Աղավնի Գրիգորյան
ԿԱՊՈւՅՏԻՆ
« Ամպը պիտ ճայթի,
որ Կապույտը գա»
Ասել է, կարծեմ,
մի այր իմաստուն:
Պիտի վերից վար
ճաք տա, դղրդա,
թաց, ոտաբոբիկ
մի կերպ հասնես տուն,
բողոքես անբառ
աշխարհից մթնած,
աշխարհից խռով՝
ուժահատ, մրսած…
Մի բուռ կոշտ քարաղ
մնա բռիդ մեջ
հաջորդ առավոտ,
երբ ջարդված զարթնես,
երբ սիրտդ մզզա
երեկվա ցրտից։
Կապույտը կգա՛,
դիմացիր մի քիչ`
տասը, քսան, գուցե քառասուն «յոթ օր» …
Հանձնի՛ր ջրերին
քարաղը սրտիդ,
երբ ծովին հասնես,
երբ ծովը տեսնեն
աչքերդ հոգնած.
մարդկանցից հեռու,
մի ափի լքված`
քարեր են, քարեր,
մեծ, փոքր` տարբեր…
քո քարն էլ՝ ահա:
Կապույտը կգա՜ ...
Տասը, քսան,
գուցե քառասուն «յոթ օր»
դեռ պիտի անցնի,
մինչև որ ծովը
մրմուռդ մարսի,
մաղի հանց ավազ,
զատի փրփուրից,
հետո պուտ առ պուտ
բացվի սև թունդից ։
Ծովն արդեն ունի
քեզանից մի քիչ,
Ծովն արդեն գիտի քո մասին այնքա՜ն...
Ու երբ ոտքերդ
կրկին տուն դառնան,
թաց, բայց ծովագույն,
թաց, բայց ծովացած՝
սեղմած բուռդ բաց,
որ յոթ աղունիկ սրտիցդ թևեն,
ու ԿԱՊՈՒՅՏԸ գա´:
Աղավնի Գրիգորյան
հոկտեմբեր սկիզբ +7 օր
***
Քնքուշ աղջիկ է
Կարոտը.
հյուսքը կաթնահունց,
այտին` փոսիկով:
Ճերմակ ամպիկ է
Կարոտը`
կաթ-կաթ ծորացող
խաղող արցունքով:
Նախշուն տաղիկ է
Կարոտը.
հանդ ու դաշտ թողել,
անունդ է կանչում:
Վարդաթերթ բույր է
Կարոտը,
Քամին անունդ
Տանու՜մ է, կորցնու՜մ…
Երգը շուրթերին`
կոկոն գարունի,
աստղերի թևով,
ինքը` շող-շաղոտ,
Մոլոր համբույր է
Կարոտը,
Իմ հյուրն էր`
գալիս է քեզ մոտ:
Աղավնի Գրիգորյան
(Ճերմակ Կարոտներ)
13.09.2018