Արմինե Բոյաջյան «Նկարում եմ նապաստակ (location- ծառի տակ)»վիպակի շնորհանդես

Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ գրող Արմինե Բոյաջյանի <<Նկարում եմ նապաստակ (location- ծառի տակ)>>վիպակի շնորհանդեսը,որը անցավ անկեղծ և ջերմ մթնոլորտում։Գրողի երջանկությունը կիսելու էին եկել բազմաթիվ ընթերցողներ,ովքեր հիացած էին և տպավորված։Արմինե Բոյաջյանը կարողացել էր իր շուրջը համախմբել մարդկանց՝ ստեղծելով հանդարտ միջավայր,ուր բաբախում էր գրականության զարկերակը։Գրողի կյանքում հոկտեմբերի 27-ը անշրջելի հետք է թողել,այդ օրը նա կորցրել է իր հայրիկին և վարպետին։ Սակայն նույն օրը շնորհանդեսի անցակուցմով նա հավերժացրեց նրանց հիշատակը։
Ուզո՞ւմ եք անցնել Արմինե Բոյաջյանի կողքով, մտե՛ք նրա սիրտը` բացելով այն գիրքը, որի ծալքերում սերն է: Հետադարձ հայացքի շրջելիությամբ զարգանում է նրա պատումն, ուր, սակայն, պոռթկացող հույզերի, թափառող որոնումների և կարոտի հուշաթերթերով երիցուկների ամբողջացում է կյանքը:
Հեղինակը կարողացել է պատկերի ակնթարթային և շարժուն խաղ ստանալ` պատմողի դերից անցում կատարելով հոգեվիճակ ստեղծողի, ում աշխարհընկալման պատուհանները փոշոտ չեն և բաց են ընթերցողի առաջ: Հիշողության խորդանոցը քրքրելով` հեղինակը գտնում է ինքն իրեն, տալիս ձևակերպումներ, որոնք արձակ տողից վերաճում են չափածոյի: Տեղ-տեղ բառերի փոխարեն գրողը խոսում է լռությամբ:Ներքին սյուժեն զարգանում է գրողի բջիջներում, արտաքինը` մնում ցավազրկող տողատակերի մեջ: Գրողի ներկայացրած անցյալը ժայթքում է ներկա, և հոգեապրումներն հասնում են սպասումների փշալարին, ալիքվում կարոտի արցունքներով: Մի կողմում երկինքն է, մյուսում` հողը: Գրողի հայրն ու վարպետը ժպտում են տողերի տարածությունից ներս: Երկուսն էլ եկել են և գնացել, մեկն ստեղծել է Բոյաջյանի աշխարհը, մյուսը` վերափոխել այն:
Հոդվածի հեղինակ՝ Հաս Չախալյան