Skip to main content
     
  • Մշակութային նախագծեր
  • Վերնիսաժ
  • Հեղինակների կենսագրություններ
  • Պոեզիա
  • Արձակ
  • Հարցազրուցներ
  • Ֆոտոարվեստ
  • Երգարվեստ

«Քանի ուշ չէ,ասեմ»-Գոհար Եղիազարյան

December 20, 2018 at 8:58 pm, 1 comment


Գոհար Եղիազարյանի պոեզիան առանձնանում է հուզականության ներքին ծալքերով: Պոեզիայի հիմքում սերն է, ուր հեղինակը կարողանում է կիսել իր ցավերն ու խոհերը` հյուսելով մեղմ պատկերներ:

Թե աշխարհից խռով, խռոված ինձանից՝
Թափառեմ-չգտնեմ հաշտության հույս,
Մայրս քնքշագորով կձայնի ինձ հեռվից,
Սրտիս մեջ կվառի ցոլացող լույս։

Թե փոթորկվի հոգիս օվկիանոսի նման,
Ինձ իմ ներսից հանի, տանի հեռու-հեռու՜ ,
Մորս ջրհոր աչքից արտասուքը վառման
Կկաթկթի թաքուն, լուռ ու առու-առու...

Թե բարկանա Բարձրյալն ու նեղանա ինձնից,
Չլինի փրկություն, խաղաղության հնար,
Մայրս չեչաքարը ծնկների տակ դրած՝
Կմոռանա ցավը, կաղոթի ինձ համար։

Թե խազեր նկարի կյանքը դեմքիս վրա,
Հայելու մեջ նայեմ-նայե՜մ, ինձ չհիշեմ,
Մայրս կհամբուրի, կշոյի ձեռքով խաս,
Մինչև գտնեմ ես ինձ, ինձ նորից ճանաչեմ։

Թե հանգի հավատս, սերը երազ թվա,
Ակնամոմը հոգուս քերծված, ճանկռած լինի,
Մայրս՝ սեր ու սփոփանք, սիրո կանթեղ անմար,
Ինքնայրումի բոցով հավատս կվառի...

Թե անկաշառ մահվան ուրուն բախի դուռս,
Ասի՝ եկել եմ, տե՛ս, որ քեզ ինձ հետ տանեմ,
Մայրս ոտքի կելնի, թևը կընկնի նրա,
Մա՛յրս կանէանա, որ ես երկա՜ր ապրեմ...

14.10.2018
Գ. Եղիազարյան

Հատկանշական է այն, որ հեղինակը ձգտում է մայրերգության մեջ մտցնել իր տեսակը` ստեղծելով սահուն մեղեդայնություն, շնչող ռիթմ: Հեղինակի գործերում երիզվում են մայրական կերպարի նուրբ դիմագծերը, հոգու անսահմանության մեջ ճախրող կարոտները:
Եթերային վերհուշը հասնում է երբեմն իր բարձրակետին, ու տողերի ներսում խոսում է հիշողության սիրտը: Սերը ունենում է փոխակերպումներ: Ծնողասիրության ակունքներից սկիզբ է առնում զավակասիրությունը: Ծնող-զավակ կապը միաձույլ է և բխում է Աստծուց:

ՈՐԴՈՒՍ

Մի հանճարեղ մի օր բարբառել էր ցավից՝
Տվեք ինձ հենման կետ՝ աշխարհը շուռ կտամ...
Ես՝ կին-կողեղենս՝ հունցված սիրո կավից,
Ուզում էի գրկել երկինքն անեզրության...

Եվ հատ-հատ գուրգուրել բոլոր ասուպներին
Ու քարկտիկ խաղալ հեռու աստղերով վառ,
Ոտնահետքս թողնել ամպերի գեղմերին,
Բայց հանկարծ դու՝ իբրև Տիրոջ ընծա, եկար...

Եվ երբ իմ տաք գրկում մեղմանուշ ժպտացիր,
Մարմինդ կաթնաբույր, ու սեր աչքերիդ մեջ,
Դու՝ անհայտ գիսավոր, դու՝ աստղոտ Կաթնծիր,
Դու՝ մոլորակ փոքրիկ, հուրհեր արև անշեջ։

Էլ ինձ ոչինչ-ոչի՜նչ հարկավոր չէր, ՈՐԴԻ՜Ս,
Ես իմ ափերի մեջ տիեզերքն էի գրկել,
Ես լուռ հպվել էի փոքրիկ-փոքրի՜կ սրտիդ,
Որ և՛ կետ էր հենման, և՛անափ երկինք էր...

Այսօր... օրորերգ կա իմ շուրթերին կրկին,
Ու փարվել ենք իրար է՜ն օրերի նման,
Ես քո թևերի մեջ մա՜յր եմ և թույլ մի կին,
Ես՝ սիրավոր թռչուն, ես՝ զորավո՜ ր այնքան...

16.12.2018
Գ. Եղիազարյան

Պետք է ավելացնել, որ այս գիրքը հեղինակի անդրանիկ գիրքն է: Այն լույս է տեսել աշնանը, ( ցանկացողները կարող են ձեռք բերել Երևանի <<Բուկինիստ >>և <<Զանգակ>> գրախանութներից), շնորհանդեսին ներկա են եղել բազմաթիվ գրասերներ, որոնք բարձր են գնահատել գրքի դերն ու նշանակությունը: Շնորհանդեսը վարել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Գրական ջերմ մթնոլորտը համակցվել է Աննա Կոստանյանի ասմունքային կատարումներով: Գրքի վերաբերյալ կարծիքներ են հնչեցրել բանաստեղծ Շանթ Մկրտչյանը, բանաստեղծուհիներ Հռիփսիմե Հովհաննիսյանն ու Ռոզա Հովհաննիսյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, որն իր գրավոր հակիրճ կարծիքը թողել է գրքի առաջին էջում, առաջաբանը գրել է գրող, բանասեր, վաստակավոր մանկավարժ Նորա Սահակյանը, խմբագրել է Ռոզա Հովհաննիսյանը: «Քանի ուշ չէ,ասեմ» գիրքը ստիպում է ընթերցողներին խորհել` վերարժևորելով ամեն բառ, որն ակնթարթ է դառնում.... Չուշանա՛ք.... Հաս Չախալյան




1 comment - «Քանի ուշ չէ,ասեմ»-Գոհար Եղիազարյան

Նաթելա - December 22, 2018 at 1:26 am
Հրաշալի եք ներկայացրել մեր շատ սիրելի բանաստեղծուհու պոեզիան։
Շնորհակալություն։

Leave a reply







Վերջին  հրապարակումներ


Created with Mozello - the world's easiest to use website builder.

Create your website or online store with Mozello

Quickly, easily, without programming.

Report abuse Learn more