Ֆրիդա Կալո
Արվեստ, գեղեցկություն, կիրք և ցավ - այս բոլորն առկա են 20-րդ դարի մեքսիկացի հայտնի նկարիչ Ֆրիդա Կալոյի (Magdalena Carmen Frida Kalho y Calderon, 1907-1954) ստեղծագործություններում: Ըստ ֆրանսիացի գրող, պոետ, սյուրռեալիզմի գաղափարախոսության հիմնադիր Անրի Բրետոնի`“Ֆրիդա Կալոյի արվեստը ռումբը երիզող ժապավեն է”: Այն գունագեղ, մեքսիկական հին քաղաքակրթությունների ավանդույթներին հավատարիմ, միևնույն ժամանակ եվրոպական ազատամտությամբ` կնոջ ցավով և տառապանքով լի կյանքի արտացոլումն է կտավներում: Կալոն իր հեղափոխական ոգու վերելքներն ու վայրէջքները, իր զգացմունքների ողջ ներկապնակն արտացոլել է իր կտավներում: Նրանք և շատ անձնական են և միևնույն ժամանակ` շատ համամարդկային: Ֆրիդա Կալոյի 143 կտավներից 55-ը ինքնանկար են: “Ես նկարում եմ ինձ, որովհետև ես հաճախ մենակ եմ և ինձ ամենից լավ ես գիտեմ”,- ասում էր Կալոն:
Ֆրիդա Կալոյի նկարները հաճախ անվանում են սյուրռեալիստական, որովհետև նրանք պարունակում են բազմաթիվ սիմվոլներ: Գեղեցիկ, չթարթող աչքերով Կալոյի դեմքը տառապանք և կամք է խորհրդանշում, իսկ մեքսիկական դասական ոճով սանրվածքը ընդգծում է նրա մեքսիկական ինքնությունը, մետիսական ծագման հպարտությունը: Վառ ծաղիկներն ընդգծում են նրա հետաքրքրությունը մեքսիկական ազգային մշակույթի նկատմամբ, թիթեռները վերածննդի քրիստոնեական սիմվոլներ են, որոնք խորհրդանշում են հավատ և հարություն: Սև կատուն, ավանդաբար, դժբախտության խորհրդանիշն է, փշերով ապարանջանը` ցավի և տառապանքի, իսկ կոլիբրին սիրո և հաջողության խորհրդանիշն է Մեքսիկայում: Սակայն, նկարում կոլիբրին սատկած է, իսկ փշերի ծակոցներից արյուն է գալիս. միգուցե հիշեցում է Քրիստոսի տառապանքների և Կալոյի սեփական ցավի մասին: Կապիկը միշտ եղել է սատանայի և հեշտասիրության սիմվոլ, բայց Կալոյի կտավներում նրա սիրելի կապիկը հաճախ հանդիպում է որպես սիրո և երեխայի խորհրդանիշ: Ֆրիդան առողջական խնդիրների պատճառով չէր կարող երեխա ունենալ: Ֆրիդա Կալոն չէր ընդունում, որ ինքը սյուրռեալիստ է: Նա գտնում էր, որ ինքը պատկերում է իր սեփական ճշմարտությունը, ոչ թե երազները: Նույնիսկ կատակում էր`”Ես երբեք չեմ իմացել, որ ես սյուրռեալիստ եմ, մինչև Անրի Բրետոն չեկավ Մեքսիկա և չասեց, որ ես սյուրռեալիստ եմ”:
Մանկական հասակում Ֆրիդան հիվանդանում է պոլիոմիելիտով: Երկարատև բուժումից հետո լիարժեք վերականգնվում է, սակայն մեկ ոտքը մնում է մյուսից բարակ մկանային ատրոֆիայի հետևանքով: Այդ էր պատճառը, որ ամբողջ կյանքի ընթացքում Ֆրիդա Կալոն երկար շրջազգեստներ էր կրում: Բժշկական համալսարանի ուսանող էր, երբ տեղի ունեցավ ճակատագրական ավտովթարը: Ավտոբուսը, որով Ֆրիդան վերադառնում էր համալսարանից, բախվեց մեկ այլ մեքենայի: Մի քանի մարդ զոհվեց: Երիտասարդ աղջիկը հազիվ փրկվեց համարյա մահացու վնասվածքներից` բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ, կողերի, ոտքերի ու ձեռքերի վնասվածքներ: Երկաթյա ձողը մխրճվել էր կոնքը` կոտրելով կոնքի ոսկրերը, պատառոտելով կոնքի օրգանները: Հետագայում պարզվեց, որ ողնաշարը ևս վնասվել էր. 3 ող էին տեղաշարժվել: Հիվանդանոցում ամիսներ անցկացնելուց հետո նա բավականին երկարատև վերականգնողական բուժում էր ստանում տանը: Ավտովթարը վերջ դրեց բժիշկ դառնալու երազանքին: Այդ պատահարի հետևանքով Ֆրիդան ամբողջ կյանքի ընթացքում տառապում էր ցավից ու հիվանդություններից: Անկողնուն գամված՝ Ֆրիդա Կալոն սկսեց նկարել: Սկզբից ձևավորում էր բժշկական ամսագրեր ու այլ պարբերականներ, համակցելով իր հետաքրքրությունն արվեստի և գիտության նկատմամբ: Անատոմիայի իմացությունը հետագայում էլ արտացոլվում է նրա կտավներում: Պառկած վիճակում նկարելու համար հատուկ հարմարանքներ էին պատրաստվել` հայելին ամրացված էր գլխավերևում, որպեսզի Ֆրիդան տեսնի իրեն: Նկարչությունն ուղի էր Կալոի համար հասկանալու իր ինքնությոնն ու գոյությունը: “Ավտովթարը և նրան հաջորդած վերականգման շրջանի մեկուսացումը ցանկություն առաջացրին նորից վերանայել առարկաներն ու երևույթները և նկարել նրանք այնպես, ինչպես ես տեսնում եմ իմ սեփական աչքերով և ոչ ավելին”,- ասել է Կալոն:
“Արվեստի պատմության մեջ Ֆրիդան նկարչի եզակի օրինակ է, որը բացեց իր կուրծքն ու սիրտը ցուցադրելու իր զգացմունքների կենսաբանական ճշմարտությունը: Միակ կինը, որն իր աշխատանքներում արտահայտեց զգացողությունների, գործողությունների և կնոջ ստեղծագործ ուժի արվեստը“,- Դիեգո Ռիվերա: Արվեստագետները մինչ այժմ վիճում են, թե ինչ ոճի մեջ դասակարգել մեքսիկացի նկարչուհու ստեղծագործությունները: Ամեն դեպքում, Ֆրիդա Կալոյի կյանքն ու արվեստը դարձան 20-րդ դարի ամենահետաքրքիր պատմություններից մեկը:
Պատրաստեց`Հաս Չախալյանը: