Գիրը ափի մեջ-Մանկագիրներ
Երեխան չգրված գիրք է, ինչ գրես այնտեղ, այդ էլ տարիներ ընթացքում կդառնա նրա հոգեկերտվածքը։ Անկեղ ասած, հիանում եմ մեր մանկագիրների գրերով. մանկան աչքերով ճանապարհ են հարթում դեպի մեծերի աշխարհ, որ լի է սիրով, բարությամբ նաև՝ ցավով, տառապանքով։ Եվ եթե մանուկը՝ դեռ օրոցքից չստանա լավի ու բարու իր չափաբաժինը, նա հետո չի կարող դիմակայել ցավին ու իր շուրջ տեղի ունեցող անարդարությանը։
Ահա այսպես, մեր մանկագիրները՝ ապրելով մեծերի աշխարհում, զգալով կյանքի հարվածները, դիմակայելով անարդարություններին՝ ջանք չեն խնայում՝ ստեղծել զարմանահրաշ մի աշխարհ, ուր միայն լույսն ու բարին են իշխում, դրվատել մաքուր սերը, ազնիվ աշխատանքը, ընկերասիրությունը, նվիրվածությունը, գիտելիքը, երբ իրենց աշխարհում այդ ամենն այլևս արժեքներ էլ չեն, այլ, լոկ սովորական բառեր։ Խոստովանենք, որ նրանք, չափազանց դժվար և պատասխանատու առաջադրանք են իրենց առջև դրել։
Արմինե Դավթյան, ով շատերիս հայտնի է իր հուզառատ, գեղեցիկ գրերով, խորը, իմաստալից պատմվածքներով և անկասկած՝ իր մանկական գոհարներով։ Նա երեխաների հետ խոսում է ծառ ու ծաղիկների լեզվով, շոյում կենդանիների թաթիկներով, արևի շողերով ջերմացնում նրանց քնքուշ սրտիկները, առվակի պես կարկաչում, ծիածանվում նրանց տաք ժպիտներից, տաք ու ջերմ անձրև տեղում և փոքրիկների հոգին լցնում բազմազան գույներով, նրանց համար մի հեքիաթային աշխարհ նկարում և երեխաների ձեռքը բռնած՝ անցնում դաշտերով, սարերով, առվակներով՝ ճանապարհին իրենց հետ վերցնելով ամենահավատարիմ ընկեր-կենդանիներին, և ձեռք ձեռքի տված՝ պարում աշնանային աձրևի տաք կաթիլների հնչյունների ներքո։ Հավատացե՛ք՝ այս գրերով սնվող մանկան ներաշխարհը լցված է լինելու ամենանվիրական սիրուվ ու զգացմունքներով։
*
Մանկան աչուկներ
Որքա~ն անմեղ եք
Որքա~ն պայծառ եք
Արևի պես ջերմ:
Տեսնե°ս դուք ինչ եք
Տեսնում այս պահին,
Ի°նչ պատկերներ են`
Գալիս ձեր մտքին:
Մանկան աչուկներ`
Դուք արևներ եք,
Բարություն սփռող
Գերող սրտեր եք:
Ամենամաքուր ու անապական ծովը որ կա, դա մանկան աչքերն է, որ նույնքան խորն է, նույնքան խորհրդավոր։
Ահա, թե մանկագիրը ինչպիսի հուզառատ, գեղեցիկ զրույց է ծավալել փոքրիկ տղայի և մի օրվա կյանք ունեցող քնքուշ թիթեռնիկի միջև։
*
-Ա՜յ սիրուն տղա,-ասաց թիթեռն ինձ,-
-Նրբիկ եմ ես շատ, հանգիստ թող դու ինձ,
Ո՜նց պտտվում եմ, ես քեզ եմ տեսնում,
Նայի՛ր, թեփուկս է ո~նց է արտասվում։
Ա՜խր հասկացի՛ր երկար կյանք չունեմ,
Թող որ այսօրն էլ երջանիկ լինեմ։
Իմ մահը մոտ է՝ գուցե հենց հիմա,
Շատ եմ քեզ խնդրում ինձ մի՛ մոտենա։
Բայց փոքրիկն ամենևին էլ չէր ուզում նրան նեղացնել, նա միայն հրճվել էր ուզում թիթեռնիկի գեղեցկությամբ։
Արմինե Դավթյանը ստեղծել է ամենատարբեր կերպարներ՝ երեխաների հոգու լույսը վառ պահելու համար։ Նա՝ իր գրերով, մանուկներին սովորեցնում է սիրել հայրենիքը, ծնողներին, հարգել մեծերին, գնահատել բնության ամեն մի մասնիկը,
չվնասել, չվախենալ
կենդանիներից, նրանց ընկերաբար վերաբերվել։
*
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ
Գունեղ աշխարհ
Վառ երանգներով,
Ժպտացող արև՝
Մանկան ճիչերով,
Լուսավոր աչքեր՝
Խնդուն հայացքով,
Զվարթ մանուկներ՝
Լույսի ճրագով։
Ահա ինչպես է մանուկների մոլորակը պատկերում Սոնա Պողոսյանը, ով ընթերցողի սիրտը գերել է իր խորը, իմաստալից, հույզերի և զգացմունքների ամենանրբին թելերով հյուսված ստեղծագործություններով։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ, նրա հոգում դեռ թռվռում է այն խելացի աչուկներով հրաշք աղջնակը և նրան ստիպում խոսել իր լեզվով, մանկան աչքերով ու մաքրամաքուր սիրով նայել աշխարհին։
*
Առավոտյան շուտ արթնացա, տատիս փեշից կախվեցի,
-Տատի՜, քեզ հետ մեր դաշտը տար,-արցունքն աչքիս խնդրեցի:
Ահա, նրա գրչին պատկանող մի ստեղծագործություն, որ ամբողջությամբ լույսով ու բարությամբ է ճառագում։
Վստահ եմ՝ անգամ հասուն մարդն այսպիսի խելացի պատասխան չէր տա։ Մանկան փոքրիկ սրտում հայրենի բնության նկատմամբ մի մեծ սեր էր ծաղկում։
-Չէ, տատիկ ջան, դու չես սպասում, դու միշտ գնում ես մենակ,
Բա ամոթ չի՞, դեռ չեմ տեսել ցորենի դաշտն ընդարձակ…
Տատ ու թոռ, երգ ու պար ասելով՝ճամփա են ընկնում, դաշտը մանկան առաջ բացվում է որպես մի հրաշք-ոսկենկար, ուր քամին խաղում էր հասկերի հետ, մեկ խառնում էր հասկերի վարսերը, մեկ՝ սանրում։
Եվ ով հրաշք, այստեղ մի մեծ գաղափար է ծավալվում, երբ աղջիկն ուզում է արտույտին իր տուն տանել։
-Արտուտիկի տունն այստեղ է, տես, մայրիկին է կանչում,
Մորից հեռու ոչ մի ձագուկ է՛լ երջանիկ չի լինում…
Դու ո՞նց կապրես, թե քեզ տանեն օտար մարդիկ՝ օտար տուն:
-Լա՜վ, տատիկ ջան, հասկացա քեզ, լորիկն ապրում է արտում,
Ամեն ձագուկ իր բնից է օդում ճախրել սովորում…
Ու տուն դարձանք <<կիսված>> ճամփով, արտ-արտույտով հիացած՝
Ես թռչում էի լորի թևով՝ տատիս ձեռքից պինդ բռնած…
Երբ այս գիրը կարդացի, զգացի Սոնա Պողոսյանի գրչի խանդավառությունը, թե ինչպիսի սիրով և նուրբ թելերով էր այս տողերն ասեղնագործել։
Առաջին հայացքից թվում է՝ մանկական գիր է, որ լույս է տարածում մանուկների հոգում, բայց գրի միտքն ավելի ու ավելի խորն է։
Հետաքրքիր զրույց է ծավալվում սերմի և մրջյունի միջև։ Մրջյունը ջանում էր ուսերի վրա տանել սերմը, չնայած հասկանում էր, որ դա իր ուժերից վեր է։ Մրջյունը զայրանում է և բեղերը սրած՝ խոստանում ընկերների հետ ետ վերադառնալ, երբ սերմն ասում է, որ դա նրա ուղեղի բանը չէ։
Այստեղ, մրջյունի կերպարով, գրողը գծում է այն մարդկանց պատկերը, ովքեր, չնայած իրենց փոքրիկ, սահմանափակ ուղեղին՝համառությամբ և տգիտությամբ փորձում են իրենց գործն առաջ տանել և ամեն գնով դիմացինին պատժել։
Իզուր ծաղրեցիր ուղեղիս չափով:
Մրջունը գնաց բեղերը սրած,
Խեղճ սերմը մնաց վախեցած, տկար,
-Օգնեցե՜ք,-կանչեց ձայնով նվաղած,
Միայնակ էր նա, փրկություն չկար:
Բայց բնությունը երբեք իր զավակին դժբախտության մեջ չի թողնում ։
Մեկ էլ երկնքից մի կաթիլ ընկավ.
Օգնության շտապեց անձրևը բարակ,
Սերմի տակ հողը փափկեց, լճացավ,
Սերմն էլ սահելով անցավ գետնի տակ:
Մոր գրկում զավակը միշտ էլ իրեն ապահով է զգում, եթե անգամ վերջինիս վտանգ է սպառնում։
Զգալով վտանգից փրկված, ապահով՝
Սնուցվեց ջրով, հողով բարուրվեց,
Գլուխ խոնարհեց շնորհակալ սրտով՝
Մայր հողի գրկում անվրդով քնեց:
Դաշտ ու ծաղիկ պար էին բռնել արևի ջերմ շողերի ներքո, թռչուններն ուրախ դայլայլում էին, կանաչը խինդ ու բերկրանքով մաքուր օդն էր շնչում . բնությունը զարթոնք էր ապրում։ Այս հանգիստ, խաղաղ նինջի մեջ սերմը գիրացել էր, և երբ փորձեց շարժվել, կեղևը պատռվեց և փոքրիկ ծիլը բացեց աչիկները ։ Մինչ ծիլը հասակ էր առնում, սերմը հողի մեջ արմատ էր գցում, որ ծիլը սնուցվեր, բույս դառնար , բույսն էլ իր ծաղիկնեին կյանք պարգևեր։ Այսպես համերաշխ ապրում էին իրենց գեղեցիկ ընտանիքով, երբ դեռ նոր աչքը բացաց կոկոնը՝ իր գեղեցկությունից մեծամտացավ և վիրավորեց իրեն շունչ տվող փոքրիկ ամպիկին։ Ասեք, որ սա հրաշք է, նա մեկ- մեկ հավաքել է բնության ամեն մի բջիջը և մի հիասքանչ մարգարտաշար ստեղծել։
Ծաղիկը լսեց՝ մեծամտացավ.
-Ո՞վ ես դու, փրփուր, որ գովքս անես,
Չքվի՛ր աչքիցս, անմի՛տ,-զայրացավ
Ու վիրավորեց ամպին լուսերես:
Եվ ինչի՞ է հասցնում նրա մեծամտությունը, բոլորը նրանից երես են թեքում և նրա ծաղկափոշին կաթում է է այն նույն մրջյունի գլխին, որ գուցե մոռացել էր սերմին տված խոստումը։
Մռայլվեց ամպը, շուրթերը փքեց.
-Երբ կծարավես, նոր կհասկանաս,
Թե ով էր ամպը, որ գովքդ արեց,
Կզղջաս, սակայն կլինեմ անհաս…
Արմատը տնքաց, ցողունը ճկվեց,
Տերևն ապտակեց ծաղկին մեծամիտ,
Ու ծաղկափոշին աչքերից կաթեց
Մրջյունի գլխին ընկավ միամիտ:
Այն նույն մրջյունն էր, գլուխը սրբեց,
Նույն հոտը առավ այն կորած սերմի,
Որի հետքերը անձրևը մաքրեց,
Ինքն էլ չգտավ, որ իր տուն տանի:
Ահա ինչպես է մրջյունը նրան խրատում։
-Լավ լսիր,-ասաց,-թե ինչ կասեմ ես,
Առանց քեզ այստեղ ոչինչ չի փոխվի,
Թե սերմ էլ չտաս՝ անհետ կկորչես,
Բայց ջուրն անմահ է և ուժն է հողի:
Ամպերն են անսպառ ջրեր ամբարում,
Հողին ծարաված թե անձրև չտան,
Այս հողագունդը, ամենքն աշխարհում
Քամու բերանին փոշի կդառնան:
Այսքանից հետո մնում է ասել, որ մեր վաղվա սերունդն ամուր ձեռքերում է, և մեր մանկագիրներն ամեն ինչ կանեն նրանց մտքի շտեմարանը լցնելու, նրանց հայեցի դաստիրակելու և նրանց մեջ հայրենիքի նկատմամբ մեծ սեր և նվիրվածութուն սերմանելու համար։
Եկեք մաքուր և անաղարտ պահենք մեր մանուկների հոգին, որ նրանք առողջ պտուղներ տան։
Այսօր թերևս այսքանը, մյուս մանկագիրների գրերին կանդրադառնանք նախագծի շրջանակներում։
Վերլուծությունը՝Նելլի Ենոքյանի