Skip to main content
     
  • Մշակութային նախագծեր
  • Վերնիսաժ
  • Հեղինակների կենսագրություններ
  • Պոեզիա
  • Արձակ
  • Հարցազրուցներ
  • Ֆոտոարվեստ
  • Երգարվեստ

Զրույց անցած կայարանների մասին

February 4, 2019 at 7:32 pm



Նարինե Ավագյանը բանաստեղծական աշխարհում իր խոսքն ասել է վաղուց`հեղինակելով մի շարք գրքեր:

Նարինե Ավագյանը ծնվել  է Գյումրիում, մտավորականի ընտանիքում:  Ավարտել է  Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան Մանկավարժական համալսարանի <<Օտար լեզուների>> ֆակուլտետի <<Անգլերեն>> բաժինը  գերազանց առաջադիմությամբ:  2000թ-ից  ապրում է  Երևանում: Բացի մասնագիտական զբաղվածությունից  ( օտար լեզվի ուսուցչուհի է)՝ հետաքրքրված է փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ: 

Առաջին ժողովածուն՝<<Ես՝առանց ինձ>> , լույս է տեսել 2012-ին: Բանաստեղծությունների այս շարքը հիմնականում սիրային բովանդակությամբ է: Նկարազարդ այս գիրքն  իր մեջ պարունակում է 81 բանաստեղծություն, որում երևում է հեղինակի սերը կյանքի, բնության և մարդկության հանդեպ: Այն հեղինակային հրատարակչության  է։


Բանաստեղծուհու գործերի առանցքում սերն է:
Նրա նուրբ,քնարական պատկերները շոշափելիորեն զգայական են:
Սերը կենարար զգացմունք է,որը Նարինե Ավագյանի գործերում փոխակերպվում է բառի:
Հույզերի վարագույրի տակ կինն է`առօրյայի և հոգևորի միակցումով:
Կնոջ նորովի ներկայացումը բացահայտում է բանաստեղծուհու գեղեցիկ աշխարհընկալման շերտերը:
Նարինե Ավագյանի պոեզիայում կինը հանդես է գալիս քնքուշ,զգայուն,բայց դրան զուգահեռ ուրվագծվում են ուժեղ անհատականության կողմերը:
Հատկանշական են բանաստեղծուհու վերջին գրքերը`«Չլրացված տողերի լուսանցքներում» և «Զրույց անցած կայարանների մասին»:

Այնքան սեր եմ
Անջատել իմ հոգուց...
Ասում են՝ ինչ-որ տեղ՝ հեռվում,
Արևն այրել է 
Ցորենի ամբողջ մի դաշտ...
***
Գազօջախին բլթբլթացող սուրճն
ինձ վերադարձրեց իրականություն:
դուռը քեզնից անջատող նեղ արահետը
տարավ ննջասենյակ, որտեղ ապրում ենք
ես ու վերնաշապիկդ…այն չեմ լվանում.
քեզաբույր է…
անձրև է և զգում եմ պատուհանի տակ աճող
ծաղկից ինձ փոխանցվող կաթիլների սարսուռը.
տես՝ինչպես է թպրտում երկինքը.
աստղերն են դողում…մերկ են…
իմ ներսում կանգ է առնում ժամանակը…
վերադառնում եմ սենյակ…
շարունակում եմ ապրել
վերնաշապիկիդ մեջ…

Ն. Ավագյան
27.03.16

***
Դու մենասեր գայլի նման

կուչ ես եկել հոգուս շեմին,

ծաղիկ ունես ափերիդ մեջ,

դու եկել ես լուսադեմին...

աչքերիդ մեջ կրակ անսանձ,

մի կիսկրտված համբույր շուրթիդ,

դու եկել ես այնպես հանկարծ,

այտս թույլ տուր հպեմ թաթիդ...

մեկտեղվել են խինդ ու բերկրանք

ափերիդ մեջ ու սպասումիդ,

անշնչացած մեղքի պիսակ

և թաց զղջում՝ գայլաչքերիդ...

մեղմ լուսնավոր կածանն ի վար

սլանում ես՝ լույս կա ձեռքիդ,

դու եկել ես, գրկիր ամուր,

թող գլուխս հանգչի ուսիդ...

դու մենասեր գայլի նման

տուն ես եկել... լուսադեմին...

Ն. Ավագյան

20.03.17

Կողպեք եմ դարձել

Կողպեք եմ դարձել, փակել ինքս ինձ,
Անկապույտ օրվա աչքերին ի տես,
Ու ճաք եմ տալիս, ու չեմ կոտրվում,
Թրծված խեցեղեն հին ամանի պես...

Սիրտ է, ի վերջո, մի օր կճայթի,
Որքան կարող եմ ամբարվել այսպես,
Հեռվից լսվում է ձայնը խաշամի,
Որ թելատվում է մաշվող գորգի պես...

Կծիկ եմ դարձել, փակվել ինքս իմ մեջ,
Ու շղարշվել է լույսն ավետիսի…
Հավերժագիշեր ծխարկումիս մեջ
Ապավինում եմ շառափին հույսի…

2017թ-ին լույս է տեսել Ն. Ավագյանի բանաստեղծությունների նոր՝<<Չլրացված տողերի լուսանցքներում>>  ժողովածուն,որի խմբագիրն  է գրականագետ  Անի Փաշյանը։


2018թ-ին Հայաստանի գրողների միության հրատարակչատանը տպագրվել է Ն. Ավագյանի թվով 6-րդ ժողովածուն՝ որը կրում է <<Զրույց անցած կայարանների մասին>> խորագիրը: Գրքի խմբագիրն ու առաջաբանի հեղինակը ՀԳՄ հրատարակչատան տնօրեն, Թարգմանությունների բաժնի վարիչ, թարգմանիչ, մշակութաբան և գրող Շանթ Մկրտչյանն է: 


«Զրույց անցած կայարանների մասին»գիրքը ամփոփում է Նարինե Ավագյանի անցած գործունեության բանաստեղծական նմուշները:
Իրապես կյանքը կայարան է,ուր մարդ գնտնում է կորցնելով,կորցնում`գտնելով:
Ուր խաչաձևում են սպասումնն ու հրաժեշտը,ժպիտն ու լացը:
Բանաստեղծուհուն հաջողվել է մեկտեղել ամբողջը մի գրքում:

Գրքերի շնորհանդեսը տեղի է ունեցել ջերմ գրական մթնոլորտում:
Բանաստեղծ Վրեժ Սարուխանյանը բարձր է գնահատել Նարինե Ավագյանի պոեզիան:
Ընթերցողները մեծ հրճվանք են ապրել `ներկա լինելով բանաստեղծուհու ստեղծագործական երեկոյին:




Հեղինակ`Հաս Չախալյան

Վերջին  հրապարակումներ


Created with Mozello - the world's easiest to use website builder.

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more