Skip to main content
     
  • Մշակութային նախագծեր
  • Վերնիսաժ
  • Հեղինակների կենսագրություններ
  • Պոեզիա
  • Արձակ
  • Հարցազրուցներ
  • Ֆոտոարվեստ
  • Երգարվեստ

‹‹Գրադարանում››- Մերի Բադալյանը

July 26, 2017 at 10:40 pm, No comments
Ողջու՜յն, հարգելի խմբակիցներ: Ձեզ ողջունում է ‹‹Գրադարանում›› նախագիծը: Այսօր նախագիծը անդրադառնում է մի թեմայի, որը շատերին է թերևս հարազատ: Գրելը մեր օրերում դարձել է շատերի համար գեղեցիկ զբաղմունք, ինքնարտահայտման միջոց: Յուրաքանչյուր ստեղծագործություն մի կյանքի պատմություն է, յուրաքանչյուր ստեղծագործություն մի անցյալ է և ներկա, երբ թերթում ես թվում է թե մի նոր ընկերոջ ես բացահայտում, նրա հույզերը ապրումները դառնում են քոնը ժպտում ես նրա հետ, տխրում ու սիրում: Գրադարանում նախագիծը սիրով հարցում է անցկացրել Ավ. Իսահակյանի անվան գրադարանի սպասարկման բաժնի վարիչ՝Սվետլանա Հակոբյանի հետ: Նրա գրչին են պատկանում՝ «Սերերը անցնում են լոկ սերն է մնում» «Կա մի էակ աշխարհում…» բանաստեղծությունների ժողովածուները:


1. Գրադարանավար , թարգմանիչ և գրող: Ինչպիսի՞ դեր են կատարել այս երեք մասնագիտությունները ձեր կյանքում: Ո՞ր մասնագիտությունն է Ձեզ առավել հոգեհարազատ:
*** Այս երեք մասնագիտություններն էլ իրենց կարևոր դերն են խաղացել իմ կյանքում: Ինձ միշտ հաճույք է պատճառել ստեղծագործական աշխատանքը, և եթե անկեղծ, ավելի հոգեհարազատ է գրողի աշխատանքը: Ես ապրում եմ պոեզիայի աշխարհում:
2. Ի՞նչ է Սվետլանա Հակոբյանի համար ստեղծագործելը: Իչպիսի՞ն պետք է լինի ստեղծագործությունը, որպեսզի սիրվի ընթերցողի կողմից:
*** Ստեղծագործելը՝ ինձ համար, իմ հույզերը, իմ ապրումները արտահայտելու միջոց է: Ստեղծագործությունը որպեսզի սիրվի ընթերցողի կողմից, պետք է լինի նրան հոգեհարազատ, հոգեհարազատ ու էլի հոգեհարազատ:
3. Ո՞ր տարիքում եք հասկացել, որ պետք է գրել: Ու՞մ ստեղծագործություններն են ոգեշնչման աղբյուր հանդիսացել:
*** Առաջին բանաստեղծությունը գրել եմ տասը տարեկանում, այն նվիրված էր մայրիկիս: Հետո գրվեցին բանաստեղծություններ նվիրված հայրենիքին, բնությանը: Ցածր դասարաններում շատ էի սիրում կարդալ Թումանյան, Իսահակյան, Տերյան, Շիրազ: Իսկ հետո Պ. Սևակի պոեզիայի ժողովածուն դարձավ իմ սեղանի գիրքը, իմ հարազատ ու անդավաճան ընկերը:
4.Համամի՞տ եք այն կարծիքի հետ, որ յուրաքանչյուր գիրք կգտնի իր ընթերցողին:
*** Այո, անպայման, յուրաքանչյուր գիրք գտնում է իր ընթերցողին:
5.Ձեր առաջին ժողովածուն վերնագրել եք «Սերերը անցնում են լոկ սերն է մնում»: Բանաստեղծությունների մեծ մասը գրել եք 1970- ակամն թվականներին, իսկ ժողովածուի վերնագիրը 2008 թվականին : Միթե՞ վերնագիրը երկար պրպտումների արդյունք է: Ինչպե՞ս ծնվեց այն:
*** Տարիների հեռվից, երբ նայում ես անցյալիդ, հասկանում ես, որ կարող ես սիրահարվել շատերին, բայց, այդ շատերից առանձնացնում ես մեկին, որը դեռ կա, որը միշտ կլինի, որը երբեք չի լքի, ու դա սիրահարվելը չէ, այն գրվում է մեծատառով և կոչվում է Սեր: Ահա այսպես էլ ծնվեց գրքի վերնագիրը, միանգամից:

6.Ու՞ր են տանում ձեր բանաստեղծությունները ընթերցողին: Որտե՞ղ են հանդիպում գրողը և ընթերցողը:
*** Իմ բանաստեղծությունները ընթերցողին տանում են մտորումների ու ապրումների իմ աշխարհը, ուր գրողն ու ընթերցողը հանդիպում են, ու եթե ընթերցողը այդ աշխարհը համարում է իրենը, ուրեմն հանդիպումը կայացել է:
7. Ո՞րն է այն գաղափարը որը պետք է ըթերցողին մղի դեպի հանդիպում:
*** Գաղափարը մեկն է. մտքերով, խոհերով կիսվելու ցանկությունը, քո նմանին գտնելու պահանջը:
8.Յուրաքանչյուր գրող ունի իր լսարանը, իր ընթերցողը: Ինչպիսի՞ն պետք է լինի ձեր ընթերցողը:
*** Իմ ընթերցողը պետք է ունենա խորը ու հարուստ հուզաշխարհ, նուրբ հոգի, դիմացինի ցավը իրենը համարող անձնավորություն:
9.«Կա մի էակ աշխարհում…. » բանաստեղծությունների ժողովածուն ավարտվում է «Ինչպես նկարել թռչուն» բանաստեղծությամբ թռչունի երգը որոշիչ էր նկարչի համար, դա լավ նշան էր համարվում և նկարիչը կարող էր մակագրել: Արդյո՞ք Ձեր Ժողովածուները ևս սպասել են նրա երգին: Ո՞րն է այդ երգը:
*** Մենակ մարդը չի կարող երջանիկ լինել: Եթե իմ ընթերցողը ինձ հետ հուզվում է , սիրում է, ժպտում է, ապրում է նույն աշխարհում, ուրեմն նա իմ տեսակն է, ուրեմն ես մենակ չեմ, հետևաբար ես երջանիկ եմ: Ահա դա է իմ երգը:
10.Լավ գիրք գտնելը այս տեղեկատվական դաշտում բավականին բարդացել է: Ինչպիսի՞ գրքեր են այսօր առավել առաջնային և ինչպիսի՞ գիրք եք խորհուրդ տալիս ձեր ընթերցողին:
*** Ինչպես ասացինք, ամեն մի գիրք գտնում է իր ընթերցողին: Յուրաքանչյուր ընթերցող ունի իր պահանջները: Գիրք առաջարկելիս, հաշվի ենք առնում նրա տարիքը, հոգեվիճակը, նախասիրությունը: Իսկ դրանք տարբեր են : Կարդում են և՛ դասականներին, և՛ ժամանակակից գրողներին: Ցավոք պոեզիա քիչ են կարդում:
*** Սվետլանա Հակոբյանի պոեզիան հասկանալու համար անհրաժեշտ չեն մասնագիտական բարձր գիտելիքներ, բավական է միայն սիրել, հավատալ և լնել մարդ , Մարդ մեծատառով թերևս ամենաբարդը բոլոր մասնագիտություններից: Այս երկու ժողովածուները մեծ բավականություն են պատճառում , այստեղ կա այն ինչ փնտրում է ընթերցողը և ամենակարևորը յուրաքանչյուր տող գրված է ի սրտե: Այն անկեղծ զրույց է գրողի և ընթերցողի միջև: Մշակութասերները սիրով կսպասեն Սվետլանա Հակոբյանի հաջորդ ժողովածուին: Շնորհակալություն անկեղծ և բովանդակալից հարցազրույցի համար: Հարցազրույցը սիրով անցկացրեց Խ. Գյուլնազարյանի անվան գրադարանի աշխատակից՝ Մերի Բադալյանը:


No comments

Leave a reply







Վերջին  հրապարակումներ


Created with Mozello - the world's easiest to use website builder.

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more