Նազելի Գրիգորյան-Ետնաբեմ
<<Ետնաբեմ>>-ի հյուրն է տաղանդավոր երգչուհի,երգահան,բանասեր,աշուղ Նազելի Գրիգորյանը,ով երկար տարիներ շարունակ իր ձայնով գեղեցկացնում է հայ բեմը։
Ո՞վ է Նազելի Գրիգորյանը ետնաբեմում:
-Բեմի մարդը շատ անելիքներ ունի ետնաբեմում։ Չես կարող ետնաբեմում անազնիվ լինել ու հանկարծ բեմում երևալ ազնիվ։ Ետնաբեմում արդեն պետք է անկեղծ լինել, բարեկիրթ, ճաշակով, ճշմարիտ, որ բեմը արտացոլի այդ ամենը։ Բեմը շատ «խելացի» է, նա գիտի՝ ինչ է կատավում ետնաբեմում։ Իսկ Նազելի Գրիգորյանը ետնաբեմում այն է, ինչպես երևում է բեմում։
Ինչպիսի՞ն է Ձեր մանկության երկինքը:
-Իմ մանկության երկինքը միշտ ինձ հետ է, ես միշտ ճախրում եմ այնտեղ։ Ես հաճախ փակում եմ հոգնած աչքերս ու խաղաղություն գտնում իմ մանուկ օրերի մանուշակաբույր երկինքներում։ Այնտեղ, որտեղ անցել է իմ մանկությունը, ինձ միշտ ներշնչում է։ Իմ երգերը իմ ծննդավայրի ցողոտ-շաղոտ արտ ու անտառի մասին են։ Իսկ երկնքում մնացել են իմ մանկության ձայներն ու հուշերը, անգամ բույրերը, որ զգում եմ միշտ շոշափելիորեն։ Աշխարհի ամենամտերիմ երկինքը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղում․․․ Ամեն օր նայում եմ Երևանի երկնքին, և կարոտից աչքերիս ընդերքում ծաղկում են իմ գյուղի երկնքի արևագալն ու արևագնան՝ բնության հարազատ շշուկներով առլեցուն։ Բառերով չես ասի․․․Լացում եմ․․․Առհասարակ, ես լացկան եմ․․․
Ի՞նչ է լռությունը արվեստագետի համար:
- Արվեստագետի լռությունը պետք է արդարացված լինի․
1․ Նա պատրաստվում է նոր ասելիքի։2․ Նա խռոված է ինքն իրենից, սպառված է։
Լռությունը օդի պես է անհրաժեշտ արվեստագետին, որ ինքն իր հետ լինի ամբողջովին։
Ինչպիսի ՞ ծրագրեր են անհրաժեշտ մշակել աշուղական արվեստի տարածման համար:
-Ոչ միայն աշուղական արվեստը, ցանկացած ազգային արժեք պետք է արժևորվի, վերահսկվի և տարածվի պետական մակարդակով։ Մենք աշխարհին ներկայանում ենք մեր մշակույթով, բայց մշակույթի անունից ներկայանում են մարդիկ, ովքեր չպետք է ներկայանան։ Սա լուրջ բացթողում է։
Ե՞րբ է արվեստը համամարդկային արժեք:
- Եթե արվեստ է, ուրեմն համամարդկային արժեք է։ Միայն թե ամեն ինչ չէ, որ արվեստ է։
Ինչպե՞ս եք սկսել առաջին քայլերը երգի աշխարհում,պատմե՛ք անցած ուղու և ունեցած ձեռքբերումների մասին:
-Ես ինչքան ինձ հիշում եմ՝ երգում եմ։ Բայց դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը։ Սակայն համալսարանի առաջին իսկ օրերից ընդունվեցի ֆակուլտետում գործող «Տոհմիկ» երգչախումբ, որի ղեկավարը Խորեն Պալյանն էր՝ Լուսինե Զաքարյանի ամուսինը։ Նրանց հետ ես արեցի իմ առաջին պրոֆեսիոնալ քայլերը։Համալսարանն ավարտելուց հետո չկարողացա ուսումս շարունակել կոնսերվատորիայում, որովհետև իմ սերունդը այն ոչ երջանիկ սերունդն էր, որը բուհն ավարտելուց հետո հանդիպեց արցախյան պատերազմին, երկրաշարժին, մութ և ցուրտ տարիներին։ Երգչուհու իմ երազանքը հետաձգվեց։ Բայց ես էլի երգում էի եկեղեցու երգչախմբում՝ համատեղելով մանկավարժական աշխատանքիս հետ։ 1999թ․-ից ընդունվեցի <<Սայաթ- Նովա>> աշուղական անսամբլ և այդ մթնոլորտում ծնվեցին նաև իմ հեղինակային երգերը։ «Իմ սուրբ մատուռ» երգը արժանացավ <<Սայաթ- Նովա>> համահայկական երգի մրցույթի մրցանակի և դարձավ իմ այցեքարտը երգի աշխարհում՝ արդեն որպես աշուղ Նազելի։ Մեկը մյուս հետևից ստեղծվեցին, թև առան, տարածվեցին իմ հեղինակային երգերը։ 2013թ․-ին ձեռնադրվել եմ և ստացել վարպետ-աշուղի կոչում։ Արդեն 35 տարի և ավելի երգում և ստեղծագործում եմ, բազմաթիվ մենահամերգներով հանդես եմ եկել հայրենիքում և Սփյուռքում։
Դուք հեղինակել եք մի շարք երգեր,որոնք կատարում են այլ արտիստներ:
Արդյո՞ք դժվար է վստահել սեփական ստեղծագործությունները ուրիշներին,երբ դրանցում Ձեր հոգու ձեռագիրն է:
-Ես իմ երգերի առաջին կատարողն եմ, բայց այդ երգերը չեմ գրել, որ միայն ես երգեմ։ Շատ երջանիկ եմ, որ իմ երգերը լսում եմ տարբեր երգիչների կատարմամբ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ տարբեր երաժշտական ծրագրերում, ոչ միայն Հայաստանում, այլև շատ երկրներում։ Ամեն երգիչ երգը մեկնաբանում է յուրովի, ըստ կարելվույն․ խանդով չեմ նայում։
Ո՞ր բառով կբնորոշեիք ինքներդ Ձեզ,եթե հանդիպեին անցյալն ու ներկան:
- Երազող....
Շրջագայությունները հնարավորություն են տալիս հաղորդակցվելու այլ մշակույթների և ազգերի հետ:
Ինչպիսի՞ տպավորություններով վերադարձաք Լոնդոնից:
-Այո՛, իսկապես, շրջագայությունները շատ կարևոր են արվեստագետի համար։ Ամեն երկիր իր դեմքն ու մշակույթը ունի։
Լոնդոնում մենք ելույթ ունեցանք հայ համայնքի համար, արժանացանք ջերմ ընդունելության։ Ծանոթացանք քաղաքի տեսարժան վայրերին, հիացանք Լոնդոնի արիստոկրատիկ դիմագծով։ Բայց ամեն անգամ մի նոր երկրից վերադառնալիս՝ ես համեմատում եմ այն մեր երկրի հետ և կրկին հպարտանում մեր հզոր, հնամենի հայ մշակույթով։
Եթե նամակ գրեք Աստծուն,ինչպե՞ս կսկսեիք այն:
--Տե՛ր, օրհնի՛ր տառապյալ հայ ժողովրդին և մի՛ տանիր նոր փորձությունների։
Հարցազրույցը վարեց՝Հաս Չախալյանը