Վարդան Սմբատյան

խնձորներ, տղաս.
աստվածներն են թափվում վար,
և ցավը փաթիլվող
ծածկում է ամոթալի մերկությունը քաղաքի:
Հեքիաթն այս տխուր է և չի ավարտվում,
չպատմես ոչ ոքի,
և իմաստ էլ չունի,
որբերը հեքիաթների չեն հավատում:
Արի հաշվեք անորոշության բացիլները
ու քնենք,
երազում կտեսնենք այն, ինչ
փափագում ենք:
Արի քնենք,
քնած մարդիկ
երջանիկ են:
***
Մինչ խեղդում եմ հուսահատությունս
Բարձիս տակ.
Արի, իմ ընկեր,
Իմ սեր` բալասան
փրկություն …
Իմ քաղցր տենդ, իմ զորություն:
Հիմա, երբ բոլորը հեռացել են,
Սրբագրիր անչար իմ ցավը,
Հոգնությունը:
Ինչպես սոված Ղազարոսը,
Ինչպես Հիսուսը՝
Գեթսեմանի պարտեզում ,
Ինչպես մանուկը մոր ընդերքում,
Դեպ լույսն է շտապում,
Ապավինում եմ,
գալիս եմ դեպ քեզ
Բանաստեղծություն...
***
Սիրիր ինձ Լի~լի
Քանի դեռ թրթռում է սիրտս `
վանդակում ցավի :
Լվա դեմքս քո արցունքներով ,
Փակիր բերանս համբույրներով Հուդայի,
Մահիճս քո իգության ջրերի մեջ
Օրորիր:
Մահն իջնում է ճերմակ թռչնի պես
թևաթափ,
Երեսիս,
Ներբողիր աղթոքս առ Աստված,
Սիրիր ինձ , սի~րիր ինձ Լիլի:
***
Լողալ սովորեցինք `
Ձկներից լավ,
Պաշարեցիք բարձրունքը Էվերեստի,
Արծիվները մեռան ծառերին,
Հաշվեցինք տիեզրական բոլոր մարմինները,
Անգոյության մոլորակները հսկա,
Տրորեցինք լուսնի հողը , կեղտոտ ոտքերով:
Թռչում ենք անվախ երկաթե թռչուններով `
Խոցելով որբացած երկինքը,
Ամեն ինչ գիտենք
Եվ անգամ գազանների լեզուն,
Բայց մարդ լինել ,
Մարդ մնալը չսովորեցինք:
***
Ես կգրեյի ամենասիրուն
Բանաստեղծությոունը ,
Հորիզոնին թափվող ճայերի,
Կարմիր- կարմիր մայրամուտի ու
Իմ ու քո
Իմ ու քո
Ալեգորիկ սիրո մասին,
Բայց բառերս ատոմներ են Լիլի,
Հրե ատոմներ,
ծամում եմ մինչև վերջ ,
Անաղմուկ ու անտրտունջ :
Ինչ որ մի տեղ
կավարտվի մատերիան ցավի,
Աստծո աչքերում `
Մենք կհանդիպենք,
Մենք կհանդիպենք...
***
Որբությունս հյուր եկավ էս գիշեր,
նայեց ինձ, գլխիկոր ասաց.
– Ու՞ր ես ինձ թողել:
Փաթաթվեց ինձ թաց մատներով,
կոտրված ինքնաթիռս նվիրեց:
Հորս ուրվականը ելավ պատերից,
ծուռ առաստաղը ճոճեց երեսիս:
– Ինչի՞ ես եկել:
-Յա, այ շան տղա, հորդ դեմքը հեչ չես կարոտե՞լ:
Որբությունս փախավ,
հերս կոտրեց անթև ինքնաթիռս,
արթնացա լացող երազից…
***
Ու ցավը
կարդում է մեզ
բառերով:
***
Եթե ինձ սիրեիր,
ես կծաղկեի բոլոր`
շուշանների, կակաչների,
վայրի վարդերի հետ,
քո դռան առջև:
Կծփայի կրծքիդ տակ,
կննջեի անխոնջ քո գրկում:
Եթե մանանեխի չափ
ինձ հավատայիր,
տիեզերքը կլցնեի քո դողերոցքով
բերկրանքի
ու հավիտենություն կըխնդրեի Աստծուց՝
սերն իմ ցույց տալու համար:
Եթե մի քիչ սիրեիր դու ինձ,
գուցե հանճար դառնայի,
ոչ թե հիմար բանաստեղծ:
***
Ուշադրությո՛ւն, դռները փակվում են,
հաջորդ կայարանը՝
Ունայնության պողոտա…
Վազող ոտքերի տարափ,
խառնված բույրերով լցված մետրոն
փսխում է մեզ երեք վայրկյանում:
Քաղաքը հոշոտվում է
սոված ամբոխի մեջ :
Դու չկաս ու աշունը այստեղ
սև-սպիտակ է դարձել,
ու երկիրը կորցրել է ուղեծիրը,
չկաս, Աստված չի ներում էլ ինձ.
դու իմ ապրող աղոթքն էիր:
Կարոտը եռում է
երակներիս մեջ,
կորցրել եմ զգալու, մեռնելու, ապրելու շնորհներներս,
Ուշադրությո՛ւն, դռները փակվում են,
հաջորդ կայարանը` Հավիտենություն:
***
Ես չեմ գրում…
Բառերը անփույթ
խզբզում են ինձ
սպիտակ թղթին:
Հետմահու է ամեն բառ:
Երբ մեռնեմ, խնդրում եմ
ինձ թաղեք,
չկարդացած գրքերիս մեջ,
ես որդերից վախենում եմ:
***
Ամբոխի մեջ
Ինչ-որ մեկը
Ճանկեց դեմքս,
Շրջվեցի ու տեսա՝
Բոլորը դանդաղ ծերանում էին:
**
Երեկ պարզեցի, որ
Կատարյալ տղամարդ եմ,
Լավ սիրեկան ու կարգին պոետ…
Զարմանքից շիկնեցի:
Մեծարում էին ինձ, խմում կենացս,
***
Կարդացին անհաջող բանաստեղծություններս ու
Ծափ տվեցին,
Հայրս զղջումով համբուրեց
Կնճռոտված ճակատս:
Երեկ աշխարհը բարի էր՝
Երեկ ինձ թաղեցին:
Ամեն ինչ վաճառված է
Աշխարհում ,
Ներիր ,ամեն ինչ գնեցին
Ագահ մարդիկ,
Միակ բանը ,որ կարող եմ նվիրել
Բանաստեղծությունն է ,
Այն չի վաճառվում..
Վարդան Սմբատյան
Բարսենց
***
Երևանը կին է հաստատ.
այն կանանցից,
ում գիշերներն ավելի
շատ է երգվել,
քան՝ ցերեկները,
և նրանցից,
ովքեր հավասարը չունեն։
Ում սրտին հասնելն անհնար է
հեռուներից եկողներին…
հազար տեսակ արվարձանատեսների
ձեռքերը երկարելուց
Դառնում են մի հերթական արձան…
Երևանը կին է ու սեր
միակ արդարացումն
այսքան գեղեցկության...
****
Չ'ոտանավոր
Հետերկրաշարժյան Սպիտակում,
Ուր ծնվելը ակամա հերոսություն էր,
Համառեցի ու համալրեցի
Ընտանիքիս կազմը կրճատված...
Ճերմակած ջահելների,
Նյարդային, ողբացող ահելների,
Չերազող, թևաթափ գալիքի արանքում
Կուլ գնաց մանկությունս,
Ուր գնաց, չիմացա...
Այդ օրերի հոսանքի պես՝ հովհարային հիշողություններս
Երազանքներիս ոտքը կապեցին Փլատակներից,
Ու սովորած առաջին թվերով հաշվեցի
Հազիվ ճարվող հացի կտորները,
Հաճախ մորս բաժին չհասնող,
Ես լացեցի երկար՝ իմ անարդար հաշվարկների համար,
Մայրս ասաց կուշտ է, հետո լռեց մի պահ. -Եկեղեցում մոմն էլ է պակասում, անցողիկ է,
Իսկ ինձ թվաց եկեղեցում ու ամենուր
Մեր բաժին աստվածն էլ էր պակսել...
Ես տեսա ցավը գրկած կանանց՝ օրոր ասող,
Եվ հայացքներ՝ մի կետի հառած՝
Խելագարված նվնվոցով երբեմն ընդհատվող,
Տեսա ամեն տարի արևին տրվող շորեր, Չգտնված, անհայտ-անհետ կորած
Իրենց տերերին դեռ սպասող...
Տեսա աշխարհի խղճացող ու օգնող ձեռքը ՝ մեկնած մեզ,
Եվ յուրայինների գողությունը՝ աշխարհի խղճացող ձեռքից,
Տեսա տատիս ուրախությունը ոնց ծաղկեց վշտի մեջ
Երբ պապս կոր մեջքով շալակած՝
Ծածկոց, նավթ ու հաց բերեց մեր տնակ, Ժպտաց ու լացեց նույն պահին,
Ինձ անհայտ, չընկալվող ժպիտ ու լաց...
Հետո... հետո ես "հայր մերը" սովորեցի Հավելումով՝ անցնցում հողի խնդրանքով , ու Հողը դեռ չի ցնցվել այդ օրերից ( թու, թու) ,
Բայց անգամ երկու տասնամյակ անց ,
Երբ տատս լուռ աչքն է թրջում,
Երբ պապս զուսպ, գլուխն ափերն առած Հայացքն է թաքցնում,
Արդեն հասկանում եմ, ինչ ցնցում է սրտում. Հաստատ ոչ իմ համրած հացի համար։
Աղավնի Գրիգորյան
ԿԱՊՈւՅՏԻՆ
« Ամպը պիտ ճայթի,
որ Կապույտը գա»
Ասել է, կարծեմ,
մի այր իմաստուն:
Պիտի վերից վար
ճաք տա, դղրդա,
թաց, ոտաբոբիկ
մի կերպ հասնես տուն,
բողոքես անբառ
աշխարհից մթնած,
աշխարհից խռով՝
ուժահատ, մրսած…
Մի բուռ կոշտ քարաղ
մնա բռիդ մեջ
հաջորդ առավոտ,
երբ ջարդված զարթնես,
երբ սիրտդ մզզա
երեկվա ցրտից։
Կապույտը կգա՛,
դիմացիր մի քիչ`
տասը, քսան, գուցե քառասուն «յոթ օր» …
Հանձնի՛ր ջրերին
քարաղը սրտիդ,
երբ ծովին հասնես,
երբ ծովը տեսնեն
աչքերդ հոգնած.
մարդկանցից հեռու,
մի ափի լքված`
քարեր են, քարեր,
մեծ, փոքր` տարբեր…
քո քարն էլ՝ ահա:
Կապույտը կգա՜ ...
Տասը, քսան,
գուցե քառասուն «յոթ օր»
դեռ պիտի անցնի,
մինչև որ ծովը
մրմուռդ մարսի,
մաղի հանց ավազ,
զատի փրփուրից,
հետո պուտ առ պուտ
բացվի սև թունդից ։
Ծովն արդեն ունի
քեզանից մի քիչ,
Ծովն արդեն գիտի քո մասին այնքա՜ն...
Ու երբ ոտքերդ
կրկին տուն դառնան,
թաց, բայց ծովագույն,
թաց, բայց ծովացած՝
սեղմած բուռդ բաց,
որ յոթ աղունիկ սրտիցդ թևեն,
ու ԿԱՊՈՒՅՏԸ գա´:
Աղավնի Գրիգորյան
հոկտեմբեր սկիզբ +7 օր
***
Քնքուշ աղջիկ է
Կարոտը.
հյուսքը կաթնահունց,
այտին` փոսիկով:
Ճերմակ ամպիկ է
Կարոտը`
կաթ-կաթ ծորացող
խաղող արցունքով:
Նախշուն տաղիկ է
Կարոտը.
հանդ ու դաշտ թողել,
անունդ է կանչում:
Վարդաթերթ բույր է
Կարոտը,
Քամին անունդ
Տանու՜մ է, կորցնու՜մ…
Երգը շուրթերին`
կոկոն գարունի,
աստղերի թևով,
ինքը` շող-շաղոտ,
Մոլոր համբույր է
Կարոտը,
Իմ հյուրն էր`
գալիս է քեզ մոտ:
Աղավնի Գրիգորյան
(Ճերմակ Կարոտներ)
13.09.2018