ որ բարգավաճի։ Իմ սիրելի հայրենակիցների կասեմ, որ մեր հայրենիքում կան ապրելակերպի և այլ դժվարություններ, պետք է դիմանալ, համբերել և պայքարել, հասնելու համար՝ լավին, բարիին, գեղեցիկին։
Շնորհակալ եմ։
Պատրաստեց՝Լուսինե Նազարեթյանը։
Գրաթերապիա-Ալիսիա Կիրակոսյան

Ծնվել էր բանաստեղծ լինելու համար, բայց ընտրեց իրավաբանի մասնագիտությունն ու ավարտեց Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այս մասնագիտությամբ, սակայն, երբեք չաշխատեց` միանգամից մղվելով թատրոն և ընտրելով դերասանի մասնագիտությունը: Նա տասը տարի մասնակցեց խաղացանկային թատրոնների ներկայացումներին, ստեղծեց հմայիչ ու առինքնող դերապատկերներ: 1966 թվականին լույս տեսավ նրա առաջին գիրքը` «Մեկ օրում հինգ ձայն», որից մեկ տարի անց լույս տեսավ երկրորդ գիրքը` «Էություն և կետադրություն» , որը թարգմանվեց իտալերեն և իրապես մեծ հռչակ բերեց բանաստեղծուհուն: Այս գիրքը ձևավորվել էր Պիկասոյի, Ֆոնտանի և Պետորրուտիի նկարազարդումներով: Բանաստեղծական այս ժողովածուն իտալացի գրականագետների կողմից ճանաչվեց քնարերգության նոր ու վառ դրսևորում, նոր ձևերի հաստատման ամբողջություն: Նույն` 1967 թվականին, Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծությունները թարգմանվեցին հայերեն, նրա ստեղծագործությունները հարստացրին ազգային բանաստեղծության նորարարական հաստատումները, ձևավորեցին նոր պատկերացումներ բանաստեղծական մոդեռնի մասին: Այստեղ նաև ազգային Ոգու արտացոլումն իր դրսևորումը ստացավ` ամբողջանալով «Նամակ առ Հայաստան» բանաստեղծության մեջ: 1968 թվականին բանաստեղծուհին մեկնեց Կալիֆորնիա, ուր ապրում է մինչև օրս: Այստեղ նա հրատարակել է «Հայաստանյան ապրումներ» (1970) , «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները:
1993 թվականին Բրազիլիայի Սան Պաբլո համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով գրականության ասպարեզի փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Ալիսիա Կիրակոսյանը Կալիֆորնիայի համալսարանում կարդացել է դասախոսություններ արդի պոեզիայի մասին, աշխարհի մի շարք նշանավոր համալսարաններում վարել է սեմինարներ, մասնակցել բազմաթիվ միջազգային գիտաժողովների: Ալիսիա Կիրակոսյանին բարձր են գնահատել Դալայ-Լամա 14-րդը, Ջոն Հյումը, Օսկար Արիաս Սանչեսը, ուրիշներ: Նրա բանաստեղծությունների մասին հիացմունքով են գրել Վիլյամ Սարոյանը, Խորխե Լուիս Բորխեստը, Ժակ Պրեվերը, հայ բանաստեղծներից` Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, այլք: 2009 թվականին Կալիֆորնիայի հանրությունը նրան ներկայացրել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի:
Հեղինակ՝ Լևոն Մութաֆյան
Ալիսիսա Կիրակոսյանի գործերից
Նամակ առ Հայաստան
Երկի´ր Հայաստան,
Ես քեզ գրում եմ
Բուենոս-Այրես հեռու քաղաքից:
Մեր բաժանումից երկու տարի անց:
Եվ հուսով եմ ես,
Որ իմ նամակը
Քո արևներին
Ու քո լեռներին դու պիտի կարդաս,
Ինձ պատասխանեն պիտի ջրերդ`
Մտերիմները
Քո արմատների…
Ինձ պատասխանի պիտի քո ոգին
Եվ պատասխանի իր մեկ ու միակ
Այն ճշմարտությամբ,
Որ ի´մն է նաև:
Երկի´ր Հայաստան,
Դու կանչում ես ինձ,
Քեզ է պահանջում ու քեզ է կանչում
Նաև արյունս,
Եվ ինձ տանջում է տենդը սպասման:
Ուրիշ, այլ սերեր
Հուզում են միայն
Ակնթարթները իմ ժամանակի,
Քոնն է Հայաստա´ն,
Ողջ անձեռնամուխ իմ ժամանակը
Եվ ամենաջինջ
Իմ արտասուքը:
Երկի´ր Հայաստան,
Երբ ես ուզում եմ քո անունը տալ,
Իմ մեջ զարթնում է մի թաքուն աղոթք`
Ամենահինը,
Երբ քեզ եմ երգում,
Իմ մեջ շարժումն է
Սկսում բջիջն իմ ամենանոր:
Չգիտեմ, ճչա՞մ,
Թե՞ արտասուքիս խառնեմ լռելյայն
Կարոտիս ցավը,
Որ անանուն է:
Երազում եմ քեզ,
Եվ էությանս թափանցիկ ամպը
Քեզ է միանում
Եվ գնում հավերժ մի լողարկության:
Դեռ քեզ չտեսած,
Ճանաչում էի ես քո քարերը,
Հետո քեզ տեսա,
Քեզ շոշափեցի,
Շնչեցի ես քեզ,
Լուծվեցի ջրում
Եվ փոշի դարձա քամիներիդ մեջ:
Գիտե՞ս,
Իմ ու քո միասնությունը
Վաղնջական է:
Ես կամ առաջին քո հուշերի մեջ:
Ապրել եմ ես քո
Հողմակոծ հողում
Որպես անխուսափ մի ճակատագիր:
Եվ պիտի մի օր վերադառնայի
Դեպի սկիզբս,
Գտնելու համար անմեղությունն իմ
Ու էությունն իմ`
Անդաշն աշխարհի
Հարաբերական
Այս խաղերի մեջ:
Ես այդ աշխարհից
Գալիս եմ ահա,
Որ օրենքները ի կատար ածեմ`
Իրերի շարժման օրենքները պարզ:
Քանզի այն ամենն
Ինչ որ պատմում է
Մայր հողի մասին
Ու արյան մասին,
Ամպի ու լեռան,
Հացի ու փառքի,
Աղի ու լույսի,
Երաժշտության,
Բանաստեղծության,
Արցունքի մասին,
Անդունդի մասին,
Սարսուռի մասին
Ու քարի մասին,
Ինձ քո մասին է պատմում շարունակ:
Չե՞ որ ես տեսա,
Թե Հրազդանը
Քարի ու ջրի հավերժ բախումով
Ինչ է նկարում,
Եվ ամպերի տակ տեսա բաբախը
Արարատ լեռան,
Արարատ լեռը`
Ահեղ մի պայթյուն,
Որ ինձ հրկիզեց
Առանց լավայի…
Ինձ հարց են տալիս,
– Հայաստանն ի՞նչ է…
Բայց միթե այդքան հեշտ է բացատրել
Ամբողջությունը,
Մի՞թե հավատը մեկնաբանել է,
Թե ի՞նչ է Աստված…
Եվ ինչպե՞ս պատմել սարսուռի մասին,
Հավատքի մասին,
Եվ էությունը ինչպե՞ս մերկացնել,
Ցույց տալու համար
Կերպարը սիրո:
Հիմա ես ու նա`
Միասնություն ենք
Եվ ամբողջությամբ մեր ճշմարտության,
Եվ եթերային մեր երազներով,
Անցյալի դեմքով տանջահար ու հեգ
Եվ ճերմակ ու ջերմ օրորոցներով…
Մենք պահանջ չունենք խոսքի ու բառի,
Զի հոգիները լռության մեջ են
Միանում իրար:
Երկի´ր Հայաստան,
Ես բարձրացել եմ քո փառքի թևով,
Քո կորուստներով եղել արնաքամ,
Աղոթել եմ ես քո մայրերի հետ,
Քո վերքերի մեջ կսկիծ եմ եղել,
Ծնունդներիդ մեջ` բերկրություն մի պարզ:
Հինգ հազար տարի
Քո տառապանքի հետ եմ ես եղել:
Եվ այս ամենը ինչպե՞ս բացատրել
Այն մարդկանց, որոնք
Ինձ հարց են տալիս,
«Հայաստանը քեզ դո՞ւր եկավ արդյոք»:
Ու ես այդ մարկանց ուզում եմ ասել,
– Ես Հայաստանը ապրում եմ, մարդիկ,
Ապրում եմ նրա հնագույն մաշկով,
Բույրով մենավոր
Եվ զգում նրան իմ արմատներով…
Ես չգնացի նրան տեսնելու ու հավանելու,
Գնացի այնտեղ նորից ծնվելու
Եվ որոնելու լույսն իմ նախնական,
Եվ սկսելու իմ զրո դարից:
Դու, որ ինձ գիտես
Եվ հասկանում ես իմ ճիչը անգամ,
Գիտե՞ս, թե որքան դժվարանում եմ
Քո մասին խոսել
Աշխարհիկ լեզվով,–
Մեր հանդիպումը
Ամենավերին
Երկինքներում է,
Որտեղ խոսում են,
Սակայն չեն զգում բայերի կարիք:
Եվ դրա համար
Ես իմ լռության աղոթքներով եմ
Միշտ քեզ ողջունում,
Իմ ինքնապատկեր:
Ու քեզ օրհնելով,
Ես ինձ եմ օրհնում,
Քեզ վերապրելով,
Վերապրում եմ ինձ,
Եվ ճի´չս, ճի´չս
Այդ դու ես, որ կաս,
Հայրենի իմ հող
Եվ իմ դրոշակ`
Երկի´ր Հայաստան:
Ա.Կիրակոսյանը Հայաստան առաջին անգամ այցելել է 1967 թվականին։ «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը գրել է Հայաստանից վերադառնալուց երկու տարի անց։
***
Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ների’ր, չեմ կարող
Արդեն սպասել:
***
Ի՞նչ կլիներ հոգին,
Եթե հարցականի վերածվեին հանկարծ
Կողոսկրները մեր…
Վերածվեին
Մեկ-մեկ,
Երկու-երկու
Երեք-երեք
Եվ թվերով բոլոր,
Որ գոյություն չունեն:
Ի՞նչ կլիներ արդյոք,
Թե աշխարհի
Հարցականներն ամեն
Չձուլվեին մտքի շփոթ խցում,
Դադարեին հանկարծ բեղմնավորել
Զարկերակները մեր…
Ի՞նչ կլիներ հանկարծ,
Թէ աշխարհի
Հարցականներն ամեն վերանային,
Չստիպեին հանկարծ,
Որ թռչուններ ծնվեն
Եվ տրոփեն օդում
Փետուրների փափուկ նվագներով…
Բանաստեղծ չէր լինի…
***
Սահեք
Սպասումիս խոռոչների միջով:
Խլե՛ք,
Տարեք ինձնից
Իմ մենավոր ու որբ
Երազների ռիթմը:
Բազմապատկեք քաղցս:
Ես, որ ահա այսօր
Առանց կրունկների կոշիկներ եմ հագել,
Առավել եմ մոտիկ բարձրությանը:
Հասկանում եմ այսօր,
Որ շրջագիծը մեծ
Կսեղմվի հանկարծ,
Ու հղության պես
Կվերածվի կետի,
Եվ այնտեղ ծնունդ կառնեն ատոմները:
Այդ խելահեղ խղճի ընդերքի մեջ
Սերը կցանկանա փոխվել կյանքի…
***
Անցավ իբրև երազ,
Երազ,
Որ երազվեց առանց լույսի:
Ժամանակի բարակ թելին թառած,
Սուրաց իբրև թռիչք,
Սուրաց
Դեպի մի նոր, անհայտ աշխարհ:
Իսկ ես,
Իսկ ես ահա
Վերադառնամ պիտի իմ բույնը հին,
Որ ծեփված է հույսով,
Բնակեցված ծանոթ հոգիներով,
Որ սպասում են ինձ,
Սակայն ես չեմ զգում անձկությունը նրանց:
Վերադառնամ պիտի
Իմ բույնը հին,
Բայց հոգնած ու տխուր՝
Անձրևի տակ ընկած տերևի պես…
***
Եվ գետերը զսպեցին
Իրենց մոլուցքը
Լուռ բողոքներ փոխանակելով
Աստղագուշական նշանների հետ:
«Քաղցկեղ» եմ,- ասի հանդունգն:
Մի կապույտ-կապույտ
Պոեմ եմ ուզում,
Որ ապաստաններս զարդարեմ:
Եվ ծաղիկների մի սեր,
Որ ինձ սպասի
Իմ ճանապարհին:
Համր գետերը շարունակեցին
Ոճիրներ գործել իմ տնակի դեմ
Եվ չլսեցին
Լեռան աղոթքը:
Այդ օրը, ավա՜ղ,
Չբաժանեցին
Անսպառ հացը…
Մենակ մնացի:
Դիվահանեցի ձեռքերս հողին հարած:
Ու դիպա այն նույն գետին, որ կսնանի նշանս:
***
Չեմ կարող գրել…
Այս ուշ գիշերվա խոր լռության մեջ
Չեմ կարող գրել:
Ուղեղիս միջից
Կախման կետեր են անվերջ թափթփում:
Երեսուն տողից
Բաղկացած երազն արարվում է լուռ՝
Առանց շշուկի:
Ես ուշ եմ եկել…
Հայացքիս անտես շառավիղներով,
Որ մոլորվում են անձրևների դեմ:
Պիտի ետ դառնամ…
Պիտի ետ դառնամ այն մրրիկի հետ,
Որ թրթռում է ձայնիս զուգահեռ:
Ուզեցի
Երկվորյակը լինել
Դիցուհիների,
Բայց ճանաչեցի հանկարծ
Տանջող քաղցը,
Որը վիրավոր երգեր էր լալիս
Արդար հացի հետ…
Դանդաղ եմ մարսում:
Մահվամ հետ կապված
Մանուշակագույն ժապավեններով:
Շատ լռություն կա,
Թաղման լռություն,
Որն աղարտում է այս թուղթը մաքուր…
Եվ կա խնկահոտ,
Թանձր խնկահոտ,
Ու անզոր եմ ես
Այս թղթի վրա քանդակել
Մի կարճ երազ,
Որ բաղկացած է
Երեսուն տողից…
***
Անգամ հուսալքված,
Անգամ անզոր,
Պիտի մերժենք, այո,
Եվ չընդունենք Ոչինչն
Իբրև ճակատագիր…
Պիտի գնանք դեպի
Վճիռը մեծ,
Ուր կա մի տևական արագություն,
Որի նյութը լույսն է:
Եվ հանճարի
Վերջին ներշնչումով
Պիտի դարպասները
Հավետ բանանք…
***
Ամեն ինչից հեռու,
Այնտեղ,
Ուր հավատ ու խորհուրդ
Հանդիպում են իրար,
Հանդիպում նույն ոճով
Ու նույն մակարդակով,
Այնտեղ,
Ուր «հետո»-ին
Սպասելուց հոգնած
Ամպն է տարուբերվում,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ես իբրև զտված մի նյութ,
Գիտության
Եվ Աստծո
Սեղանի շուրջ
Հացի պիտի նստեմ
Օդից առկախ
Եվ նույն գինին ըմպեմ,
Նույն խոսքերը ասեմ,
Այնտեղ պիտի լինեմ:
Այնտեղ,
Ուր ամեն ինչ
Զարկում ու բախվում է
Ամեն ինչի:
Ես և դու`
Մի հսկա աշխարհ,
Ուր զարկերն էության
Ձուլվում են իրար,
Ուր մենքը կառուցվում է
Անմեղ ու զտված:
Սրտի մեջ ստեղծվում է
Տարօրինակ մի թվաբանություն…
Երկուսը սիրո երկու չէ բնավ,
Այլ կատարյալ մեկ,
Իսկ կեսը սիրո
Կես չէ բնավ,
Այլ կատարյալ երկու.
Ինչպես կիսով բաժանված
Կաթիլը արցունքի:
Ես և դու`
Մի անբաժան մեկ:
Ես և դու`
Մի անջրպետ:
* * *
Այս գիշեր ես կարող էի
Հավիտյան սիրել,
Այս գիշեր ես կարող էի
Անջրպետներով թռչել`
Հեծած ամենահանդուգն երազների
Հաճախականության վրա,
Եվ նորից որսալ այն ապագան,
Որ հովերն էին ինձ խոստացել:
Այս գիշեր
Ես կարող էի փշրել
Կապանքը շղթաներիս,
Աղոթքների ուժով
Մի հոգընկեր ստեղծել
Եվ իմ ճամփին հենված
Աշխարհը փոխել:
Այս գիշեր ես մահն եմ հաղթել:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ
Հանկարծ ծփաց
Լռությունը քո զանգակատան,
Եվ միայն քո խոսքը մնաց` ամբողջացնելու
Կենսանյութը քո տեսիլքների:
ՙՑավդ տանեմ՚
Ասում էիր ինձ:
Հիմա,բոլոր ցավն այդ
Հսկա հարվածի մեջ հավաքած,
Մեզ ետ տվեցիր միանգամից:
Որ պարանն անիծյալ
Խեղդեց քո ապագան քեզ հանձնելու
Ժամանակը հավետ:
Ի՞նչ արցունքով
Մեծությանդ զուգահեռ
Կարող եմ արտասվել:
Մենք պիտի վառեինք դեռ
Ջահը մի նոր պատմության:
Երազներ պիտի գծեինք`
Նոր երազներով հղի:
Բայց ճակատագիրը որոշեց
Բացակայությամբդ մեծարել քեզ:
Պարու’յր, իմ սիրելի’ս,
Ընդունիր այս ցավի համանվագում
Արտասուքը մենավոր նրանց,
Ովքեր հասկանում են
Տարածությունը հոգուդ.
Եվ գիտեն, թե հրաժեշտիցդ առաջ
Հաղթել էիր արդեն մահվան:
Թող որ այսօր
Ես երգեմ քեզ`
Հանուն այն խորհրդի,
Որ հավատամքի է վերածում
Գոյությունդ,
Եվ հանուն քո անլռելի զանգակատան,
Որի ղողանջները սուր
Քայլերգ են դառնում,
Որ ժողովուրդը մեր
Տողանցի անվերջ
Դեպի իղձերը քո,
Տեսիլքը քո,
Դեպի վերագտած հայրենիքը քո:
***
Ինձանից այնքան ես բացակա եղել,
Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը…
Ու ես քեզ այնքան, անքան եմ հիշել,
Որ մոռացել եմ ներկայությունդ…
Ես ստեղծել եմ մի դեմք,
Մի ժպիտ,
Մի լուռ հայացք,
Որ նմանությունն ու օրինակն են
Ինչ-որ մի դեմքի ,
Ինչ-որ ժպիտի,
Ինչ-որ հայացքի:
Ես քեզ, սիրելիս, փոխել եմ ահա
Ինձ բաժին ընկած մենություններից
Մենավորի հետ
Եվ հենց դրանով արտաքսել եմ իմ մենությունը:
***
Ներիր ինձ,
Ես քեզ ցավ եմ պատճառել:
Սերը այդպես է,
Դառն է,
Հոշոտող
Ու աստվածային,
Երազողների համաճարակն է,
Տաս հարվածով է
Զարկում նա ցավին:
Սերը այդպես է ,
Մաշկը ձգում է ,
Դարձնում մի գիծ
Եվ նպատակդ
Դարձնում հոգնակի:
Ցավ եմ պատճառել ,
Եվ դու չես լալիս:
Դու, ուսնունդս
Հանցանքի հետ ես
Շփոթել կյանքում:
Եվ դու չես կարող
Հասկանալ թե ես
Ինչու եմ վայրի,
Եվ ինչու եմ ես
Լալիս այսպիսի
Խոշոր արցունքով,
Ինչու մեջքիս մեջ
Հաճույքն է ապրում,
Եվ օրենքն ապրում
Կողոսկրերիս
Անխախտ կարգի մեջ:
Իմ հոգին բոց է
Ու մերկ է որպես
Մերկության նկար:
Նա պարութրված է ամոթխածությամբ,
Եվ մերկ ոտքերին
Մեղքի թելեր են
Խճճվել ահա…
Եվ ես հարցում եմ
Անում Աստծուն՝
Ինչու՞ եմ տխուր,
Ինչու/ չեմ կարող
Վերքերս թողնել
Ձյուների վրա,
Արեվն ինչու՞ է
Թաքնվում այդպես
Խորքերում հեռու…
Ես ծիծաղների
Բիծ էի դեմքիդ
Եվ օդի կաթիլ,
Եվ պտուղ էի,
Եվ մեղու էի ես,
Հողի մեջ ուռչող
Սերմ էի բարի,
Հաբույր էի ես,
Որի սարսուռն է
Սահում մեջքն իվար,
Եվ բույս էի ես
Հավատքով մոլի:
Ու ես կուզեի
Կորցնել հիմա
Ամբողջ անցյալս
Ու իմ հովանին
Սիրուդ հետ փոխել,
Քո գիրքն սպիտակ
Ծայրեծայր պատել
Սիրո բառերորվ:
Ներիր ,քեզ միայն
Ցավ եմ պատճառել,
Եվ լավ է այնքան,
Որ դու չես լալիս:
Աչքերդ շրջիր
Դեպի քո ներսը,
Ետ տար քո ձեռքը,
Եվ մնաս բարով
Ասենք մեկմեկու…
***
Եթե ես հանկարծ խլեի ցավդ,
Կդատարկվեիր,
Ու ես ինքս ինձ տխուր կզգաի:
Թե չլիների դու հենց վիշտն ինքը,
Ես քո մեջ երբեք ինձ չեի տեսնի,
Ու մենք խոսքերի կարիք կզգաինք…
Այս լռությունը շատ է կարեվոր,
Քանզի լռությունն ավելի լավ է լսելի լինում:
Ու երբ մտքերս են ընդհատում մի պահ,
Անկումն եմ լսում քո արցունքների:
Եվ զգացմունքի ուղիղ կենտրոնում
Հանդիպում ենք մենք:
***
Վախենում եմ «սեր » բառը ասել,
Զի նախազգում եմ ,
Որ սիրուց անդին ամայությունն է…
Եվ վախենում եմ , որ սերը միայն բառ լինի ,
Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում պահպանեմ սերը,
Որ ամենքինն է ու իմն է միայն:
Եվ դա համարյա այն միակ բանն է,
Որ իմն է միայն :
Ես վախենում եմ դարձյալ ու դարձյալ,
Որ սերն աշխարհում ամեն ինչ լինի,
Որ սերն աշխարհում չլինի ոչինչ…
***
Երբ սիրում ենք ,
Նախերգանքն ենք այն արվեստի,
Որ Լռությունն է թարգմանում
Ու հաստատում
Ճշմարտությունը մեր հոգու:
Ճակատագիր ենք մենք եվ բախտ,
Տիեզերքի մասնիկն են ք մենք մրրկալի,
Էակներ ենք արժեքավոր:
Երբ սիրում ենք ,
Ուրեմն կանք:
***
Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակը ամենեվին էլ չսիրելը չէ,
Մահն է պարզապես…
Սիրահարները
Անմահություն են վերանորոգում:
***
Եվ ինչու ես դու բացատրել ուզում
Գեղեցկությունը տարօրինակի…
Տարօրինակը եթե ըմբոշխնես
Ինչպես առօրյան
Ու ինչպես կյանքը,
Շատ կնմանվի սովորականին:
Եվ այն ժամանակ
Ինքդ էլ կդառնաս
Դու տարօրինակ մի գեղեցկություն:
Դատողությունը չի կարող ծնել
Ոչ արեվ, ոչ սեր, Ու ոչ երեխա:
Եվ դու մի փորձիր բացատրել իզուր
Խենթությունն ահեղ
Ու հավատամքը:
Միթե երբեվե Արեվը,սերը
Եվ կամ երեխան:
Ուզում ես արդյոք , կյանքում ունենալ
Ավելի վերին ,
Անբացատրելի
Մի գեղեցկություն,
Ուրեմն երբեք
Մի ջանա պեղել անիմանալին,
Մի ջանա սեղմել
Քո ձեռքերի մեջ ճշմարտությոնը…
Ճշմարտությունը Գոյություն ունի
Որ մենք նրանով
Նվաճենք ուրիշ
Միշտ ուրիշ ու նոր
Մի ճշմարտություն…
Ապրիր…
Կարող ես կատարել կյանքում
Միակ խնդրանքս:
***
Մենք թանկ ենք գնում
Խաղաղությունը
Առավոտների :
Մեր էությունն ենք
Նետում թեվաբեկ
Երազների մեջ:
Եվ մենք գնում ենք
Հաց որոնելու,
Որը իսկական սնունդ չէ բնավ,
Այլ՝ խոստովանանք:
Մենք գիշերները
Վերագտնում ենք
Այլ խորհուրդները,
Որոնք կորչում են
Մի սքանչելի առանձնության մեջ,
Այն առանձնության ,
Որտեղ բոլորս
Ժառանգորդներն ենք վերացականի:
Գիշերվա մինջեվ
Եվ առավոտվա՝
Ունայնություն է:
Հիշողություն է
Դա մեր էության:
Եվ երազանքը հաճախ դառնում է
Լքման կրկնություն
Մինչեվ , որ հեռվից
Այցելում է մեզ
Ինքը՝ Սկիզբը:
***
Այնպես եմ ուզում
Անունդ թողնել
Կեսգիշերային ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված լինի ցողերում,
Մինջեվ քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…
Ու ես փաղչելով
Հին լռությունից,
Կնդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:
***
Լինեի քո մեջ
Լինեի
Սակայն ոչ ամբողջովին,
Իմ ու քո միջեվ տարածությունը
Թող իրավունքն իր դեռ ձեռքում պահեր:
Կամ թող մանի
Ես առանց ճամփի,
Եվ իմ սեփական բացակայությամբ
Հասնեի ես քեզ:
Լաբիրինթոս եմ սրտի եվ մտքի
Ուր համր է խոսքը ,
Եվ ուր համբույրը
Մեր հայացքների հայտարարն է լոկ:
Քո մեջ լինելը
Նշանակում է պարզապես լինել
Շնչել մի թոքով
Եվ քոնի կեսով,
Հասնելու համար սրտի զարկերի ներդաշնակության
Որ ավաղ պիտի անդաշն մնա:
Սիրո հիասքանչ անդաշնության մեջ
Իմ երազները
Քո երազների կարիքը ունեն
***
Հեռանամ.
մաքրվեմ,
ոչինչ չհիշեմ.
էլ չբողոքեմ.
էլ թույն չշնչեմ:
Անունս թողնեմ
գրքերի էջերում
ու ես գնամ:
Արմատներս նորոգեմ
ու նորից կնքվեմ:
Նոր ձայնով մի անուն ընտրեմ.
թեկուզ կես տառով.
թեկուզ լռությամբ՝
բայց նորոգվեմ:
Տեր իմ Արարիչ,
ջնջի՛ր իմ երազը երազներից
եւ դարձրո՛ւ նրանց
ավարտված ճակատագիր:
***
Այն սերը որ գնում ու անցնում է
սեր չէ-սիրելիս-այլ պատրանք:
Այն սերը, որ -ճշմարիտ է
չի մահանում բնավ:
Ես եմ
Քո սերն իսկական
քո առաջին ու վերջինը
և նրանց արանքում ընկած
սերերը բոլոր:
Ես բոլոր այն կանայք եմ
որ սիրել ես կյանքումդ
կամ թեկուզ պիտի սիրես:
Ես պարզապես սերն եմ իրավ:
Համակարգեց՝Հաս Չախալյանը
‹‹Գրադարանում›› -Մերի Բադալյան

Ձեզ ողջունում է ‹‹Գրադարանում›› նախագիծը, որի շրջանակներում հարցում կանցկացվի «Արդյո՞ք գրադարանագիտությունը համարվում է ժամանակակից մասնագիտություն» թեմայով: «Գիրք կարդալը նորաձև է», «Գրադարանները հագեցված են ժամանակակից տեխնոլոգիաներով» շատ ենք լսել նման վերնագրերով բազում հարցազրույցներ: Սակայն մեր հարցազրուցի նպատակը այլ է՝ գիրք կարդալը համարելով նորաձև, գրադարանները հարմարավետ և հաճելի, արդյո՞ք գրադարանագիտություն մասնագիտությունը ևս համարում ենք ժամանակակից և պահանջված: ‹‹Գրադարանում›› նախագծի շրջանակներում հարցում է անցկացվել Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս՝ Զարուհի Տոնոյանի հետ: Մանկավարժական համալսարանը միակն է Հայաստանում այս մասնագիտությամբ կադրեր պատրաստող:
1.Արդյո՞ք Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ մասնագիտությունը համարում եք ժամանակակից և պահանջված:
Ժամանակակից մեթոդների կիրառումով ավելի է բարձրացել մասնագիտության վարկանիշը: Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում՝ առաջադրելով գրադարանների աշխատանքը կազմակերպել նորովի: Եվ գրադարանավարի հմտություններն ու կարողությունները ավելի ընդլայնվեց. տեղեկատվական հսկայական ռեսուրսների տրամադրումը ընթերցողին գրադարանավարից պահանջում է լուրջ գիտելիքներ, այդ իսկ պատճառով մասնագիտության պահանջը օր օրի ավելի է մեծանում:
Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ մասնագիտությունը և ժամնակակից է, և պահանջված: Գրադարաններն ու տեղեկատվական կենտրոնները մեծ դեր ունեն գիտության, կրթության, մշակույթի զարգացման ոլորտներում:
2.Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ գրադարանում աշխատելու համար պարտադիր չէ լինել մասնագետ:
Համաձայն չեմ այդ կարծիքի հետ, քանի որ յուրաքանչյուր մասնագետ պետք է իր տեղում լինի և ամենակարևորը սիրի իր մասնագիտությունը: Այս մասնագիտության տեր մարդիկ առանձնանաում են իրենց յուրահատկությամբ: Գրադարաններում պետք է աշխատեն այնպիսի մարդիկ, որոնք կարողանան մերօրյա հսկա տեղեկատվական դաշտում հավուր պատշաճի կատարեն ընթերցողի պահանջները: Գրադարանավարը երբեք չպետք է մերժի ընթերցողին և ամենակարևորը իր հմտություններով ու կարողություններով նպաստի ընթերցողի կրթադաստիարակչական աշխատանքներին, ուղղորդի, ճիշտ ցուցումներ տա, միշտ սովորեցնի:
3.Վերջին տարիների հետ համեմատած ուսանողների հոսքը ավելանում է թե՞ պակասում: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Ուսանողների հոսքը տարեց տարի ավելանում է թե առկա, թե հեռակա ուսուցման համակարգերում և շատ ուրախ ենք, որ գնալով ավելի լուրջ մոտեցում են ցուցաբերում մասնագիտության վերաբերյալ:
4.Իչպիսի՞ մեթոդներ պետք է կիրառեն ոլորտի մասնագետները այս մասնագիտությունը ևս առաջ մղելու համար:
Առարկայական փոփոխությունները, առարկայական փաթեթների կազմումը, ուսանողության հետ անընդհատ կապը, տեսասահիկների ցուցադրումը, տեսանյութերի տրամադրումը մասնագիտության բարելավմանն են միտված և ճիշտ մեթոդների կիրառմանը: Ժամանակակից մեթոդների կիրառումով ավելի է բարձրացել մասնագիտության վարկանիշը:
Ոլորտի մասնագետները միշտ պատրաստ են ժամանակակից մեթոդներով կրթել ուսանողությանը, որպեսզի կարողանան ապագա կադրերը կողմնորոշվել և իրենց տեսական գիտելիքները կիրառել իրենց աշխատանքում, մերօրյա հսկայական տեղեկատվական դաշտում: Ժամանակակից գրադարանների, տեղեկատվական կենտրոնների դերը լայն տեղեկատվական ենթակառուցվածքներ ստեղծելն ու մարդկությանը դեպի <<բաց հասարակարգ>> առաջնորդելն է: Կադրերի նկատմամբ պահանջները նույնպես փոխվում են: Աշխատողի արհեստավարժությունից, փորձից, գիտելիքների պաշարից, մի խնդրից արագորեն մյուսին անցնելու հմտությունից բացի, կարևոր են դառնում նրա անհատական գծերն ու նվիրվածությունը գրադարանի առջև դրված խնդիրների լուծմանը:
Գրադարանն ու տեղեկատվական կենտրոնն այսօր տեղեկատվություն հավաքողից և պահպանողից վերածվել են հետազոտողի, վերլուծողի, կրթողի:
5. ժամանակակից գրադարանային գործում կարեւոր տեղ է հատկացվում տեխնոլոգիական միջոցներին: Ձեր կարծիքով դա նպաստում, թե՞ խանգարում է աշխատանքին:
Վերջին երկու-երեք տասնամյակներում տեղեկատվության ստեղծման և տարածման ավանդական միջոցներին զուգահեռ աշխարհն ականատես է թվային տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը: Թղթային գրադարաններին ու հավաքածուներին փոխարինելու են եկել թվային հավաքածուները և տեղեկատվական շտեմարանները: Այս ամենը նպաստում է գրադարանների զարգացմանը և գրադարանավարի գործի էլ ավելի դյուրացմանը: Տեղեկատվության հսկա զանգվածներ վարկյանների ընթացքում գրադարանավարը կարող է տրամադրել ընթերցողին: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ նաև ընթերցողը ստացավ լայն հնարավորություն՝ օգտվելու տարաբնույթ ծառայություններից, որոնք մինչ այդ անհասանելի էին:
Համընհանուր դրական տեղաշարժերի ծիրում առանձին գրադարաններ ծավալում են ինքնուրույն բացառիկ գործունեություն, մոտենալով համաշխարհային չափանիշները բավարարող հաստատության նկարագիր:
Կազմակերպական հսկայական ջանքերի, նյութական ներդումների շնորհիվ ժամանակակից գրադարաններն այսօր հասանելի են ուսանողների, գիտնականների, ողջ հանրության համար: Այսօր չափազանց հեշտացված է նյութի որոնումը, սպասարկումն ամբողջությամբ կառուցված է ընթերցողի ժամանակը խնայելու,նրա աշխատանքը հաճելի և դյուրին դարձնելու սկզբունքի վրա:Որակյալ սպասարկումը գրադարանի գործունեության առանցքն է:Այդ նպատակով պարբերաբար անց են կացվում հասարակական հարցումներ, որոնց հիման վրա էլ բարելավում են ծառայությունները:
6. Համալսարանից դուրս անցկացվում են պրակտիկաներ, որպես գրադարանի ժամանակակից օրինակ , որտե՞ղ եք ուղղորդում ձեր ուսանողներին:
Իհարկե, պրակտիկաներ կազմակերպում ենք համալսարանից դուրս՝ Հայաստանի Ազգային գրադարանում, Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանում, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, Հայաստանի Ազգային արխիվում:
Կարծում ենք՝ պրակտիկ ոլորտում պարապմունքների ակտիվացումը, գրադարանների հետ հնարավորինս սերտ շփումը նպաստում է սովորողների հետագա մասնագիտացմանը, հետազոտական աշխատանքների ծավալմանը, ինչպես նաև ոլորտի հանդեպ դրական վերաբերմունքի արմատավորմանը, մասնագիտությամբ աշխատելու շահագրգռվածության բարձրացմանը: Ձեռք բերված գիտելիքներն ուսանողները կկիրառեն հետագա ուսումնական գործընթացում, ինչպես նաև մասնագիտական ոլորտում:
Դասերի ընթացքում նույնպես ուսանողների հետ կազմակերպում ենք այցեր տարբեր գրադարաններ՝ մասնակցում գրադարանային բազմաբնույթ միջոցառումների, գրքերի քննարկումների, կլոր սեղանների, հանդիպումներ ոլորտի մասնագետների, ինչպես նաև արտասահմանյան մասնագետների հետ:
………..
Կուլտուրայի ֆակուլտետը ձևավորվել է 1970 թվականին: Ֆակուլտետի ձևավորման հետ միաժամանկ իր գործունեությունն է սկսել ՝ Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնը: Նրա հենքի վրա 2001 թվականին ամբիոնում ստեղծվում է երկրորդ մասնագիտական բաժինը՝ «Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն»: Ամբիոնի վարիչների և դասախոսական անձնակազմի շնորհիվ ամբիոնը շարունակում է իր բուռն գործունեությունը մինչ այսօր: Ամբիոնի դասախոսների շնորհիվ մասնագիտությունը այսօր պահանջված է և սիրելի: Անչափ շնորհակալ ենք բոլոր դասախոսներից նման նվիրումի և սիրո համար: Այս բովանդակալից հարցազրույցի համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս՝ Զարուհի Տոնոյանից :
Հարցազրույցը սիրով անցկացրեց Խ. Գյուլնազարյանի անվան գրադարանի աշխատակից՝ Մերի Բադալյանը: