Այսօր կբացահայտենք տաղանդավոր նկարչուհի ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,ով ունի մեծ ասելիք իր նկարչական աշխատանքներում:
Նրա կտավները յուրօրինակ են,ուր հույզը միաձույլ է գույնին հոգու ազատությամբ:
Անուշը ունի նուրբ աշխարհ,աննկարագրելի գեղեցիկ գույների խաղ`զուգորդված ազգային մտածողության էլեմենտներով:
Նկարչուհին իր գործերով հասցեագրում է մարդկանց այն,ինչը երբեմն լռելով է խոսում:
1.Ո՞վ է Անուշ Սարգսյանը հայելու հակառակ կողմում:
-Ընդունում եմ ինձ այնպիսին, ինչպիսին,որ կամ (ով ժամանակավոր կյանքում ապրել է ուզում հավերժական արժեքներով և որակներով),բայց չեմ ուզում ընդունել ինձ այսօր նույնը,ինչպես երեկ էի և վաղը նույնը, ինչպես այսօր: Իմ կարծիքով ոչ մի արվեստագետ չպետք է լինի նույնը երեկ,այսօր և վաղը և անցնի իր զարգացման բոլոր փուլերով:
2.Քանի՞ տողից է բաղկացած Ձեր կյանքը:
-Ապրել և նկարել թե այս, թե հաջորդ կյանքում: Քանի որ չեմ կարող նկարել առանց ապրելու և վերապրելու:
3.Ժամանակակից նկարչական արվեստի ո՞ր ուղղությունն է դիմագրավում մարտահրավերներին`
մնալով գերակշիռ դերում:
-Կարծում եմ աբստռակտ ուղղությունը, կամ ռեալիզմը համադրված աբստռակտ ոճի հետ, որի մեջ ներկայումս ավելի շատ նկարիչներ են ներգրավված: Նախընտրում եմ, որ այդ ուղղության մեջ աշխատելիս թեման ունենա ասելիք և բովանդակություն, որն առնչվում է թե շրջապատող աշխարհի իրադարձությունների, թե ներաշխարհի հետ, չնայած աշխատում եմ ստեղծագործել նկարչության բոլոր ժանրերի մեջ՝ դիմանկար,բնանկար,նատյուրմորտ...
4.Գույների և հույզերի խտացումից են ծնվում Ձեր գործերը,թե՞...
-Մտքերի գույների, հույզերի և տպավորությունների խտացումից. նկարում եմ ոչ միայն այն, ինչ տեսնում եմ, զգում եմ ,այլ նաև այն, ինչ ուզում եմ տեսնել...
5.Ո՞ր նկարչի գործերն են Ձեզ հոգեհարազատ...
-Երևի Ռեմբրանդ
6.Ե՞րբ բացահայտեցիք գույների աշխարհը Ձեր մեջ...
-Երբ սկսեցի աշխատել յուղաներկով և հասկանալ ներկի և գույնի լեզուն:
7.Մի փոքր մանրամասնե՛ք `մեկնաբանելով Ձեր կտավների բուն առաքելությունը առ մարդկանց:
-Նկարչությունը սահմանափակ տարածության վրա սահմանափակ գույներից ստացված անսահմանափակ երանգներից համադրված ամբողջությունն է, այն նկարչի ինքնարտահայտումն է:Կտավը իմ հոգու հայելին է, դա իմ ասելիքն է նկարչության լեզվով,այստեղ է նաև իմ ինքնաճանաչողությունը:
8.Երբ թաքնվում եք մենության վարագույրի տակ,ի՞նչ կամ ու՞մ եք փնտրում:
-Իմ մենության մեջ ես մենակ չեմ, քանի որ կարդում եմ Աստծո նամակները (Աստվածաշունչը) հավերժական արժեքների մասին, որն ուղղված է յուրաքանչյուրիս Աստվածճանաչողության և ինքնաճանաչողության համար...
9.Լռել թե՞ խոսել` նկարելով...
-Նկարչությունը խոսուն լռություն է...
10.Պատմե՛ք Ձեր անհատական ցուցահանդեսի մասին:
-Վերջին անգամ իմ անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2017թ.-ի սեպտեմբերի 29-ին Վանաձոր քաղաքի ՛՛Թեյնիկ՛՛ անտիսրճարանում, որտեղ ցուցադրվել են շուրջ 30 գործեր:
Հարցազրույցը`Հաս Չախալյանի