Մերի Բադալյանի հետ
Թարգմանիչ-գրող Լիա Ասատրյանը պատմել է իրառաջին գրքի և Ջոն Գրինի վերջին բեսթսելերի թարգմանության,ինչպես նաևհետագա ծրագրերի մասին:
Բարև ձեզ, Լիա, լինելով մասնագիտությամբ լեզվաբան Ձեր առաջին քայլերը արեցիք նաև որպես բանաստեղծ: «Կյանքը ու ես» ժողովածուն եղավ Ձեր այցեքարտը որպես գրող: Ինչպե՞ս ծնվեց գիրքը և ու՞մ է այն նվիրված:
-Ողջույն: Շատ շնորհակալ եմ հարցազրույցի և նման նախաձեռնության համար: Բանաստեղծություններ սկսել եմ գրել փոքր տարիքից, սակայն որոշակի դադարից հետո քսաներեք տարեկանում կրկին սկսեցի գրել և, փառք Աստծո, մինչ օրս էլ գրում եմ: Առաջին բանաստեղծությունները գրելուց հետո միտք հղացավ, որ կարելի է գրքի տեսքով մի օր ներկայացնել ընթերցողին: Գրեթե տասը տարի ոչ ոք չէր կարդացել իմ բանաստեղծությունները: Դրանք մարդկանց ներկայացնելը հոգեբանորեն դժվար էր, քանի որ գրողը ամբողջությամբ բացահայտում է իր ապրումները, զգացմունքները, և թերևս դա էր պատճառը, որ ավելի վաղ չեմ հրատարակել գիրքը: Սակայն ուրախ եմ, որ մինչ այդ չի հրատարակվել, քանի որ շատ բանաստեղծություններ չէին ներառվի ժողովածուում: Բանաստեղծությունները առաջին անգամ կարդացել է պապիկս՝ գրականագետ Սերգեյ Սարինյանը, և «Կյանքը ու ես» ժողովածուն նվիրել եմ հենց նրան: Գիրքը հրատարակվել է 2017 թվականին:
Ո՞ր տարիքում եք գրել Ձեր առաջին ստեղծագործությունը, արդյո՞ք այն իր ուրույն տեղն է գտել ժողովածուում:
-Առաջին բանաստեղծությունը գրել եմ վեց տարեկանում, բայց այն բնականաբար ներառված չէ ժողովածուում: Ընդգրկված են հասուն տարիքում գրված ստեղծագործություններ:
Ժողովածուն իր մեջ ներառում է նաև անգլերենով գրված շարքեր: Չե՞ք վախեցել, որ գուցե ստեղծագործությունները չընկալվեն այնպես ինչպես մայրենի լեզվով գրվածները:
-Հրատարակելուց հետո հասկացա, որ անգլերեն մասը ինչ-որ չափով անտեսվում է, թեպետ գրքի վերջում նշված է անգլերեն շարքերի մասին: Հետագայում անգլերեն շարքերը գուցե առանձին հրատարակեմ:
2018 թվականին թարգմանեցիք Ջոն Գրինի վերջին բեսթսելերը՝ «Անվերջ կրիաներ» գիրքը: Ինչու՞ «Անվերջ կրիաներ»:
-Թարգամանության առաջարկը ստացել եմ Էդիթ Պրինտ հրատարակչությունից: Գրքի թարգմանության ընթացքում վերնագրի թարգմանությունը մի քանի անգամ փոփոխեցի, բայց վերջում պարզ դարձավ, որ «Անվերջ կրիաներ» վերնագիրը ավելի ճիշտ է իմաստը արտացոլում: Հոգեբանական շատ հետաքրքիր գիրք է մի աղջկա մասին, ով կպչուն մտքեր ունի և փորձում է ազատվել դրանցից: Գրքի շապիկի վրայի պարույրը խորհրդանշում է իր մտքերի շրջապտույտը: Գիրքը նախատեսված է բոլորի տարիքի ընթերցողների համար: Գրողը շատ համարձակ քայլ է կատարել՝ իր օրինակով նման խնդիրների մասին բարձրաձայնելով:
Թարգմանության ընթացքում ինչպիսի՞ խնդիրների է առնչվում գրող-թարգմանիչը: Արդյո՞ք ցանկություն չի առաջանում բնագրից շեղվելու:
– Իհարկե որպես գրող և ընթերցող այն կարծիքին եմ, որ թարգմանիչը իրավունք չունի բնագրից շեղվելու, չնայած որպես թարգմանիչ նման գայթակղություն առաջանում է (ժպտում է): Այնուամենայնիվ փորձում եմ հնարավորինս հավատարիմ մնալ գրողի խոսքին, հաշվի առնելով նաև այն փաստը, որ գուցե մի օր էլ իմ գրքերը թարգմանվեն: Թարգմանությունը երկար և հետաքրքիր ընթացք է: Այն առանձին մի գործ է թարգմանչի ուրույն ձեռագրով և մեծ պատաասխանատվություն է պահանջում, որպեսզի գիրքը ճիշտ ձևով մատուցվի ընթերցողին:
Թարգմանիչ թե՞ գրող, ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ:
-Միանշանակ գրող, թեպետ թարգմանությունը ևս հետաքրքիր է: Եվ իմ առաջին ծավալուն թարգմանությունը հենց Ջոն Գրինի այս գիրքն է՝ «Անվերջ կրիաներ» բեսթսելերը:
Ո՞րն է Ձեր վերջին կարդացած գիրքը: Նշե′ք այն երեք գրքերը, որոնք փոխեցին Ձեր կյանքը:
-Շատ հետաքրքիր հարց է: Ընթացիկ շատ գրքեր եմ կարդում: Վերջինը թերևս Միքելանջելոյի կյանքն է: Առաջին ամենաազդեցիկ գիրքը ինձ համար Նոր Կտակարանն է, երկրորդը` Նորման Վինսենթ Փիլի «Դրական մտքի ուժը» և հանճարեղ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները:
Ի՞նչ նոր գրքեր և թարգմանություններ են սպասվում 2019 թվականին:
– Ունեցել եմ մեկ այլ գրքի թարգմանության առաջարկ, սակայն ժամանակի սղության պատճառով դեռևս նման ծրագիր չունեմ: Գրքի հրատարակումից հետո մի քանի բանաստեղծություն եմ գրել, որոնցից երկուսը «Երկու բանաստեղծություն» խորագրով ներկայացվել են «Արմավ» հրատարակչության կայքում: «Կյանքը ու ես» գիրքը հրատարակելու համար ինձանից տասը տարի պահանջվեց: Ժամանակի ընթացքում, երբ հետ եմ նայում, վերընթերցում եմ, որոշները կրճատում եմ կամ ավելացնում: Այդ պատճառով չեմ ցանկանում շտապել:
Հարցազրույցը՝ Մերի Բադալյանի
Նազելի Գրիգորյան-Ետնաբեմ
<<Ետնաբեմ>>-ի հյուրն է տաղանդավոր երգչուհի,երգահան,բանասեր,աշուղ Նազելի Գրիգորյանը,ով երկար տարիներ շարունակ իր ձայնով գեղեցկացնում է հայ բեմը։
Ո՞վ է Նազելի Գրիգորյանը ետնաբեմում:
-Բեմի մարդը շատ անելիքներ ունի ետնաբեմում։ Չես կարող ետնաբեմում անազնիվ լինել ու հանկարծ բեմում երևալ ազնիվ։ Ետնաբեմում արդեն պետք է անկեղծ լինել, բարեկիրթ, ճաշակով, ճշմարիտ, որ բեմը արտացոլի այդ ամենը։ Բեմը շատ «խելացի» է, նա գիտի՝ ինչ է կատավում ետնաբեմում։ Իսկ Նազելի Գրիգորյանը ետնաբեմում այն է, ինչպես երևում է բեմում։
Ինչպիսի՞ն է Ձեր մանկության երկինքը:
-Իմ մանկության երկինքը միշտ ինձ հետ է, ես միշտ ճախրում եմ այնտեղ։ Ես հաճախ փակում եմ հոգնած աչքերս ու խաղաղություն գտնում իմ մանուկ օրերի մանուշակաբույր երկինքներում։ Այնտեղ, որտեղ անցել է իմ մանկությունը, ինձ միշտ ներշնչում է։ Իմ երգերը իմ ծննդավայրի ցողոտ-շաղոտ արտ ու անտառի մասին են։ Իսկ երկնքում մնացել են իմ մանկության ձայներն ու հուշերը, անգամ բույրերը, որ զգում եմ միշտ շոշափելիորեն։ Աշխարհի ամենամտերիմ երկինքը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում․․․ Ամեն օր նայում եմ Երևանի երկնքին, և կարոտից աչքերիս ընդերքում ծաղկում են իմ գյուղի երկնքի արևագալն ու արևագնան՝ բնության հարազատ շշուկներով առլեցուն։ Բառերով չես ասի․․․Լացում եմ․․․Առհասարակ, ես լացկան եմ․․․
Ի՞նչ է լռությունը արվեստագետի համար:
- Արվեստագետի լռությունը պետք է արդարացված լինի․
1․ Նա պատրաստվում է նոր ասելիքի։2․ Նա խռոված է ինքն իրենից, սպառված է։
Լռությունը օդի պես է անհրաժեշտ արվեստագետին, որ ինքն իր հետ լինի ամբողջովին։
Ինչպիսի ՞ ծրագրեր են անհրաժեշտ մշակել աշուղական արվեստի տարածման համար:
-Ոչ միայն աշուղական արվեստը, ցանկացած ազգային արժեք պետք է արժևորվի, վերահսկվի և տարածվի պետական մակարդակով։ Մենք աշխարհին ներկայանում ենք մեր մշակույթով, բայց մշակույթի անունից ներկայանում են մարդիկ, ովքեր չպետք է ներկայանան։ Սա լուրջ բացթողում է։
Ե՞րբ է արվեստը համամարդկային արժեք:
- Եթե արվեստ է, ուրեմն համամարդկային արժեք է։ Միայն թե ամեն ինչ չէ, որ արվեստ է։
Ինչպե՞ս եք սկսել առաջին քայլերը երգի աշխարհում,պատմե՛ք անցած ուղու և ունեցած ձեռքբերումների մասին:
-Ես ինչքան ինձ հիշում եմ՝ երգում եմ։ Բայց դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը։ Սակայն համալսարանի առաջին իսկ օրերից ընդունվեցի ֆակուլտետում գործող «Տոհմիկ» երգչախումբ, որի ղեկավարը Խորեն Պալյանն էր՝ Լուսինե Զաքարյանի ամուսինը։ Նրանց հետ ես արեցի իմ առաջին պրոֆեսիոնալ քայլերը։Համալսարանն ավարտելուց հետո չկարողացա ուսումս շարունակել կոնսերվատորիայում, որովհետև իմ սերունդը այն ոչ երջանիկ սերունդն էր, որը բուհն ավարտելուց հետո հանդիպեց արցախյան պատերազմին, երկրաշարժին, մութ և ցուրտ տարիներին։ Երգչուհու իմ երազանքը հետաձգվեց։ Բայց ես էլի երգում էի եկեղեցու երգչախմբում՝ համատեղելով մանկավարժական աշխատանքիս հետ։ 1999թ․-ից ընդունվեցի <<Սայաթ- Նովա>> աշուղական անսամբլ և այդ մթնոլորտում ծնվեցին նաև իմ հեղինակային երգերը։ «Իմ սուրբ մատուռ» երգը արժանացավ <<Սայաթ- Նովա>> համահայկական երգի մրցույթի մրցանակի և դարձավ իմ այցեքարտը երգի աշխարհում՝ արդեն որպես աշուղ Նազելի։ Մեկը մյուս հետևից ստեղծվեցին, թև առան, տարածվեցին իմ հեղինակային երգերը։ 2013թ․-ին ձեռնադրվել եմ և ստացել վարպետ-աշուղի կոչում։ Արդեն 35 տարի և ավելի երգում և ստեղծագործում եմ, բազմաթիվ մենահամերգներով հանդես եմ եկել հայրենիքում և Սփյուռքում։
Դուք հեղինակել եք մի շարք երգեր,որոնք կատարում են այլ արտիստներ:
Արդյո՞ք դժվար է վստահել սեփական ստեղծագործությունները ուրիշներին,երբ դրանցում Ձեր հոգու ձեռագիրն է:
-Ես իմ երգերի առաջին կատարողն եմ, բայց այդ երգերը չեմ գրել, որ միայն ես երգեմ։ Շատ երջանիկ եմ, որ իմ երգերը լսում եմ տարբեր երգիչների կատարմամբ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ տարբեր երաժշտական ծրագրերում, ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում։ Ամեն երգիչ երգը մեկնաբանում է յուրովի, ըստ կարելվույն․ խանդով չեմ նայում։
Ո՞ր բառով կբնորոշեիք ինքներդ Ձեզ,եթե հանդիպեին անցյալն ու ներկան:
- Երազող....
Շրջագայությունները հնարավորություն են տալիս հաղորդակցվելու այլ մշակույթների և ազգերի հետ:
Ինչպիսի՞ տպավորություններով վերադարձաք Լոնդոնից:
-Այո՛, իսկապես, շրջագայությունները շատ կարևոր են արվեստագետի համար։ Ամեն երկիր իր դեմքն ու մշակույթը ունի։
Լոնդոնում մենք ելույթ ունեցանք հայ համայնքի համար, արժանացանք ջերմ ընդունելության։ Ծանոթացանք քաղաքի տեսարժան վայրերին, հիացանք Լոնդոնի արիստոկրատիկ դիմագծով։ Բայց ամեն անգամ մի նոր երկրից վերադառնալիս՝ ես համեմատում եմ այն մեր երկրի հետ և կրկին հպարտանում մեր հզոր, հնամենի հայ մշակույթով։
Եթե նամակ գրեք Աստծուն,ինչպե՞ս կսկսեիք այն:
--Տե՛ր, օրհնի՛ր տառապյալ հայ ժողովրդին և մի՛ տանիր նոր փորձությունների։
Հարցազրույցը վարեց՝Հաս Չախալյանը
Անահիտ Բոստանջյանը
Ինչպիսի՞ն էր Անահիտ Բոստանջյանը սեփական հայելու առաջ
- Անահիտ Բոստանջյան մարդու համար հայելին հենց ինքը կյանքն էր, այն միջավայրը, ուր լինում էր, այն մարդիկ, ում հետ շփվում էր: «Աշխարհը հայելի է, և այն վերադարձնում է յուրաքանչյուրին իր սեփական պատկերը», ասել է Թեքերեյը... ու որքան էլ խաղանք, կգա օրերից այն օրը, որն անպայման կբացահայտի մեզ... Մայրիկիս մոտ այդ օրն ամեն օր էր...Պարզից էլ պարզ մարդ, առանց արհեստական, շինծու և կամ պարզապես կյանքի պարտադրանք-թելադրանքով սովորաբար մեզ դիպչող դիմակների: Մարդու այն եզակի տեսակն էր, որ բոլորովին նույնն է տանը, դրսում, նույնն են զգացմունքները մերձավորի ու հեռավորի հանդեպ,...թե տխուր է՝ տխրում է, թե ուրախ է՝ ուրախ, թե դժգոհ է, ուրեմն կասի, կնախատի, ճիշտ ուղի կմատնանշի, իսկ թե երջանիկ ուրեմն ոչ միայն սեփական, այլև հեռու-մոտիկի երջանկությամբ ու դա կասի կբարձրաձայնի՝ ի լուր աշխարհի.... Մարդ էր, ով շիտակ էր գնահատում արժեքավորը ու երբեք չէր զլանում ԲԱՐԻ խոսք ասել, ԹԵՎԵՐ տալ, միաժամանակ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ասել իրեն թև տվողին: Թե մի խոսքով բնութագրեմ, ապա իր պաշտելի Պարույր Սևակի խոսքերով պիտի ասեմ՝ համամարդկային էր ու ոչ միայն որպես բանաստեղծուհի, այլև Մարդ...
Ո՞րն էր Անահիտ Բոստանջյանի հոգու պատվիրանը առ հայ ժողովուրդ:
-Ես համարում եմ, որ նրա յուրաքանչյուր բանաստեղծություն մի-մի պատվիրան է, իսկ դրանք հազարավոր են, ժողովված տասն անցնող տպագիր և համոզված եմ, դեռ տպագրվելիք բանաստեղծական ժողովածուների մեջ.... Իր պատվիրաններից վերջինը՝ «Հանուն անվտանգ կապերի» գրքույկն էր, որ տպագրվեց դեկտեմբերին, դառնալով նրա կարապի երգը և, ուր տեղ գտան նրա հարուստ, միաժամանակ դառը կենսափորձի հարյուրն անցնող պատվիրան, պատգամ, խրատ ու խորհուրդներ: Մայրիկս այդ ժողովածուն հենց այդպես էլ կոչեց՝ արդիական խրատանի կամ ինչպես թելադրում է կյանքի փորձը.... ցավոք, բաժանել չհասցրեց, այնպես ինչպես Կամուրջ-2017-ը, այնպես ինչպես ռուսերեն թարգմանությամբ «Երբ հոգին երգում է ու լալիս» իր բանաստեղծական ժողովածուն... Մեջբերեմ խրատանու բոստանջյանական մշտապես անզուգական նախաբանի վերջին տողերը. «...Ոչ բոլոր մտքերս եմ փաթաթում քո վզով: Կարող ես և չընդունել: Բայց հանուն անվտանգ կապերի ես իմն ասել եմ, իմ անկեղծը... Եվ ոչ միայն իմ, այլև շատ-շատերի՝ հայ, վրացի, ռուս, հույն, եզդի, ում հետ շփվել ու շփվում եմ մինչև այսօր: Պարզապես չվախենա'ս, խնդրում եմ, իմ երբեմնի մռայլ ու սուր մտքերից: Դրանց մեջ հետո-ի լույսն է ճառագում: Եթե զգույշ լինես ու աչալուրջ, բարու հաղթանակը միշտ ավելի շուտ կգա: Հույսը հրաշալի բան է, բայց անընդհատ հույսի հույսին մնալը՝ հաճախ անհուսալի: Այնպես, որ... Իսկ թե կոնկրետ առ հայ ժողովուրդ, ուրեմն անպիղծ պահել լեզու հայոց:
Երբ մաքրագրում եք Ձեր մայրիկի հետ ունեցած անցյալը, ո՞ր ակնթարթն եք ուզում սկսել մի մատ խորքից....
-Մանավանդ հիմա, չեմ կարող որևէ մեկն առանձնացնել կամ մաքրագրել,... Մայրս իմ, քրոջս համար երկու միակի, երկու սրբության համակցություն էր՝ Մայր ու Հայր... անտեսանելի, բայց հստակ ուրվագծվող իմ երևակայական աշխարհում Մայրիկիս հետ կապը սկսվում է 1979-ի օգոստոսի այն սոսկալի օրը, երբ դեռ ծննդատանը, ես իր գրկում, մայրս արդեն այրիացել էր ու երկրորդ անգամ մայրանալու բերկրանքն ապրելու փոխարեն հայրիկիս էր ողբում... չեմ տեսել, չեմ լսել, բայց հիշում եմ ու չեմ մոռանում: Առ այսօր հերոսացնում եմ նրան ու իր ճակատագիրը կիսող բոլոր Մայրերին, ովքեր այդ անասելի պահը վերապրելով կարողացել են ճիշտ ապրել ու դեռ պատվով հռչակել իրենց ամուսնու անունը (Մայրիկիս օրիորդական ազգանունը Աբրահամյան էր): Մանավանդ մաքառելով այն ցուրտ ու մութ տարիներին, որ կոչվում էին հետխորհրդային տարիներ... Այդուհանդերձ, կա մի ակնթարթ, որ կուզեի խորքից առներ ու շարունակվեր, շարունակվեր անկանգառ... դա ակնթարթներից այն մեկն է, երբ ես ու քույրս մոմի հանգչող լույսի տակ կանգնում էինք պատուհանի մոտ ու քունն աչքներիս փորձում նշմարել գործից տուն վերադարձող ամենասպասված սիլուետը ու հետո, երբ համոզվում էինք, որ իսկապես Մայրիկն է գործից տուն դառնում, վազում էինք դեպի դուռն ու դռան այս կողմից լսում ամենասպասված Մարդու ամենացանկալի քայլերը դեպի տուն, դեպի մեզ...
Անահիտ Բոստանջյանը սիրում էր գրական ակտիվ կյանքով ապրել:Պատմե՛ք նրա անցած ուղուց `հետհայացք անդրադարձ անելով նրա բեղուն մշակութային գործունեությանը:
-Մայրիկս 1949 թվականի ծնունդ է: Ոսկե մեդալով ավարտելով ծննդավայր Թբիլիսիի Հովհ. Թումանյանի անվան թիվ 34 դպրոցը, ուսումը շարունակել է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Աշխատել սկսել է շա՜տ ավելի վաղ: Քչերը, թերևս ոչ ոք չգիտի, որ դպրոցի գերազանցիկը, օրինակելին բարձր դասարաններում արդեն աշխատում էր.. Մայրիկիս ծնողներն ամուսնալուծված էին, տատիկս դժվարանում էր տան կարիքները հոգալ և երկու եղբոր քույրն իր կամքով որոշել էր օգնել: Իրենց տան մոտ գտնվող Ներսիսյանական դպրոցի նախկին շենքում գործում էր պոլիէթիլենային պարկերի արտադրամաս... այդտեղ էլ սկսեց աշխատել՝ մեկ ազատ վայրկյանն անգամ տրամադրելով պայուսակում պահվող գրքի ընթերցանությանը....
Նա իրոք հերթական կամ սովորական չէր: Դասավանդել էր Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում, իսկ վերադառնալով Թբիլիսի աշխատանքի անցել Վրաստանի Գրողների միության «Մերանի» հրատարակչության նորաբաց հայերեն հրատարակությունների խմբագրությունում՝ նախ որպես սրբագրիչ, խմբագիր, ապա՝ ավագ խմբագիր։ Միաժամանակ դասավանդում էր Թբիլիսիի Ալ.Պուշկինի անվան ինստիտուտի հայոց լեզվի ու գրականության ամբիոնում, նաև Թբիլիսիի թիվ 1 մտավոր հետամնացների դպրոցում, ծավալում էր լրագրողական ու թարգմանական գործունեություն՝ մինչև վերջին պահը....
Նա Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ էր, Կալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ, Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։ Նա նաև ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի վրաստանյան ներկայացուցիչն էր։ Հիմնադրել և նախագահում էր «Կամուրջ» գրական-մշակութային ՀԿ:
Իր հրատարակչական գործունեության ընթացքում Անահիտ Բոստանջյանը հրատարակել է 500-ից ավելի գիրք: Հեղինակ է 40-ից ավելի գրքերի (բանաստեղծական, թարգմանական)։ Թարգմանել է շուրջ 90 վրացի գրողների՝ Թամազ Ճիլաձե, Վաժա-Փշավելա, Գրիգոլ Ռոբաքիձե, Ռեվազ Միշվելաձե, Արչիլ Սուլակաուրի, Գրիգոլ Աբաշիձե, Իրակլի Սամսոնաձե, Օթար Ճիլաձե, Բեսո Խվեդելիձե, Գուրամ Օդիշարիա, Դավիթ Շեմոքմեդելի, այլոց։ Հայերենից վրացերեն է թարգմանել Սոնա Վանի, Օքրո Օքրոյանի, Վարդան Հակոբյանի, Ավիկ Դերենցի, Սամվել Մարգարյանի և այլոց երկերը։ Թարգմանել է նաև ռուսերենից։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, ակնարկների, ուսումնասիրությունների, մտահղացումների, գրքերի բազմաթիվ առաջաբանների: Նա թարգմանվել է վրացերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով: Արժանացել է բազմաթիվ ՀՀ և Վրաստանի պարգևների, այդ թվում՝ Վրաստանի Պատվո շքանշան, Վրացական մշակույթի դեսպան, «Կանթեղ» թարգմանական մրցանակ. Մովսես Խորենացու մեդալ, Մխիթարյան միաբանություն «Հակոբ Մեղապարտ» մեդալ և այլն:
Եվ վերջապես կարևորներից կարևորը. 1988 թվականին Մայրս նշանակվել էր ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր: Երբ օրեր առաջ, երբ կարգավորում էինք Մայրիկիս թղթապանակները «Վրաստան» թերթում (աշխատում էր 1994 թվականից մինչև կյանքի վերջ՝ որպես թղթակից և բաժանորդագրության ու տարածման բաժնի վարիչ) հանդիպեցի այդ տարիներին իր հետ անցկացրած հարցազրույցը, ապշեցի.... այդ ծանր օրերին, երբ անճարակությունից փակվում էր ամեն ինչ, երբ ոգու սովին փոխարինել էր հացի սովը, նոր խմբագիրը խոստանում էր տարեգիրքը հենց այնպիսին դարձնել, ինչպիսին որ է հիմա՝ առասպելական ջանքեր պահանջող մի գեր կամուրջ, որ աշխարհասփյուռ հազարավոր ընթերցող-ստեղծագործողի է իրար կապում: Ի հեճուկս ամենաբարդի Կամուրջի հրատարակումը չդադարեց, ամեն ճիգ ու ջանք գործադրելուվ՝ մինչև վերջ երախտապարտ մնաց բոլոր նրանց, ովքեր նյութապես աջակցեցին Կամուրջի երթին: Մայրս Կամուրջի երկու սյունն էր միաժամանակ, ամեն ինչ իր ձեռքով էր արվում, տարեգրքի էջերն էլ հասցրեց չորս հարյուրի, հոգին էր ներդնում, իր ողջ ֆիզիկական ու հոգևոր հնարավորությունըները ու դեռ ավելին....
Մեծ բանաստեղծուհին սիրում էր առանձնանալ,արդյո՞ք ժամանակակիցների կողմից նա ընդունվեց ու ընկալվեց իր տաղանդի չափի մեծությամբ:
-Չէի ասի, որ առանձնանում էր: Նա մենակություն չէր սիրում: Կենսուրախ էություն էր: Մենակ մնալու իր խոսքը լոկ խոսք էր, ցանկություն, կյանքում հանդիպող անարժաններին դիմակայելու իր ձևն ու միջոցը: Ու դա ինչպես միշտ արտահայտում էր բանաստեղծի իր խոսքում «առաջ սարսափում էի, /երբ մենակ էիմնում,/տանջում էիր ինձ այնպես,/մենությու՛ն.../ հիմա էլ տանջում ես ինձ,/ մենությու՛ն,/բայց հիմա արդեն/լոկ ա՛յն/ ժամանակ,/ երբ մարդկանց մեջ եմ../ ուզում եմ այնպես /միշտ մնալ մենակ/ու չզգալ քեզ երբեք.../ուերբեք չտանջվել»:
Ինչ վերաբերում է ժամանակակիցներին, ապա ինչ խոսք գնահատված էր: Եվ գնահատված արժանի մարդկանց կողմից, ովքեր այսօր է'լ ավելի հիշում ու արժևորում են նրան... Ի դեպ, Մայրիկս երեխային հատուկ միամտությամբ սիրում էր արժևորվել, գնահատվել, բարի խոսքի արժանանալ.. ու դա ավելի քան բնական էր, տեսակն ու որակը, վաստակն էին ՀՍԿԱՅԱԿԱՆ, այժմ արդեն զգալիորեն անփոխարինելի: Այդ էր պատճառը, որ Վրաստանի հայ համայնքում իրեն այդքան էլ արժևորված չէր զգում, միգուցև չէր սխալվում...: Նա հաճախ էր կրկնում, որ վրացիների շրջանում իրեն առավել երջանիկ է զգում:
Բնական է քեզ բոլորը չեն կարող սիրել, եթե այդպես է՝ ուրեմն կեղծ ես հարաբերություններիդ մեջ: Կար խավ կամ տեսակ, չգիտեմ ինչպես կոչեմ, ում հետ անհաշտ էլ գնաց: «Երբ ուրիշի արածը տեսնում-գնահատում ես, քո արածն էլ անպայման տես ու անպայման գնահատել տուր, - ասում էր: - Չտեսնելու միտված ու չտեսնել ձևացող մարդիկ մեծամասնություն են կազմում այսօր: Հիշի'ր Քրիստոսին խաչեց մեծամասնությունը»:
Դա սոլյերիների և կամ պարզապես տգետների այն օրըստօրե շատացող ոհմակն էր, ում հաջողվում էր անթաքույց նախանձով խանգարել և փողի կամ պաշտոնական իրենց դիրքերից ճակատագրեր տնօրինել՝անտեսել «կրթել», «բուժել», «թարգմանել»... նմաններին քննադատում էր, սու՜ր էր քննադատում ու միգուցե հենց դրանց կողմից՝ «չարախոսվում»...
Այդուհանդերձ, կա մի պարզ ճշմարտություն. Մայրս Հավերժի ճամփան բռնեց գեղեցիկ կնոջ, կայացած մոր, Աստծուն շնորհակալ տատիկի ու վաստակամեծ գործչի իր գագաթնակետում ու պատմությունը հենց այդպես էլ կարձանագրի նրա լինելիությունը՝ ներկա ու ապագա օրերում..
Անահիտ Բոստանջյանը օտար հողի վրա ստեղծեց հոգևոր ժառանգություն:Դուք այդ ժառանգության կրողն ու շարունակողն եք, որքանո՞վ է պատասխանատու Ձեզ համար:
-Վրաստանն իրեն օտար երբեք չի համարել: Նա հենց նրանով էր հարուստ, որ ուներ իր Հայաստանը (մայրը՝ Գյումրիում է ծնվել), իր Ղարսը (պապը), իր Ղարաբաղը (տատը) և վերջապես իր ծննդավայրը, իր Վրաստանը: Չգիտեմ որին էր տալիս իր գերապատվությունը և կամ, որի առաջ էր առավել պատասխանատու ու հաշվետու, որ կարողանում էր մեկ տարում հինգից ոչ պակաս գիրք հրատարակել, մասնակցել միջոցառումների, փայլել խոսքով, մեկնաբանությամբ, որ իր բանաստեղծական ժողովածուին զուգահեռ, թարգմանում էր հայ կամ վրացի գրողին: Ինչպես չհիշեմ, այն լճացած տարիների հետո-ն, երբ գրեթե դադարել էր հայ ու վրացի գրողների միջև երբեմնի բեղմնավոր կապը և հենց նրա ջանքերով 2004-ին «Սախելեբի» հրատարակչության հետ համատեղ, սեփական ծախսերով լույս ընծայեց «Պոետական խճանկար» անթոլոգիան, ուր տեղ գտան հայերենից վրացերեն 12 հայ արդի հեղինակի ստեղծագործություններ ու, այդպիսով նորեն վեկանգնվեցին կապերը Հայ ու Վրաց գրողների միությունների միջև: Ես այդ օրերին նրա հետ էի և լավ եմ հիշում երջանկահիշատակ Լևոն Անանյանի և Վրաստանի գրողների ներկայիս համանախագահ Մաղվալա Գոնաշվիլու ծանոթությունը, որի դրական պտուղները մենք այսօր արդեն հաճախ ենք վայելում, արդեն այլ հեղինակների շարունակական ու գրական հարուստ հունձքի մեջ: Ընդհանրապես Մայրս իրական կամուրջ էր և մանավանդ հիմա, ավելի քան երբևէ համոզվում եմ, որ երկիր էր ուղարկվել հատուկ առաքելությամբ... Մենք էլ նրա այդ առաքելության մի մասն ենք՝ քույրս, ես, մեր ամուսիններն ու զավակները... ու մենք պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը.... Կան անավարտ գործեր, որոնք պարտադրում են ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ: Պատրաստ ենք նախ որպես Բոստանջյանի շիվեր, հետո նոր որպես դուստրեր: Պարզապես եթե մեր Մայրը միաձուլվածքն էր մի քանի առաքելության, մենք բաժանել ենք դրանք մեր երկուսի միջև, այնպես ինչպես ծառն ու նրանից առնող ճյուղերը... Ահավասիկ, երեք բան կա, որ պարտադիր պիտի արվի. Անահիտ Բոստանջյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածուն, Կամուրջ-2017 հրատարակումը, որ նվիրվի պիտի հենց իր անխոնջ խմբագրին ՝ Անահիտ Բոստանջյանին և ֆեյսբուքյան էջի կազմավորումը, հետո առաջն Աստծված, մյուս անելիքները...
Անահիտ Բոստանջյանը լուրջ մտահոգություններ ուներ հայոց լեզվի և ազգային արժեքների վերաբերյալ։ Ի՞նչ հայապահպան միջոցառումներ էր իրականացնում նա, որոնք մնացին անկատար։ Պատմե՛ք դրանց մասին:
-Հայապահպան էր իր ողջ գործունեությունը: Եվ այդ հայապահպանության դրսևորումը ցայտուն էր ցանկացած հարցում՝ գործնական, անձնական, կենցաղային, առօրյա... Միշտ ասում էր, որ հայրենասիրությունն ու ազգասիրությունը «հայրենասեր», «ազգասեր», «լեզվասեր» բառերը բեմերից ու ամբիոններից հնչեցնելու մեջ չէ, այլ՝ գործելակերպի: Ուստի, ամեն ինչ սկսեց հենց մեր հայեցի դաստիարակությունից: Մեր համայնքում շատ են անվանի «արժևորվածներ», ում երեխաները, ցավոք մայրենիով չեն կրթվում ու հաճախ հեռանում արմատներից:
Դրան զուգահեռ ստեղծել էր «Թարգմանական գրականության գրադարան», «Առաջին գրքի գրադարան» մատենաշարերը, որի շրջանակներում հրատարակելով վերջիններիս գործերը ոգևորում ու քաջալերում էր վիրահայ ստեղծագործ երիտասարդներին, ում հայտնաբերմամբ ո՜նց էր ուրախանում-հպարտանում... նմաններից էր, օրինակ Անրի Գրիգորյանը, ում շատ էր գնահատում: Այդ գնահատանքը գործի վերածեց Անրիի առաջնեկի «Վայրկյանների» լույս ընծայմամբ: Իսկ հետո, երբ 2016-ին Վրաստանի գրողների միությունում վերականգնվեց հայկական մասնաճյուղը, Անրիին անդամագրեց միության կազմ։ Մայրս հիմնադրել էր նաև «Շեմ» երիտասարդական գրական ակումբը, ուր գրական, թարգմանական ու ստեղծագործական դասընթացներ էր անցկացնում։ Աջակցում էր նաև վիրահայ օտարագիր գրողներին՝ թարգմանելով ու հայերեն հրատարակելով նրանց ստեղծագործություններն առանձին գրքերով: 2008-ին, երբ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ Հովհ.Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հռչակվեց Գիրք նվիրելու օր, Մայրս անմիջապես տոնը Թբիլիսի բերեց և Հայ գրողների ու հասարակական գործիչների Պանթեոնում, ուր հանգչում է Մեծն Լոռեցու, այժմ նաև իր՝ Անահիտ Բոստանջյանի աճյունը, ժողովեց բոլորին ու օրն ավանդույթ դարձրեց, յուրաքանչյուր տարի դառնալով գրքի ամենաառատ նվիրատուն...
Եվ վերջապես, նրա ելույթները յուրաքանչյուր միջոցառման զարդն էին... հիմա դա շատերն են գիտակցում: Որովհետև անթերի հայերենին միանում էր գեղեցիկ հայերենը, բոստանջյանական ոճը, պատգամախոսությունը, ինչը միասին վերցրած նույնպես դաս էր, հայապահպանության դաս..․
Անկատար ոչինչ չկա, ամեն ինչ հասցրեց: Պետք է լինի միայն արժանի շարունակություն ու ոչ միայն մեր ընտանիքի, այլև մյուս վիրահայ ընտանիքների կողմից..
Հզոր կին,տաղանդավոր բանաստեղծուհի, նվիրյալ հայուհի, անձնուրաց մայր։ Ո՞վ էր Անահիտ Բոստանջյանը․․․․․
-Դժվարանում եմ պատասխանել.. այս պահին նա մեզ համար անձնուրաց Մայր է: Երանի թե յուրաքանչյուրս, որպես մայր և այն էլ միայնակ, նույն այն Մոր կերպարը կերտենք, ինչ նա: Հենց այդ անձնուրաց Մոր կարոտն է, նրա բացակայության գիտակցումը, որ հաճախ թևաթափ է անում... երբեմն նույնիսկ ցանկանում եմ նախապատվությունը տալ նրա նվիրյալ հայուհի, տաղանդավոր բանաստեղծուհի, թարգմանչուհի, ակնարկագիր և վերջապես հզոր կին կոչումներին... միգուցե այդ համամարդկայինի գիտակցումը փոքր-ինչ կմեղմի Մոր կորուստը..
Հոգու լուսանցքում մենք թաքցնում ենք ամենաթանկը։ Ի՞նչը թաքցրեց բանաստեղծուհին՝կորցրածի ու գտածի միջանցքում մնալով հպարտ ու վեհ։
-Կանացի իր երջանկության ՉԿԱՆ... սուտ է երջանիկ մարդ արտահայտությունը, եթե երջանկությունդ մենակ է եկել: Եթե մենակ է, ուրեմն լիարժեք չէ: Երջանկությունն էլ իր զույգն ունի.... Բոլոր երջանկությունները կարող են փոխարինվել մեկը մյուսով, բացի մեկից՝ Կանացի երջանկություն: Ես չեմ տեսել Մայրիկիս՝ կնոջ, հարսի դերում (երկու տարեկան էի, երբ տատիկս մահացավ), բայց հենց Մայրիկիցս եմ սովորել կին ու հարս լինել... որքա՜ն համեղ էր պատրաստում ու որքան հաճույքով հյուրասիրում ճաշակով գցված իր սեղանից... Ընդամենը երկու տարվա կնոջ փորձ ուներ, թեև երազել էր հինգ երեխա ունենալ, բայց դե... պատմությունն այստեղ ավարտվում էր: Երբեք չէր բողոքում սեփական բախտից, իր կանացի մենակությունից, բայց դե հաճախ էի նկատում երջանիկ ու նույնիսկ ոչ երջանիկ զույգերին նայող նրա թախծոտ հայացքը: Չէր արտասվում նույնիսկ, երբ Հայրիկիս գերեզմանն էինք այցելում, մինչև անցած տարվա օգոստոս, երբ մեր տանն էր, ու հանկարծ փռթկաց, երկար լաց եղավ... Այրի էր, բայց զուտ խոսքով, երբեք ու ոչ մեկին իր այդ կարգավիճակը տեսանելի ու լսելի չէր դարձնում ու անընդհատ վանում դուստրերին խորթ հայր գտնելու շատերի ճակատագիրը:
10․Մակագրե՛ք մեկ տող, Ձեր մայրիկին․․․․
-ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՈՒ .... ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՄԵԾՈՒԹՅԱՆԴ ԱՌԱՋ, ՄԱ՜Մ....
Բազմակետ
1.Ես Բարսենցն եմ,ով ոչ կյանքին է լուրջ վերաբերվում ոչ մահվանը) ով դեռ աստված է փնտրում( ցինիզմով) , ու մատին խաչ նկարում, որ գիշերը աղոթի)։
Ով կարող էր լինել բժիշկ, լրագրող, ջրասույզ ու օդաչու, բայց ոչ մեկն էլ չեղավ ու սենտիմենտալության ավելցուկից չոտանավորներ սկսեց քամել)
2.Երբ կյանքը շրջում է խաղաթղթերը ես....
քմծիծաղում եմ)) ամենամեծ խաղաքարը՝ էսօրն ու վաղվա սպասումը իմ ձեռքում ա)
3.Մարդիկ խոսում են լռությամբ,երբ ուզում են անկեղծ լինել։ Երբ գիտակցում են լռության հզորությու ը և հասկանում, որ բառերը իրարից հեռացնելու ու ստելու համար են։
4.Չկա դրախտ,որովհետև սիրո, բարության, հոգատարության ու հավատարմության պակասը թույլ չի տալիս հունցել այնպիսի շաղախ, որով մեր ներսում դրախտ կառուցենք։ (Ուրիշ դրախտ ես չգիտեմ)։
5.Իմ օրագրի վերջին տողը կավարտվեր այս նախադասությամբ.
-Եվ հիվանդացա կյանքով...եվ ապրեցի՝ անհավատ, եվ հավատացի բախտին, եվ աղոթեցի կասկածելով, եվ հանգեցի ինքս ինձ՝ ուրիշ մեկի հայացքի մեջ, "եվ արժեր, արժեր, որ աշխարհ գայի"))... (հետո կկարդամ, կծիծաղեմ,ու օրերի հետ կփոխեմ վերջին տողը...
6.Ես սիրում եմ պոեզիան,որովհետև չեն սիրում ինձ....
7.Ես ոտնահետքերս թաքցնում եմ այնտեղ, ուր չունեմ վերադարձ...
8.Աստծուն փնտրում եմ,երբ միշտ հատկապես երբ թույլ եմ ու շփոթված, խեղճացած կամ անճար, որ գոնե մեկին խոստովանեմ այդ մասին։ Փնտրում եմ, որպես մտերիմ ու հենման կետ։ Փնտրում եմ, ասեմ ճշմարտություններ ու գաղտնիքներ, որ ինքս ինձ դեռ վախենում եմ խաստովանել... դեռ լուռ եմ))
Մտահաղացումը` ՀասՉախալյանի
Բազմակետ
Իմ հյուրը տաղանդավոր գրող է,ում գրերը ունեն խորքային տողատակեր և գործողությունների գեղեցիկ անցում:Ասել է,թե սյուժետային զարգացումները նրա գործերում կինոարվեստի և թատրոնի հետ զուգահեռ են:
1. Ես Արմինե Բոյաջյանն եմ,ով տիեզերքն իր մեջ կրող, տիեզերքից ծնված սերմ է:
2. Ես սիրում եմ ինձ, որովհետև…
միայն ինձ սիրելով է հնարավոր սիրել մարդուն:
3. Երբ Աստված լռի իմ մեջ…
նա չի´ լռի:
4. Կինը հագնում է ազատության ձեռնոցներ, սակայն…
չի գիտակցում, որ ինքն է ձեռնոցը, որ ազատ լինելու համար իրեն պիտի հագնեն:
5. Եթե հնարավոր լիներ նստել մանկության ծնկներին, ես կգրկեի…
հորս, եղբորս, իմ ննջարանը:
6. Ես կթաքնվեմ այն բառի հետևում, որը…թարգմանաբար կնշանակի Աստված:
7. Մի օր հասկացա, որ երբեք…
մորս ծերանոց չեմ տանի:
8. Ամենակարճ պատմվածքն իմ մասին ես կգրեմ մեկ նախադասությամբ.
…Մի օր ես կդադարեմ մարմին ունենալ և կդառնամ սեր:
Նախագծի մտահաղացումը`Հաս Չախալյանի