Skip to main content
     
  • Մշակութային նախագծեր
  • Վերնիսաժ
  • Հեղինակների կենսագրություններ
  • Պոեզիա
  • Արձակ
  • Հարցազրուցներ
  • Ֆոտոարվեստ
  • Երգարվեստ

Գիրը ափի մեջ-Գևորգ Բադալյան

August 6, 2017 at 12:32 pm, No comments


Ամեն անգամ այս կամ այն գրվածքի տողատակերը բացելիս՝ սիրտս թրթռում է։ Արդյոք ի զորու եմ այս գրերի շունչն այնպես զգալ, որ անգամ հևոցները լսեմ, և գրողի ասելիքը նույնությամբ, գոնե մասամբ, ընթերցողին փոխանցեմ։ Այս անգամ ուզում եմ Ձեզ տանել երիտասարդ գրող՝ Գևորգ Բադալյանի ստեղծագործություների հետքերով։ Հետքեր, որոնք այնպիսի խորություն ունեն, որ կարող են հողից մահացած ծիլերն էլ հանել։ Նրա գրերում այնքան ասելիք կա, որ ակամայից կարկամում եմ, փորձում հետ դառնալ,բայց նրանց խորությունը միտքս ավելի է կլանում և ստիպում փրփրուն տողերի մեջ իմաստը բա ցահայտող բանալին գտնել։Գ. Բադալյանի գրերը հյուսված են ամենապարզ բառերով, ամենաարտահայտիչ մակդիրներով ու համեմատություններով, բայց սա այն դեպքն է, որ չպետք է շտապել եզրակացություններ անել։ Նրա գրերը խոսում են բոլոր զգացմունքների լեզվով, ողջ մարդկության անունից, մի քանի տողի մեջ կերտում է կերպարներ, նրանց անունից տալիս աշխարհին ու մարդկությանը հուզող հարցեր։ Բադալյանի տողերը շնչում են անսահման ազատությունից, ընթերցողի միտքը չեն ծանրացնում,դիպուկ են, խորքային, երբեմն չափից ավելի խիստ ու դատապարտող։ Գովերգվում է ազնիվ, արդար քրտինքով վաստակած աշխատանքը. սիրող, հավատարիմ կինը՝ Լիլիթը, դատապարտվում չարով լցված աշխարհը, առաքինի կնոջ կերպարի տակ քողարկված՝ դիվային աչքերով, լրբենի ծիծաղով կին աստվածուհուն քամահրանքով նայող, Ադամներ որսացող կինը՝ Եվան։ Գրողի սիրտը ցավում է այն օրերի ու տարիների համար, որ իմաստազրկվել, գունաթափ են եղել վայրենի ամբոխի ոտքերի տակ, որ չի ճանաչում ո՛չ ազգ, ո՛չ մշակույթ, ո՛չ էլ սրբություն։ Նա չգիտի ինչպես պաշտպանվի և ազգը պաշտպանի, որ նրանց անցած ճանապարհի փոշին կուլ չտան ու չկոխկրտվեն անուս, անպատիվ մարդկանց բիրտ ու դաժան ոտքերի տակ։ Գալիս է հեռվից ժուժկալ մի ամբոխ Տավարի նման՝ հարայ հրոցով, Ճամփին ամենը անում ոտնակոխ Ես ո՞նց պաշտպանվեմ բարակ թիկնոցով... Գալիս,իր ստին, կանգնում է վկա Ու հպարտանում Ճշմարտությունով Երբ հավատալու հույս անգամ չկա Ես ինչպե՞ս ապրեմ ծախու հավատով։ Հրաշալի է ներկայացրել մի ազգի, որ եկել է դարերի խորքերից, ապրել ցավն ու ճիչը շուրթերին, բայց այդպես էլ չի զգացել մոտալուտ վտանգը, մինչև վերջ չի մաքրել դարի արգանդը ու չարի արմատները չի ոչնչացրել, չի հասկացել, որ ցավը հոգուց է դուրս գալիս, ոչ մեկ այն իր ներսում չի կարող դնել, եթե չխաբվի, չուրանա հավատը, և ամեն անգամ հոգին անաստվածների ոտնատեղ չդարձնի։ Ճչացինք կյանքում՝ առանց խոսքերի, Բայց լուռ աշխարհի խոսքը չիմացանք, Հորձանուտն ընկանք վարար հոսքերի Արար աշխարհից բան չհասկացանք։ Նա հորդորում է չխաբվել, չգնալ կեղծ առաքյալների թվացյալ լույսի հետևից, ովքեր մինչև վերջին կաթիլը խմում են հավատի արյունը ու թույն թքում մեր հոգիներին։ Նա վախենում է, որ մի օր իր և իր նման արդարության ճանապարհը փնտրող մարդիկ էլ եկող սերունդների բաց աչքերում կեղծ անուն չվաստակեն, քանի որ այդքան չարչրկվելուց հետո դեռ իրենց ապրածը կյանք են համարում՝ անվերջ կրկնելով ու իրենց համոզելով, որ դա է իրենց ճակատագիրը և ոչինչ փոխել չեն կարող։ Մի տեսակ ստրուկի հոգեբանություն է ծվարում հայ մարդու հոգում, ով անկոտրում կամք է ունեցել և բազում փոթորիկների մեջ մնացել է կանգուն։ Ու մենք էլ մի օր պիտի կեղծ դառնանք Գալիք սերնդի խրոխտ աչքերում, Քանի տանում ենք այսքան տառապանք Ու դեռ ասում ենք, թե կյանք ենք ապրում։ Գևորգ Բադալյանի սիրտը լցված է անսահման ցավով կորստի մատնված հողի համար, որ պատառ-պատառ կտրում են, գայլերի երախը գցում։ Այլևս իր հպարտ, կանգուն հայրենիքից բան չի մնացել, հոգին ճանկռոտվել է, բացված վերքերից անգամ արյուն էլ չի հոսում. արյունը խմեցին,երբ հոգին տկար էր, անօգնական։ Ինչպիսի՜ վարպետությամբ է գծում հայրենիքի իրական պատկերը, ուր ո՛չ ցանած արտ է մնացել, ո՛չ էլ առողջ ծիլ, որոմն էլ այնպես է փաթաթվել հասկերին, որ խեղդել է։ Աշխատող ձեռք էլ չի մնացել, որ որոմն արմատախիլ անի, հավատ էլ չի մնացել, որ հուսահատ արտը ջրեն։ Հոգիդ ավեր Վայ տնավեր, Մի ժամանակ Ժայռիդ վրա Մի արծիվ էիր. Այժմ ծերպիդ վրա աներ Թառ են բռնել Անխելք հավեր։ Հայրենիքի մասին կարող ենք հազար ու մի երգ գրել, բայց ամեն երգի հետ ցավն ավելի է խորանալու ու միշտ դուդուկի հոգեպարար մեղեդին լցվելու է մեր երակների մեջ ու նորից վարարելու է, ափեափ է խփվելու հայի աննկուն ոգին։ Ուրիշ է Գևորգ Բադալյան՝ սերը կյանքի չափ արժևորող ասպետը։ Սիրած էակի համար նա պատրաստ է անհնարինին, միայն նրա հոգին չմրսի։ Բայց որքան էլ սիրի, նվիրվի, երբեք արժանապատվությունը կնոջ ոտքերի տակ չի դնի։ Արև կբերեմ քո աշուն սրտին Թախիծն աչքերիդ կսկսի փայլել, Սերս քեզ կտամ տերևաթափին Ու դու կսկսես սիրելս սիրել։ Բայց սիրելին չի կարողանում գնահատել վերջինիս մաքուր, անկեղծ զգացմունքները։ Չեմ հոգնել երբեք ամեն ինչ տալով Քեզ համար, սակայն, ոչինչ չեմ եղել, Լացս թաղել ես դու կեղծ ծիծաղով Այնպես, ասես թե, ոչինչ չի եղել։ Հպարտ է նրա սերը, իր հոգու պես վեհ ու մաքուր, մարմնականը նրա համար ոչինչ է, երբ խավարոտ է հոգին, քարացած է սիրտը։ Նրա սերն իր գրերի պես պարզ ու խորն է. սիրած էակից հեռու կարոտ է քամում, օրեր է թերթում, որ որքան հնարավոր է շուտ նրան հասնի։ Հիասթափության թևերից կախված՝ նրան թվում է այլևս արշալույսներ չեն լինելու, բայց ի վերջո ընդունում է, որ սերը և՛ վերք է տալիս, և՛ վերք է բուժում, շատ հաճախ թողնում կես ճանապարհին, բայց միշտ էլ օրհնելու է այդ երանելի զգացմունքը։ Կյանք է, ի՞նչ կարող ես անել, երբ մի օր բաժանվում են ճանապարհները։ Սերն ամենքի համար նույնն է, պարզապես պետք է օրհնել նրա ծնունդը, եթե անգամ այն ուրիշին է բաժին հասնում։ Նա ո՛չ դատապարտում է, ո՛չ ծնկում, ո՛չ էլ հետ կանչում, միայն խնդրում է իրեն հիշել որպես վերջին վերջաբան, իր սիրո վերջին աղոթքը, որ այդպես էլ երկինք չհասավ։ Հուսահատ է նրա սիրատենչ սիրտը, քանի որ իր սիրած կինն էլ եվայակերպար հագավ։ Գուցե այս լրբացած դարում Լիլիթները տեղ չունեն և կամաց-կամաց փոշիանում են եվաների ոտքերի տակ։ Ասածներիս Ականջ չարիր Ու սկսեցիր Արևից շուտ լուսաբացվել, Մայրամուտվել՝ արևից շուտ, Թուլանալուց ուշաթափվել, Ուժաթափվել ՝ թույլերից շուտ, Կույրերից շուտ դու կուրացար Ու կին դարձար Կույսերից շուտ, Ընդամենը դու չհասկացար Ու սիրեցիր Սիրելուց շուտ։ Եռում է բանաստեղծի հոգին. կորուստը մեծ է, ցավը՝ անդառնալի, բայց ավելի լավ է սիրտը սնել հուշ-սիրով, քան գայթակղվել անսիրտ, անդեմք կանանցով, որոնք Ադամներ են փնտրում, որ նորից մոլորեցնեն, որ աշխարհը հույսի ոտքերից կախված մնա, ու չարի կնիքն ընդմիշտ դրոշմվի մարդկության ճակատին։ Պատժված օձը հող է ուտում, իսկ դրախտից վտարված կինը՝ մարդկային հոգիներ է ծամում ու թքում չարի ոտքերի տակ։ Ու երբ վերջանա հոգու ու մարմնի վաճառքը, սատանան անգամ նրա հոգին չի առնի, ու նա հավերժ կախված կմնա մեղքի պարանից։ Ու երբ վերջանա վաճառքդ փնթի Վախճանդ դարձի թեկուզ գա անմիտ, Սատանան անգամ գլուխ չի հանի, Չի առնի երբեք մարմնիցդ հոգիդ։ Գևորգ Բադալյանի սրտում բացահայտ ատելություն ու նողկանք կա այն կանանց նկատմամբ, ովքեր ոտնահարում են բոլոր սրբությունները, փողի ու փառքի համար պատրաստ են անգամ մարմինն ու հոգին մաս-մաս վաճառել։ Նա շատ խիստ է վերաբերվում, խարազանում է անգամ էգի բնազդը կորցրած կանանց, ովքեր ո՛չ ափսոսանք ունեն, ո՛չ էլ զղջում են իրենց զուր, անիմաստ, անբարո կյանքի համար՝ ասես դեռ ապրելու մի կյանք էլ ունեն, չեն շտապում դարձի գալ, երեխաներ ունենալ։ Նրանց շքեղությունը արժեք չունի, քանի որ նրանք իրենց կյանքը տանուլ են տվել՝ բռնելով կործանման ճանապարհը։ Քանի չեք բերել դուք աշխարհ մեկին Ու չեք ճչացել երկունքից մի օր, Ձեր շքեղությամբ դուք կին չեք,տիկին Դուք չունեք բնազդ անգամ մի խորթ մոր: Ինչպես տեսնում եք՝ նրա գրերը՝ մեկը մեկից խոսուն են, տողատակերում մեծ խորհուրդ կա, անսահման ասելիք։ Նրա գրերի մասին կարելի է անվերջ խոսել, մեկնել, բայց դարձյալ շատ քիչ բան ասած կլինենք, քան հենց ինքը՝ գրերի հեղինակն է ցանկացել ասել։ Նրա գիրը սովորական գիր չէ, այն հոգու գիր է՝ ստորագրված հույսով և Աստծո հանդեպ տածած անսահման հավատով։ Հալածված տգետ բախտից անօրեն Գնում եմ շենշող ճամփեքով անել Քաղաք,ուր սուտ են կույսերը արդեն, Ուր տառապանքը տարփանք է դարձել: Գնում եմ այնտեղ,ուր խիղճն է միայն Դատում թշվառին,վեհին կեղծավոր, Ուր շիտակ խոսքը չեն ասում անձայն Առաջընթացին ուր պետք չէ քավոր: Քաղաքում այդ հին չկան կեղծ կույսեր Ներում կա գայթած պատվի համար խեղճ, Քաղաք,ուր հույսը ունի դեռ հույսեր, Ուր մահից բացի չկա ուրիշ վերջ:

Վերլուծությունը՝Նելլի Ենոքյանի։

No comments

Leave a reply







Վերջին  հրապարակումներ


Created with Mozello - the world's easiest to use website builder.

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more