Բարսենց
***
Երևանը կին է հաստատ.
այն կանանցից,
ում գիշերներն ավելի
շատ է երգվել,
քան՝ ցերեկները,
և նրանցից,
ովքեր հավասարը չունեն։
Ում սրտին հասնելն անհնար է
հեռուներից եկողներին…
հազար տեսակ արվարձանատեսների
ձեռքերը երկարելուց
Դառնում են մի հերթական արձան…
Երևանը կին է ու սեր
միակ արդարացումն
այսքան գեղեցկության...
****
Չ'ոտանավոր
Հետերկրաշարժյան Սպիտակում,
Ուր ծնվելը ակամա հերոսություն էր,
Համառեցի ու համալրեցի
Ընտանիքիս կազմը կրճատված...
Ճերմակած ջահելների,
Նյարդային, ողբացող ահելների,
Չերազող, թևաթափ գալիքի արանքում
Կուլ գնաց մանկությունս,
Ուր գնաց, չիմացա...
Այդ օրերի հոսանքի պես՝ հովհարային հիշողություններս
Երազանքներիս ոտքը կապեցին Փլատակներից,
Ու սովորած առաջին թվերով հաշվեցի
Հազիվ ճարվող հացի կտորները,
Հաճախ մորս բաժին չհասնող,
Ես լացեցի երկար՝ իմ անարդար հաշվարկների համար,
Մայրս ասաց կուշտ է, հետո լռեց մի պահ. -Եկեղեցում մոմն էլ է պակասում, անցողիկ է,
Իսկ ինձ թվաց եկեղեցում ու ամենուր
Մեր բաժին աստվածն էլ էր պակսել...
Ես տեսա ցավը գրկած կանանց՝ օրոր ասող,
Եվ հայացքներ՝ մի կետի հառած՝
Խելագարված նվնվոցով երբեմն ընդհատվող,
Տեսա ամեն տարի արևին տրվող շորեր, Չգտնված, անհայտ-անհետ կորած
Իրենց տերերին դեռ սպասող...
Տեսա աշխարհի խղճացող ու օգնող ձեռքը ՝ մեկնած մեզ,
Եվ յուրայինների գողությունը՝ աշխարհի խղճացող ձեռքից,
Տեսա տատիս ուրախությունը ոնց ծաղկեց վշտի մեջ
Երբ պապս կոր մեջքով շալակած՝
Ծածկոց, նավթ ու հաց բերեց մեր տնակ, Ժպտաց ու լացեց նույն պահին,
Ինձ անհայտ, չընկալվող ժպիտ ու լաց...
Հետո... հետո ես "հայր մերը" սովորեցի Հավելումով՝ անցնցում հողի խնդրանքով , ու Հողը դեռ չի ցնցվել այդ օրերից ( թու, թու) ,
Բայց անգամ երկու տասնամյակ անց ,
Երբ տատս լուռ աչքն է թրջում,
Երբ պապս զուսպ, գլուխն ափերն առած Հայացքն է թաքցնում,
Արդեն հասկանում եմ, ինչ ցնցում է սրտում. Հաստատ ոչ իմ համրած հացի համար։