‹‹Գրադարանում›› -Մերի Բադալյան

Ձեզ ողջունում է ‹‹Գրադարանում›› նախագիծը, որի շրջանակներում հարցում կանցկացվի «Արդյո՞ք գրադարանագիտությունը համարվում է ժամանակակից մասնագիտություն» թեմայով: «Գիրք կարդալը նորաձև է», «Գրադարանները հագեցված են ժամանակակից տեխնոլոգիաներով» շատ ենք լսել նման վերնագրերով բազում հարցազրույցներ: Սակայն մեր հարցազրուցի նպատակը այլ է՝ գիրք կարդալը համարելով նորաձև, գրադարանները հարմարավետ և հաճելի, արդյո՞ք գրադարանագիտություն մասնագիտությունը ևս համարում ենք ժամանակակից և պահանջված: ‹‹Գրադարանում›› նախագծի շրջանակներում հարցում է անցկացվել Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս՝ Զարուհի Տոնոյանի հետ: Մանկավարժական համալսարանը միակն է Հայաստանում այս մասնագիտությամբ կադրեր պատրաստող:
1.Արդյո՞ք Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ մասնագիտությունը համարում եք ժամանակակից և պահանջված:
Ժամանակակից մեթոդների կիրառումով ավելի է բարձրացել մասնագիտության վարկանիշը: Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում՝ առաջադրելով գրադարանների աշխատանքը կազմակերպել նորովի: Եվ գրադարանավարի հմտություններն ու կարողությունները ավելի ընդլայնվեց. տեղեկատվական հսկայական ռեսուրսների տրամադրումը ընթերցողին գրադարանավարից պահանջում է լուրջ գիտելիքներ, այդ իսկ պատճառով մասնագիտության պահանջը օր օրի ավելի է մեծանում:
Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ մասնագիտությունը և ժամնակակից է, և պահանջված: Գրադարաններն ու տեղեկատվական կենտրոնները մեծ դեր ունեն գիտության, կրթության, մշակույթի զարգացման ոլորտներում:
2.Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ գրադարանում աշխատելու համար պարտադիր չէ լինել մասնագետ:
Համաձայն չեմ այդ կարծիքի հետ, քանի որ յուրաքանչյուր մասնագետ պետք է իր տեղում լինի և ամենակարևորը սիրի իր մասնագիտությունը: Այս մասնագիտության տեր մարդիկ առանձնանաում են իրենց յուրահատկությամբ: Գրադարաններում պետք է աշխատեն այնպիսի մարդիկ, որոնք կարողանան մերօրյա հսկա տեղեկատվական դաշտում հավուր պատշաճի կատարեն ընթերցողի պահանջները: Գրադարանավարը երբեք չպետք է մերժի ընթերցողին և ամենակարևորը իր հմտություններով ու կարողություններով նպաստի ընթերցողի կրթադաստիարակչական աշխատանքներին, ուղղորդի, ճիշտ ցուցումներ տա, միշտ սովորեցնի:
3.Վերջին տարիների հետ համեմատած ուսանողների հոսքը ավելանում է թե՞ պակասում: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Ուսանողների հոսքը տարեց տարի ավելանում է թե առկա, թե հեռակա ուսուցման համակարգերում և շատ ուրախ ենք, որ գնալով ավելի լուրջ մոտեցում են ցուցաբերում մասնագիտության վերաբերյալ:
4.Իչպիսի՞ մեթոդներ պետք է կիրառեն ոլորտի մասնագետները այս մասնագիտությունը ևս առաջ մղելու համար:
Առարկայական փոփոխությունները, առարկայական փաթեթների կազմումը, ուսանողության հետ անընդհատ կապը, տեսասահիկների ցուցադրումը, տեսանյութերի տրամադրումը մասնագիտության բարելավմանն են միտված և ճիշտ մեթոդների կիրառմանը: Ժամանակակից մեթոդների կիրառումով ավելի է բարձրացել մասնագիտության վարկանիշը:
Ոլորտի մասնագետները միշտ պատրաստ են ժամանակակից մեթոդներով կրթել ուսանողությանը, որպեսզի կարողանան ապագա կադրերը կողմնորոշվել և իրենց տեսական գիտելիքները կիրառել իրենց աշխատանքում, մերօրյա հսկայական տեղեկատվական դաշտում: Ժամանակակից գրադարանների, տեղեկատվական կենտրոնների դերը լայն տեղեկատվական ենթակառուցվածքներ ստեղծելն ու մարդկությանը դեպի <<բաց հասարակարգ>> առաջնորդելն է: Կադրերի նկատմամբ պահանջները նույնպես փոխվում են: Աշխատողի արհեստավարժությունից, փորձից, գիտելիքների պաշարից, մի խնդրից արագորեն մյուսին անցնելու հմտությունից բացի, կարևոր են դառնում նրա անհատական գծերն ու նվիրվածությունը գրադարանի առջև դրված խնդիրների լուծմանը:
Գրադարանն ու տեղեկատվական կենտրոնն այսօր տեղեկատվություն հավաքողից և պահպանողից վերածվել են հետազոտողի, վերլուծողի, կրթողի:
5. ժամանակակից գրադարանային գործում կարեւոր տեղ է հատկացվում տեխնոլոգիական միջոցներին: Ձեր կարծիքով դա նպաստում, թե՞ խանգարում է աշխատանքին:
Վերջին երկու-երեք տասնամյակներում տեղեկատվության ստեղծման և տարածման ավանդական միջոցներին զուգահեռ աշխարհն ականատես է թվային տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը: Թղթային գրադարաններին ու հավաքածուներին փոխարինելու են եկել թվային հավաքածուները և տեղեկատվական շտեմարանները: Այս ամենը նպաստում է գրադարանների զարգացմանը և գրադարանավարի գործի էլ ավելի դյուրացմանը: Տեղեկատվության հսկա զանգվածներ վարկյանների ընթացքում գրադարանավարը կարող է տրամադրել ընթերցողին: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ նաև ընթերցողը ստացավ լայն հնարավորություն՝ օգտվելու տարաբնույթ ծառայություններից, որոնք մինչ այդ անհասանելի էին:
Համընհանուր դրական տեղաշարժերի ծիրում առանձին գրադարաններ ծավալում են ինքնուրույն բացառիկ գործունեություն, մոտենալով համաշխարհային չափանիշները բավարարող հաստատության նկարագիր:
Կազմակերպական հսկայական ջանքերի, նյութական ներդումների շնորհիվ ժամանակակից գրադարաններն այսօր հասանելի են ուսանողների, գիտնականների, ողջ հանրության համար: Այսօր չափազանց հեշտացված է նյութի որոնումը, սպասարկումն ամբողջությամբ կառուցված է ընթերցողի ժամանակը խնայելու,նրա աշխատանքը հաճելի և դյուրին դարձնելու սկզբունքի վրա:Որակյալ սպասարկումը գրադարանի գործունեության առանցքն է:Այդ նպատակով պարբերաբար անց են կացվում հասարակական հարցումներ, որոնց հիման վրա էլ բարելավում են ծառայությունները:
6. Համալսարանից դուրս անցկացվում են պրակտիկաներ, որպես գրադարանի ժամանակակից օրինակ , որտե՞ղ եք ուղղորդում ձեր ուսանողներին:
Իհարկե, պրակտիկաներ կազմակերպում ենք համալսարանից դուրս՝ Հայաստանի Ազգային գրադարանում, Ավ. Իսահակյանի անվ. Կենտրոնական գրադարանում, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, Հայաստանի Ազգային արխիվում:
Կարծում ենք՝ պրակտիկ ոլորտում պարապմունքների ակտիվացումը, գրադարանների հետ հնարավորինս սերտ շփումը նպաստում է սովորողների հետագա մասնագիտացմանը, հետազոտական աշխատանքների ծավալմանը, ինչպես նաև ոլորտի հանդեպ դրական վերաբերմունքի արմատավորմանը, մասնագիտությամբ աշխատելու շահագրգռվածության բարձրացմանը: Ձեռք բերված գիտելիքներն ուսանողները կկիրառեն հետագա ուսումնական գործընթացում, ինչպես նաև մասնագիտական ոլորտում:
Դասերի ընթացքում նույնպես ուսանողների հետ կազմակերպում ենք այցեր տարբեր գրադարաններ՝ մասնակցում գրադարանային բազմաբնույթ միջոցառումների, գրքերի քննարկումների, կլոր սեղանների, հանդիպումներ ոլորտի մասնագետների, ինչպես նաև արտասահմանյան մասնագետների հետ:
………..
Կուլտուրայի ֆակուլտետը ձևավորվել է 1970 թվականին: Ֆակուլտետի ձևավորման հետ միաժամանկ իր գործունեությունն է սկսել ՝ Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնը: Նրա հենքի վրա 2001 թվականին ամբիոնում ստեղծվում է երկրորդ մասնագիտական բաժինը՝ «Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն»: Ամբիոնի վարիչների և դասախոսական անձնակազմի շնորհիվ ամբիոնը շարունակում է իր բուռն գործունեությունը մինչ այսօր: Ամբիոնի դասախոսների շնորհիվ մասնագիտությունը այսօր պահանջված է և սիրելի: Անչափ շնորհակալ ենք բոլոր դասախոսներից նման նվիրումի և սիրո համար: Այս բովանդակալից հարցազրույցի համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս՝ Զարուհի Տոնոյանից :
Հարցազրույցը սիրով անցկացրեց Խ. Գյուլնազարյանի անվան գրադարանի աշխատակից՝ Մերի Բադալյանը: