Արշիլ Գորկի
Արշիլ Գորկին XX դարի աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկն էր եւ սյուրռեալիզմի խոշոր ներկայացուցիչ։ Նրան համարում են XX դարի ամերիկյան մեծագույն գեղանկարիչներից մեկը։
Ոստանիկ Մանուկ Ադոյանը ծնվել է 1904 թվականին, Օսմանյան կայսրությունում (Վանի նահանգի Խորգոմ գյուղում)։ Մանուկ հասակում դարձել է Հայոց ցեղասպանության բոլոր սարսափների, այդ թվում՝ մոր սովամահության ականատեսը։ Որբանալով՝ արտագաղթել է Միացյալ Նահանգներ եւ նոր կյանքի սպասումով՝ փոխել իր անունը։ Մանուկ տարիների սարսափները, սակայն, երբեք չեն լքել նրան եւ խորապես ազդել են նկարչի արվեստի վրա։
Կերպարվեստի դպրոց ընդունվելուց հետո Գորկին սկսել է ներկայացնել իր տաղանդը տարբեր ցուցահանդեսներում։ Թեեւ ոճի առումով նա սկզբում մեծապես ազդված է եղել Պաբլո Պիկասոյից եւ Պոլ Սեզանից, ժամանակի ընթացքում աստիճանաբար ձեւավորել է սեփական տարբերվող ոճ, որը նրա համար կայուն տեղ է ապահովել իր ժամանակի խոշորագույն նկարիչների շարքում։ Գորկին ապրել է Նյու Յորքում։ Այնտեղ էր հավաքվել ամերիկյան ու միջազգային արվեստագետների բույլը, ինչի շնորհիվ նա ընկերություն է հաստատել հոլանդացի նկարիչ Ուիլեմ դը Քոնինգի հետ եւ ժամանակ առ ժամանակ կատաղի հակասությունների ու մրցակցության մեջ մտել Ջեքսոն Փոլլոքի հետ։
Անձնական մի շարք ծանր ողբերգություններից, այդ թվում՝ արվեստանոցի հրդեհից եւ իր բազում կտավների կործանումից ընկնելով խոր ընճախտի մեջ՝ Գորկին ինքնասպանություն է գործել։ Նրա աշխատանքները մինչ օրս շարունակում են ցուցադրվել աշխարհի խոշորագույն թանգարաններում։
Արվեստի պատմության վերջին շրջանի դասագրքերի ուսումնասիրությունը հանգեցնում է այն մտքին, որ Արշիլ Գորկին գտնվում է “մեջտեղային” կարգավիճակում: Այսինքն` պատմական տեսանկյունից Գորկին փակում է եվրոպական մոդեռնիզմը և բացում ամերիկյան ավանգարդը: Նրա գործերից կա կոնկրետ մի աշխատանք, որին կարելի է վերագրել այդ կարևոր ու անցումային դերը: Այդ աշխատանքը “Գայթակղիչի օրագիրն” է:
Կտավի վերնագիրը վերցված է Սյորեն Կյերկեգորի հայտնի “Կամ/կամ” աշխատության գլուխներից մեկի անվանումից: Այս վերնագիրը Գորկուն առաջարկեց իր ընկեր սյուրռեալիստ Մաքս Էռնստը: Բուն թեմայից շեղվելով, նշեմ, որ Գորկու վերջին աբստրակցիաները բոլորն էլ հիմնված են սյուրռեալիստների կողմից ստեղծված վերնագրերի վրա, մասնավորապես իր հայտնի աշխատանքը “Հոգեվարքը”, “Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ աչքերի առջև” , “Նշանդրեքը”: Բոլորի անվանումները ստեղծված են հայտնի սյուրռեալիստ Անդրե Բրետոնի կողմից: Գորկին նվազագույն մասնակցություն է ունեցել իր նկարներին վերնագրեր տալու հարցում:
Մշակութային անկյուն