‹‹Գրադարանում›› - Մերի Բադալյան
Ողջու՜յն, հարգելի խմբակիցներ: Ձեզ ողջունում է ‹‹Գրադարանում›› նախագիծը: Նախագիծը սիրով հարցում է անցկացրել Ավ. Իսահակլյանի անվան քաղաքային գրադարանի տեղեկատու -մատենագիտության բաժնի վարիչ՝ Գայանե Եդիգարյանի հետ:
1.Ի՞նչ է նշանակում մատենագիտություն: Ժամանակի ընթացքում ինչպիսի՞ փոփոխությունների է այն ենթարկվել:
***Մատենագիտություն նշանակում է «մատյանների գիտություն»։ Կազմված է մատենագետ բառից։ Ըստ Հայկազյան բառարանի՝ նշանակում է «գիտակ և հմուտ մատենից»։ Մատենագետ բառն օգտագործվել է դեռևս V դարում՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ։ Այն թարգմանությունն է հունարեն բիբլիոգրաֆիա բառից։ Բառացի նշանակում է «գրքագրություն»: Եղել են կարծիքներ, որ ավելի ճիշտ թարգմանությունը ոչ թե մատենագիտությունն է, այլ մատենագրությունը։ Քանի որ վերջինս այսօր ունի հայ հին գրականության իմաստ, ուստի շրջանառության մեջ է մնում մատենագիտությունը։
2.Որո՞նք են մատենագիտության խնդիրները:
***Մատենագիտությունը գիտության մի յուրահատուկ բնագավառ է՝ կապված գիտության այլ բնագավառների հետ։ Նրա խնդիրն է ցույց տալ գիտությունների, դպրության և արվեստների զարգացման անցյալը, պատկերել ներկա վիճակը։
Մատենագիտական աշխատանքի հիմնական բաղադրիչներն են՝
• Միջնադարում ստեղծված մատենագիտական ժառանգությունը,
• Ձեռագրական հավաքածուների մատենագիտական նկարագրությունը,
• Գիտական մատենագիտությունը։
3.Գիտական մատենագիտությունը ըստ էության ունի երկու ըմբռնում։ Առաջինը հունարեն բիբլիոգրաֆիան է, որից և թարգմանվել է հայերեն մատենագիտությունը, երկրորդը բիբլիոլոգիան է, որը ևս հայերեն թարգմանվում է մատենագիտություն: Ո՞րն է այս երկու ըմբռնումների տարբերությունը:
***Կարևոր են և մատենագիտական այն աշխատանքները, որոնք կոչվում են բիբլիոգրաֆիա, և այն երկերը, որոնք իրականում բիբլոլոգիա են։ Թեև երկուսն էլ իրարից որոշակիորեն տարբերվում են։ Առաջին իմաստով ստեղծվել են պարբերական մամուլի, տպագիր գրքերի և այլ մատենագիտություններ, իսկ երկրորդ առումով՝ բուն գիտական մատենագիտություն։
4. Ինչպիսի՞ գործառույթներ է իրականացնում տեղեկատու – մատենագիտական բաժինը:
***
• Մշակութային գործունեության իրականացում,
• Երևան քաղաքի ազգաբնակչության գրադարանային տեղեկատվության ապահովման կազմակերպում.
• գիտության,մշակույթի լուսաբանում և մասսայականացում,
• գիտատեխնիկական գիտելիքների տարածում,
• գեղագիտական դաստիարակություն,
• կրթական համակարգի գործունեության օժանդակում,
• Գրքերի և տպագիր նյութերի,գրադարանային ֆոնդը կազմող այլ նյութերի արդյունավետ օգտագործում,
• Ընթերցողների քաղաքական,բարոյական,գեղագիտական դաստիարակություն.
• ազգային ինքնագիտակցության և հայրենասիրության ձևավորում,
• Գրադարանային մատենագիտական գիտելիքների կուտակում, դասակարգում և ուսուցում:
5.Ի՞նչ ենթաբաժիններ ունի այն:
***Հիմնական գործառույթը՝ տեղեկատու-մատենագիտական և իրազեկային /տեղեկատվական/ սպասարկման իրականացումն է: Բաժինը վարում է տեղեկատու-մատենագիտական ապարատ, այդ թվում՝ տեղեկատու ֆոնդ ,տարբեր բնույթի քարտարաններ: Լրագրերի և ամսագրերի հոդվածների կարգային քարտարանը, երկրագիտական և թեմատիկ քարտարանները համալրվում են գրադարանում ստացվող մոտ 26 անուն թերթերի և 13 անուն ամսագրերի /ընտրովի/, հոդվածների վերլուծական նկարագրությամբ քարտերով:
6.Ի՞նչպիսի մեթոդներով է բաժինը նպաստում ընթերցողների մատենագիտական գրագիտության մակարդակի բարձրացմանը:
*** Բաժնում կատարվում են ընթացիկ մամուլի քարտարանների ստեղծման աշխատանքներ: Քարտարանների հարուստ նյութերը օգնում են ընթերցողների իրազեկային սպասարկմանը, նրանց թեմատիկ, մատենագիտական-փաստագրական հարցումների կատարմանը: Տարվա ընթացքում կազմակերպվում են թեմատիկ բնույթի, հիշարժան տարեթվերին և հոբելյններին նվիրված բազմաթիվ մատենագիտական, կենսամատենա-գիտական ցանկեր, գրքային ցուցահանդեսներ: Մատենագիտական բաժինը ոչ միայն տեղեկություն է տալիս ընթերցողին գրականության մասին,այլև կոնկրետ պատասխանում է նրանց հետաքրքրող հարցերին:Ամեն տեղեկանք, որ բաժնում տրվում է ընթերցողին, ունի կրկնակի նպատակ,այսինքն մատենագետը պատասխանում է ընթերցողի հարցերին և նրան տրվում է հմապատասխան գրականության և պարբերական մամուլում տպագրված հոդվածների ցանկ,որը բացահայտում է թեման, ընդլայնում նրա գիտելիքները և առաջացնում հետաքրքրություն տվյալ թեմայի վերաբերյալ:
7.Ի՞նչ միջոցով են ընթերցողները տեղեկատվություն ստանում նոր կազմված ցանկերի և քարտարանների մասին:
***‹‹Նոր գրքեր›› ցուցահանդեսների, գրականության տեղեկատու ցանկերի մասին տեղեկատվությունը ընթերցողներին տրամադրվում է տեղեկատու-մատենագիտական բաժնի էլեկտրոնային դիմատետրի / Facebօօk / և գրադարանի ցուցասրահում դրվող բազմաբնույթ գրքային ցուցահանդեսների միջոցով:
8. Ինչպիսի՞ մեթոդական աշխատանք է իրականացնում մատենագիտական բաժինը ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումների և գրադարան-մասնաճյուղերի միասնական տեղեկատու-մատենագիտական ծառայությունները կազմակերպելու համար:
***ԿԳ-ի և գրադարան-մասնաճյուղերի միասնական տեղեկատու-մատենագիտական ծառայությունները կանոնակարգվում են բաժնի կողմից: Կազմակերպվում է այցելություններ: Մասնագիտական խորհրդատվություն և գործնական օգնություն է տրվում գրադարան-մասնաճյուղերում՝ գրադարանավարներին:
9. Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր պահանջներն ու նորություններն է ներմուծել գրադարան: Ինչպիսի՞ առաջընթաց և ի՞նչ ազդեցություն է ունեցել տեխնոլոգիաների մուտքը աշխատանքի կազմակերպման վրա:
***Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվության պահոցներում՝ առաջադրելով գրադարանների աշխատանքի նորովի կազմակերպումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը գրադարաններ փոխեց ավանդական գրադարանի տեսքը՝ ինչպես գրադարանավարի, այնպես էլ օգտվողի համար: Ընթերցողը լայն հնարավորություն ստացավ օգտվելու գրադարանի տարաբնույթ ծառայություններից: Որպես գիտելիքների ու ազգային արժեքների կուտակման և տարածման կենտրոններ՝ գրադարանները համակարգչային ցանցերի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, ինչպես նաև իրենց պահոցներում եղած տեղեկատվության կառավարման հաշվին դարձան միջնորդներ՝ մարդկության կուտակած մտավոր հարստությունը գիտելիքի տեսքով հանրությանը փոխանցելու գործում: Ճանապարհ դեպի տեղեկատվական հասարակարգ, որի կարևոր բաղկացուցիչներից են թվային գրադարանները: Գրադարանային գործին առնչվող խնդիրների կարգավորմանը մեծապես նպաստել է «Հայաստանյան գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցի ստեղծումը: Հանրապետության խոշորագույն մատենագիտական շտեմարանն է Հայաստանի գրադարանների համահավաք քարտարանը, որտեղ գրանցվում են գրքերի, ամսագրային հավաքածուների, երաժշտական գրականության, խտասկավառակների վրա զետեղված հրատարակությունների, տեսալսողական նյութերի մասին մատենագիտական տեղեկություններ, ինչպես նաև տվյալներ՝ դրանց գտնվելու տեղի մասին, որոնք շատ կարևոր են արդի գրադարանագիտական և մատենագիտական զարգացման ասպարեզում: Նշենք նաև, որ նախագիծը Հայաստանի գրադարանների համար մեծ հնարավորություն է՝ ավանդականից թվայինին անցնելու հարցում: Տեղեկատու-մատենագիտական բաժինը ընթերցողների սպասարկումը իրականացնում է ոչ միայն բազմաբնույթ քարտարանների այլև էլեկտրոնային կրիչների միջոցով: Բոլոր թեմաները մատուցվում են համակարգչային արդի միջոցների օգտագործումով:
10.Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ տեղեկացված լինել մեր օրերում նշանակում է ուժեղ լինել:
***Տեղեկատվությունը մեր օրերում իսկապես կարելի է զենք համարել և զինված այն մարդուն, ով ունի գիտելիքի կայուն բազա:
Սակայն յուրաքանչյուր տեղեկատվություն պետք է լինի գրագետ և հավաստի այլապես կարող է ունենալ հակառակ ազդեցությունը և դառնալ չարիք հասարակության համար:
------------------------------------------------------------------------------------------------------------------
‹‹Գրադարանում›› նախագիծը այսօր փորձեց համառոտ ներկայացնել տեղեկատու - մատենագիտական բաժնի աշխատանքը, որը իր մեջ ներառում է բազմապիսի գործառույթներ: 1979թ. Երևանի մայիսի 16-ի որոշմամբ մասսայական գրադարանների բազայի վրա ստեղծվեց Երևանի մեծահասակներին սպասարկող Գրադարանների կենտրոնացված համակարգը՝ ԳԿՀ-ն, որի կենտրոնը դարձավ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Գրադարանի վերաձևավորման ժամանակ ստեղծվեց Տեղեկատու-մատենագիտական բաժինը: Բաժնի հիմնական նպատակն է ՀՈԱԿ-ի բոլոր ստորաբաժանումների և գրադարան-մասնաճյուղերի ընթերցողների համակարգված ու կենտրոնացված տեղեկատու-մատենագիտական սպասարկման ապահովումն է, ինչպես նաև միասնական տեղեկատու-մատենագիտական ծառայությունների կազմակերպումը: Բաժնի գործառույթները սերտորեն առնչվում են գիտական, հետազոտական աշխատանքի հետ՝ նպաստելով գրադարանում պահպանվող հարստությունը հանրությանը մատուցելու կարևորագույն գործին:
Այս բովանդակալից հարցազրույցի համար առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում՝ Ավ. Իսահակլյանի անվան քաղաքային գրադարանի տեղեկատու -մատենագիտության բաժնի վարիչ՝ Գայանե Եդիգարյանից:
Հարցազրույցը սիրով անցկացրեց Խ. Գյուլնազարյանի անվան գրադարանի աշխատակից՝ Մերի Բադալյանը: