Մերի Բադալյանի հետ
Թարգմանիչ-գրող Լիա Ասատրյանը պատմել է իրառաջին գրքի և Ջոն Գրինի վերջին բեսթսելերի թարգմանության,ինչպես նաևհետագա ծրագրերի մասին:
Բարև ձեզ, Լիա, լինելով մասնագիտությամբ լեզվաբան Ձեր առաջին քայլերը արեցիք նաև որպես բանաստեղծ: «Կյանքը ու ես» ժողովածուն եղավ Ձեր այցեքարտը որպես գրող: Ինչպե՞ս ծնվեց գիրքը և ու՞մ է այն նվիրված:
-Ողջույն: Շատ շնորհակալ եմ հարցազրույցի և նման նախաձեռնության համար: Բանաստեղծություններ սկսել եմ գրել փոքր տարիքից, սակայն որոշակի դադարից հետո քսաներեք տարեկանում կրկին սկսեցի գրել և, փառք Աստծո, մինչ օրս էլ գրում եմ: Առաջին բանաստեղծությունները գրելուց հետո միտք հղացավ, որ կարելի է գրքի տեսքով մի օր ներկայացնել ընթերցողին: Գրեթե տասը տարի ոչ ոք չէր կարդացել իմ բանաստեղծությունները: Դրանք մարդկանց ներկայացնելը հոգեբանորեն դժվար էր, քանի որ գրողը ամբողջությամբ բացահայտում է իր ապրումները, զգացմունքները, և թերևս դա էր պատճառը, որ ավելի վաղ չեմ հրատարակել գիրքը: Սակայն ուրախ եմ, որ մինչ այդ չի հրատարակվել, քանի որ շատ բանաստեղծություններ չէին ներառվի ժողովածուում: Բանաստեղծությունները առաջին անգամ կարդացել է պապիկս՝ գրականագետ Սերգեյ Սարինյանը, և «Կյանքը ու ես» ժողովածուն նվիրել եմ հենց նրան: Գիրքը հրատարակվել է 2017 թվականին:
Ո՞ր տարիքում եք գրել Ձեր առաջին ստեղծագործությունը, արդյո՞ք այն իր ուրույն տեղն է գտել ժողովածուում:
-Առաջին բանաստեղծությունը գրել եմ վեց տարեկանում, բայց այն բնականաբար ներառված չէ ժողովածուում: Ընդգրկված են հասուն տարիքում գրված ստեղծագործություններ:
Ժողովածուն իր մեջ ներառում է նաև անգլերենով գրված շարքեր: Չե՞ք վախեցել, որ գուցե ստեղծագործությունները չընկալվեն այնպես ինչպես մայրենի լեզվով գրվածները:
-Հրատարակելուց հետո հասկացա, որ անգլերեն մասը ինչ-որ չափով անտեսվում է, թեպետ գրքի վերջում նշված է անգլերեն շարքերի մասին: Հետագայում անգլերեն շարքերը գուցե առանձին հրատարակեմ:
2018 թվականին թարգմանեցիք Ջոն Գրինի վերջին բեսթսելերը՝ «Անվերջ կրիաներ» գիրքը: Ինչու՞ «Անվերջ կրիաներ»:
-Թարգամանության առաջարկը ստացել եմ Էդիթ Պրինտ հրատարակչությունից: Գրքի թարգմանության ընթացքում վերնագրի թարգմանությունը մի քանի անգամ փոփոխեցի, բայց վերջում պարզ դարձավ, որ «Անվերջ կրիաներ» վերնագիրը ավելի ճիշտ է իմաստը արտացոլում: Հոգեբանական շատ հետաքրքիր գիրք է մի աղջկա մասին, ով կպչուն մտքեր ունի և փորձում է ազատվել դրանցից: Գրքի շապիկի վրայի պարույրը խորհրդանշում է իր մտքերի շրջապտույտը: Գիրքը նախատեսված է բոլորի տարիքի ընթերցողների համար: Գրողը շատ համարձակ քայլ է կատարել՝ իր օրինակով նման խնդիրների մասին բարձրաձայնելով:
Թարգմանության ընթացքում ինչպիսի՞ խնդիրների է առնչվում գրող-թարգմանիչը: Արդյո՞ք ցանկություն չի առաջանում բնագրից շեղվելու:
– Իհարկե որպես գրող և ընթերցող այն կարծիքին եմ, որ թարգմանիչը իրավունք չունի բնագրից շեղվելու, չնայած որպես թարգմանիչ նման գայթակղություն առաջանում է (ժպտում է): Այնուամենայնիվ փորձում եմ հնարավորինս հավատարիմ մնալ գրողի խոսքին, հաշվի առնելով նաև այն փաստը, որ գուցե մի օր էլ իմ գրքերը թարգմանվեն: Թարգմանությունը երկար և հետաքրքիր ընթացք է: Այն առանձին մի գործ է թարգմանչի ուրույն ձեռագրով և մեծ պատաասխանատվություն է պահանջում, որպեսզի գիրքը ճիշտ ձևով մատուցվի ընթերցողին:
Թարգմանիչ թե՞ գրող, ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ:
-Միանշանակ գրող, թեպետ թարգմանությունը ևս հետաքրքիր է: Եվ իմ առաջին ծավալուն թարգմանությունը հենց Ջոն Գրինի այս գիրքն է՝ «Անվերջ կրիաներ» բեսթսելերը:
Ո՞րն է Ձեր վերջին կարդացած գիրքը: Նշե′ք այն երեք գրքերը, որոնք փոխեցին Ձեր կյանքը:
-Շատ հետաքրքիր հարց է: Ընթացիկ շատ գրքեր եմ կարդում: Վերջինը թերևս Միքելանջելոյի կյանքն է: Առաջին ամենաազդեցիկ գիրքը ինձ համար Նոր Կտակարանն է, երկրորդը` Նորման Վինսենթ Փիլի «Դրական մտքի ուժը» և հանճարեղ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները:
Ի՞նչ նոր գրքեր և թարգմանություններ են սպասվում 2019 թվականին:
– Ունեցել եմ մեկ այլ գրքի թարգմանության առաջարկ, սակայն ժամանակի սղության պատճառով դեռևս նման ծրագիր չունեմ: Գրքի հրատարակումից հետո մի քանի բանաստեղծություն եմ գրել, որոնցից երկուսը «Երկու բանաստեղծություն» խորագրով ներկայացվել են «Արմավ» հրատարակչության կայքում: «Կյանքը ու ես» գիրքը հրատարակելու համար ինձանից տասը տարի պահանջվեց: Ժամանակի ընթացքում, երբ հետ եմ նայում, վերընթերցում եմ, որոշները կրճատում եմ կամ ավելացնում: Այդ պատճառով չեմ ցանկանում շտապել:
Հարցազրույցը՝ Մերի Բադալյանի